Արմինե Հովհաննիսյան. «Ես գաղտնիքը գտելեմ. երբ նա զայրացած է լինում, ես ուղղակի համբուրում եմ նրան»
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ` «Օրրան» բարեգործական կազմակերպության ղեկավար Արմինե Հովհաննիսյանի հետ պայմանավորվել էինք հարցազրույցի համար: «Օրրանի» աշխատակիցներից երկուսի ուղեկցությամբ գնացինք Հովհաննիսյանների տուն: Տան բակում շունը սկսեց հաչալ: Ճանապարհին գնած դեղին ձնծաղիկների փունջը պարզեցի տիկին Արմինեին, ով մեզ ուղեկցեց դեպի խոհանոց: Սպանախով և պանրով բլիթները համտեսելիս` բոլորս, կարծես, ինչ-որ հարցի պատասխանի սպասում ունեինք: Սառնարանի վրա նկատելով բացիկները` հետաքրքրվեցի, թե ի՞նչ են դրանք:
– Երբ ամուսնացա Րաֆֆի հետ, չէի պատկերացնում` ի՞նչ է նշանակում` ապրել պատմաբանի ընտանիքում: Իմ ընտանիքում կարևորություն չէի տալիս թղթեր պահելուն, և սիրում էի ամեն ինչ թափել, բայց Րաֆֆի հետ ամուսնանալուց հետո հասկացա, որ իրենց ընտանիքում դիտարկվում է պատմության հարթակի վրա: Այդ առումով կարևոր են իրադարձությունները, որոնց մասին հիշեցնող թերթիկները փակցնում եմ սառնարանին (սառնարանից վերցնում է Ռիչարդ Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված տոնակատարության հրավերը, կարդում է այն, ապա հերթով կարդում է մյուս բացիկների բովանդակությունը, որոնցից մեկը Ռիչարդ Հովհաննիսյանի մայրիկի հուղարկավորության մասին հիշեցնող բացիկն էր.- Մ.Մ.): Նրանք միշտ մեզ հետ են:
– Հիշո՞ւմ եք առաջին ծաղիկները, որ նվիրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Ձեր առաջին ծանոթությունը:
– Առաջին անգամ իրար տեսել ենք Սան Ֆրանցիսկոյում` հայ երիտասարդների մեծ համաժողովին: Ես Լոս Անջելեսից գնացել էի մասնակցելու այդ միջոցառմանը: Այդտեղ տեսա գեղեցկադեմ հայ մի երիտասարդի, և բոլորը պտտվում էին նրա շուրջը: Ես չգիտեի` ո՞վ է այդ երիտասարդը: Հետո ասացին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նրա անունը լսել էի, քանի որ, անշուշտ, բոլորիս հայտնի էր Ռիչարդ Հովհաննիսյանի անունը, և լսել էի, որ նա Րաֆֆի Հովհաննիսյան անունով տղա ունի: Սակայն այդ ժամանակ մենք ընդամենը բարևեցինք իրար, չնայած այդ համաժողովին և՛ ինքն էր ակտիվ, և՛ ես: Այնուհետև 3 տարի անց ես գնացի Վաշինգտոն սովորելու: Մի օր հեռաձայն է գալիս ինձ, և Լոս Անջելեսի մտերիմ ընկերներիցս մեկն ասում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին տվել է իմ հեռաձայնի թիվը, և ասել, որ ընկերուհիս մենակ է այդտեղ, բայց սխալ համար է տվել: Ինձ խնդրեց, որ ես հեռաձայնեմ: Ես պատասխանեցի, որ ես շատ ընկերներ ունեմ Լոս Անջելեսում և նոր ընկերոջ կարիք չունեմ, թեև հասկանում էի, որ այդ ընկերս մտահոգ էր, քանի որ ես մենակ էի Վաշինգտոնում: Ինչևէ, ես հեռաձայնեցի, և ասացի` իմ անունն Արմենուհի Խաչիկյանն է, և դեռ չէի ասել, որ իմ ընկերն է իր հեռաձայնի թիվը տվել, նա պատասխանեց. «Օ, երեկ դու շատ գեղեցիկ գուլպաներ էիր հագել»: Ես զարմացել էի, բայց հետո հիշեցի, որ մեկ օր առաջ հայկական եկեղեցու պիկնիկն էր Վաշինգտոնում, և այն ժամանակ նորաձև էր` հագել էի կարճ գուլպաներ: Նա նկատել էր դա: Մեր խոսակցությունը միանգամից ջերմ սկսվեց, ապա ինձ հրավիրեց հարևան նահանգ, որտեղ դասախոսություն պետք է կարդար Արևմտյան Հայաստանի մասին: Ընդունեցի հրավերը, և հայ ընկերուհուս հետ գնացինք: Ուղևորությունը շատ ուրախ անցավ, իսկ եկեղեցում ես տեսա նրա` լուրջ մտավորական կողմը: Նա շատ էմոցիոնալ ներկայացրեց դասախոսությունը, և ես նայում էի, թե ինչպես է ամերիկացի տղա, անգլերեն ակցենտով հայերեն խոսում, բայց խոսում է մեծ հայրենասիրությամբ: Այդ օրը ես մեծարեցի նրան, և դա ո՛չ հրապուրանք էր, ո՛չ սեր: Հիմա լավ չեմ հիշում, թե ե՞րբ արտահայտվեց զգացմունքը: Գիտեմ, որ ինքը շատ համարձակ էր և կարծես լավ գիտեր, թե ինչպես գրավեր իմ ուշադրությունը: Շատ բնական, ազնիվ, գեղեցիկ հարաբերություն սկսվեց մեր միջև, որի հիմնաքարն ազգային արժեքներն էին, որոնք մենք կիսում էինք:
– Բայց Դուք և Ձեր ամուսինը մասնագիտությամբ իրավաբաններ եք: Կայի՞ն ընդհանուր եզրեր, քննարկումներ:
– Իրավաբանության մասին երբեք չեն եղել քննարկումներ, բայց իրավաբանական դպրոցը սովորեցնում է վերլուծելով մտածել: Որքան էլ զգացմունքային մարդ լինես, միշտ փաստեր ես փնտրում: Այդ առումով երկուսս էլ կարողանում ենք սառնասիրտ գնահատել: Դուք գիտեք, թե Հայաստանում, մանավանդ` քաղաքական ոլորտում ինչպիսին է իրավիճակը, այնքան անհիմն լուրեր ես ստանում, որ պետք է կարողանաս առանձնացնել` ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ:
Ես ծնվել եմ Հայաստանում: Ամերիկա մեկնեցի, երբ 11 տարեկան էի, և մայրս անունս դրեց Արմենուհի` ասելով, որ մենք պետք է մեկնենք օտար երկրներ, և ինքն ուզում է, որ իր աղջիկը, որտեղ էլ լինի, իմանա, որ ինքը հայուհի է: Ես հավատում եմ իմ ճակատագրին: Ամերիկայում հիմնեցի առաջին հայկական ակումբը, երբ դեռ պատանեկան դպրոցում էի սովորում, հիմնեցի հայկական պարի խումբ: Որտեղ էլ գնացել եմ, կարևորել եմ օտարներին հայկական մշակույթը ներկայացնելու հանգամանքը: Նույնը կյանքով ապրել է Րաֆֆին: Մի հետաքրքիր պատմություն ունի. երբ նա գնաց Յու Սի Բըրքլի, որտեղ հայկական ակումբ էր ստեղծում, առաջին ժողովին տեսել էր մի երիտասարդի` սանդալներով, ով թուղթ էր բաժանում: Իսկ գիտե՞ք` իգնչ բովանդակությամբ էր թուղթը` ինչպե՞ս պատրաստել ռումբ: Եվ գիտե՞ք` ո՞վ էր այդ երիտասարդը` Մոնթե Մելքոնյանը:
– Դուք արտաքուստ շատ կենսուրախ եք, երջանիկ, բայց բոլոր մարդիկ էլ, ի վերջո, ներքին դրամատիզմ ունեն, կորուստներ: Ո՞րն եք համարում ամենամեծ կորուստը Ձեր կյանքում:
– Իմ ամենամեծ կորուստը եղել է 12 տարեկանում: Մենք գաղթական ընտանիք էինք ԱՄՆ-ում: Մենք հայտնվել էինք ամբողջովին օտարության մեջ: Այնքան մեծ կարոտ ունեինք հայության հանդեպ: Հայրս չդիմացավ այդ դժվարությանը. դա ֆինանսական դժվարություն չէր: Հողից պոկված ծաղկի էինք նմանվում, որ դրել էին ջրի մեջ: Մենք էլ, կարծես, պոկվել էինք մեր հայրենիքից, որտեղ ոչ մեկը մեզ սատար չէր կանգնում, հույս չէր տալիս: Այն ժամանակ հայերը քիչ էին Նյու Յորքում, ծանոթներ չունեինք: Փոքր աղջիկ էի, բայց այնքան լավ եմ հիշում այդ տարին, թե որքան արցունք թափեցի իմ հարազատներից բաժանվելու համար` տատիկիս, պապիկիս, մորաքույրներիս, նույնիսկ իմ սևուկ շնիկին: Շատ դժվար տարիներ էին: Հայրս սրտի կաթված ունեցավ: Պատկերացրեք` մայրս` Թագուհին, որ երեք աղջիկ զավակ ունի, մնաց օտար երկրում, ամուսին կորցրեց, որևէ հարազատ չուներ: Պատկերացրեք մեր վիճակը: Եվ քանի որ հորեղբայրներս Լոս Անջելեսում էին, մենք մեկնեցինք այնտեղ: Բայց, ինչպես ասում են` ամեն չարիքի մեջ բարիք կա: Ես ստիպված էի շատ լավ անգլերեն սովորել, և, ինքնաբերաբար, առաջնորդ դարձա հայ երեխաների շրջանում: Երբ դպրոցում հարց էր լինում, ինձ էին դիմում թարգմանության համար: Ինձ համար շատ-շատ կարևոր էր փաստել իմ հայությունը, ցուցադրել իմ մշակույթն օտար ազգին: Կարոտել էի հայ մարդուն, հայ շրջապատը, ինչը միգուցե Նյու Յորքում բնակվելու տարիների հետևանքով էր: Եվ Լոս Անջելես հասնելը նման էր անապատում ջուր գտնելուն: Նույն զգացողությունն էր:
– Հայաստան վերադարձաք 1990-ական թթ.:
– Հայաստան առաջին անգամ եկանք 1989թ. երկրաշարժից հետո, երբ դեռ սովետական տարիներն էին: Ամերիկայի հայկական համագումարն այստեղ գրասենյակ էր բացում, և Րաֆֆին եկավ տնօրինելու այդ գրասենյակը: Այդ ժամանակ դեռ չէր ծնվել Վանը, և Հայաստան եկանք Կարինի և Տարոնի հետ: Կարինը մանկապարտեզ էր գնում այն ժամանակ Ազիզբեկովի հրապարակում գտնվող մանկապարտեզում: Այնքան հետաքրքիր տարիներ էին: Այն ժամանակ մասնակցում էինք ցույցերի: Ես երկար մազեր ունեի, և հյուսում էի: Երբ խոսում էի, իմ հայերենը տարօրինակ էր թվում, և հարցնում էին ինձ` «Ղարաբաղի՞ց ես»:
– 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ ՀՀառաջին արտգործնախարարը: Ձեր տանը քննարկումներ եղա՞ն այդ պաշտոնն ընդունելու մասին:
– Այն ժամանակ ինքն արդեն Հայաստանում էր, և այդ լուրն ինձ հայտնեց հեռախոսով, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն առաջարկում է այդպիսի պաշտոն: Այդ ժամանակ ես գնացել էի ԱՄՆ: Հեռաձայնով լուրը լսելով` միայն հպարտություն կարող ես զգալ: Մեր ամբողջ ընտանիքը հպարտ էր, որ Րաֆֆին առաջին արտգործնախարարն է:
– Բավական կարճ տևեց ղեկավարման տարիները: Ինչո՞ւ հրաժարվեց այդ պաշտոնից:
– Ինքը չհրաժարվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրեց, որ հրաժարական տա, քանի որ ինքը Թուրքիայում` ոմանց համար` սուր, իսկ ոմանք կարող են ասել` արդար ելույթ ունեցավ Ցեղասպանության ճանաչման մասին: Թերևս, կյանքի դժվարագույն պահերից մեկը դա էր, որ մենք թողել էինք մեր կյանքը, եկել էինք Հայաստան, և հայտնվել էինք մի տեղ, որ Րաֆֆին այլևս նախարար չէ, ես` փոքրիկներով, և ի՞նչ էինք անելու հետո: Շատ մարդիկ սպասում էին, որ պետք է վերադառնայինք ԱՄՆ, նույնիսկ լուրեր էին տարածվում, թե Հովհաննիսյաններն արդեն վերադարձել են ԱՄՆ: Այդ ժամանակ շատ ուժեղ գրաքննություն կար ԶԼՄ-ներում, որ մեզ ցույց չտան հեռուստատեսությամբ:
– Ինչո՞ւ:
– Չգիտեմ, պատճառները, թերևս, կգտնեն պատմաբանները: Ես գիտեմ, որ նախագահը նեղված էր և պահանջեց հրաժարականը, և այդուհետ որևէ կապ չունեցանք: Մենք 24 ժամվա ընթացքում լքեցինք կառավարական տունը, որտեղ ապրում էինք: Եվ մենք պետք է գտնեինք տուն, որ տեղափոխվեինք երեխաների հետ: Դա ամենադաժան ձմեռն էր, երբ լույս ու ջուր չկար, վերարկուներով էին պառկում: Բայց մենք մնացինք Հայաստանում, վարձով ապրեցինք, որովհետև մենք Հայաստան չէինք եկել այն պատճառով, որ Րաֆֆին պաշտոն ուներ: Իհարկե, տխուր պահ էր, բայց դա երբեք չվերագրեցինք մեր հայրենիքին կամ ժողովրդին: Մենք շատ լավ հասկացանք, որ դա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումն էր: Իսկ դրանից հետո Րաֆֆին շատ ավելի հերոսացավ:
– Քաղաքականությունը տուն մուտք գործո՞ւմ է: Քննարկումներ լինո՞ւմ են:
– Լինում են, բայց` ոչ շատ, որովհետև դա իր կյանքի մասն է կազմում: Տպավորություն է, որ մենք շատ ենք խոսում այդ մասին, բայց դա այդպես չէ, որովհետև տանն առաջնային խնդիրներ կան` մեծ ընտանիք, կազմակերպչական հարցեր: Եվ ընդհանրապես երեկոները, երբ միասին ենք, նախընտրում ենք վայելել մեր ընտանիքը, բայցև լինում են դեպքեր, որ խոսում ենք քաղաքական հարցերի մասին: Հիմա նույնիսկ մի նայվածքով, մի տրամադրությամբ հասկանում ես, թե ի՞նչ է տեղի ունեցել, մանավանդ, որ հետևում եմ լուրերին, և երբեմն լուրերով եմ տեսնում, թե որտե՞ղ է եղել:
– Նախընտրական թեժ շրջան է: Օրինակ, ի՞նչ խորհուրդներ եք տալիս նրան:
– Մինչև անցած շաբաթ նա շատ հանդարտ ու հանգիստ էր, բայց, կարծում եմ` վերջին մի քանի օրերին շատ լարվեց, քանի որ ֆիզիկապես հոգնել է: Շատ խաղերի ականատես եղանք, որը ցավացնող է ոչ անձնապես մեզ, այլ երկրի համար: Հիմա ավելի մտահոգ եմ, որ այս ամենը շուտ ավարտվի, և վերադառնանք մեր խաղաղ կյանքին, չնայած շատ լավ եմ հասկանում, որ հաղթանակա՞ծ դուրս կգանք ընտրարշավից, թե՞ ոչ` մեր խաղաղությունը կորսված է. որ դեպքն էլ որ լինի` հետադարձ ճամփա չկա:
– Ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը միշտ երազել է, որ իր որդին դառնա նախագահ: Ճի՞շտ են այդ լուրերը:
– Երբեք չեմ լսել, բայց չեմ բացառում: Հիմա պատկերացրեք` Սովետական Հայաստան, և Րաֆֆի մայրն ու հայրն իր մեջ մտցնում են` ազատ, անկախ Հայաստան, ասում են` «փոքրիկ» տղա, դու պետք է դառնաս մեր նախագահը: Դա նույնիսկ ծիծաղելի է, երբ Հայաստանը դեռ անկախ չէր: Ես երբեք ականատես չեմ եղել, և իմ երեխաներին երբեք չեմ ասել նման բան: Ինչո՞ւ է Րաֆֆին այսօր ուզում դառնալ նախագահ: Կարծում եմ, որ ինքը մտածում է, որ ինքը պատրաստված է, և ինչ-որ լավ բան կարող է անել հայրենիքի և ժողովրդի համար: Եվ դա ժողովրդավարության գեղեցկությունն է, որ ամեն մարդ կարող է ունենալ իր կարծիքը:
– Դուք պատկերացնո՞ւմ եք Ձեզ` Առաջին տիկնոջ դերում, և ո՞րը կլինի Ձեր առաջին քայլը:
– Չեմ ուզում պատկերացնել: Դա միայն մեծ պատասխանատվություն կարող է լինել մարդու առջև: Գիտեք, որ ես չեմ վախենում պատասխանատվությունից` ունենալով 5 զավակ, կամավոր ինձ վրա եմ վերցրել հայ երեխաների և մեծահասակների հոգսը, և երբեք չեմ վախենում պատասխանատվությունից և պարտականությունից: Եթե ես կարող եմ մի փոքրիկ փուշ հանել մի մարդու ձեռքից, ես անպայման անում եմ: Չեմ կարող իմ ձեռքերը ծալած նստել, եթե գիտեմ` փողոցի հայ երեխան հաց չունի ուտելու: Ես ուղղակի մարդ չեմ զգա ինձ:
– Ե՞րբ եք կյանքում ասել` հնարավոր է…
– Այնքան ժամանակ սխալ եմ եղել կյանքում, որ ինձ թվում էր, թե հնարավոր չէ, բայց դարձել է հնարավոր: Այնքան սխալներ են եղել, որ հիմա ինձ թույլ չեմ տալիս ասել` հնարավոր չէ: Աստծո կամքով ամեն ինչ հնարավոր է: Եթե երեխան կարող է լույս աշխարհ գալ, ուրեմն` ամեն ինչ հնարավոր է: Իսկ մարդու ծնունդը հենց ինքը հրաշք է:
– Որո՞նք են Րաֆֆի Հովհաննիսյանի բացասական գծերը:
– Միշտ ասել եմ` փնթի է: Գրասենյակում ինքը կոկիկ է: Անշուշտ, մարդիկ ունեն և՛ լավ, և՛ վատ կողմեր, և փառք Աստծո, որ այդպես է:
– Սիրելու դեպքում հանդուրժում եք:
– Մենք երբեմն լավ վիճում ենք, բայց շատ շուտ մոռանում ենք այդ մասին: Ես դրա գաղտնիքը գտել եմ, երբ նա զայրացած է լինում, ես ուղղակի գնում-համբուրում եմ նրան: 27 տարի ապրել ենք իրար հետ` և հիմա քույր-եղբայր ենք, ընկերուհիներ, սիրահարներ, ամուսիններ ենք: Արդեն գիտես, թե որ իրավիճակում` ինչպես է դրսևորելու իրեն, թեև երբեմն անակնկալներ լինում են:
– Ի՞նչ կլինի փետրվարի 19-իառավոտյան:
– Կբացվի նոր արշալույս: Հուսամ` կլինի համերաշխություն, բարություն: Ինչ որ չար էր, վատ էր, տխրեցնող էր` կթողնենք անցյալում և կանցնենք կառուցելուն, վերագտնելուն:
– Հանրության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանին շատ անգամ ընկալում են` որպես մի գործչի, ով իր գործունեության յուրաքանչյուր փուլում կիսատ է թողել պաշտոնավարումը:
– Լավ հարց եք տալիս (ծիծաղում է.- Մ.Մ.), ես նույն հարցն իրեն եմ տալիս: Ես միշտ իրեն ասում եմ` չե՞ս կարող մի քիչ համբերել: Իր մոտ արդարության զգացումը շատ ուժեղ է դրված, եթե մի բան անարդար է լինում, և ինքն իր աշխատանքով չի կարողանում փոխել դա, չի ուզում մաս կազմել այդ անարդարությանը: Ասենք, նույնը եղավ, երբ նա տնօրինում էր Համահայկական հիմնադրամը, որտեղ, իսկապես, շատ կարճ պաշտոնավարեց: Իսկապես, նա նախկինում ոգևորված էր, որովհետև այդտեղ չարաշումներ կային, և ուզում էր մաքրել այդ չարաշահումները: Բայց բարձր ատյաններից իրեն թույլ չտվեցին` ասելով, թե` գիտեք, պիտի աչքդ փակես որոշ իրադարձությունների վրա: Նա ուղղակի դուրս եկավ, որովհետև ինքը մաս չպետք է կազմեր անազնվության:
– Իսկ խորհրդարանո՞ւմ:
– Որովհետև արդեն նախագահական ընտրություններ էին, իսկ ինքը որոշել էր, որ պետք է լինի նախագահի թեկնածու: Կարծում եմ` ճիշտ ընտրություն է: Ձեր հարցի մեկ այլ պատասխանն այն է, որ Րաֆֆի համար այդ աթոռն այնքան կարևոր չէ: Գիտեմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար աթոռն ամեն ինչ է: Րաֆֆին աթոռի, պաշտոնի պետք չունի: Այդ աթոռը պետք է լինի գործիք ծառայելու, որ ինքը կարողանա իրականացնել իր ծրագրերը: Առանց աթոռի էլ մենք սիրում ենք մեր ժողովրդին:
– 2011թ., երբ Ր. Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել, Դուք նրա կողքին էիք, երբ անձրև էր եկել, և Ձեր ամուսնու ոտքերը ջրափոսերի մեջ էին, Դուք անասելի հուզված էիք, աթոռակ էիք խնդրում, որ գոնե նրա ոտքերը չթրջվեն:
– Շատ հուզիչ և դժվար օրեր էին, և ամոթ մեզ, որ որևէ հայի` կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը թե մեկ ուրիշը, որ այդ անձրևին չթույլատրեցին վրան տեղադրել: Ես հիշում եմ այդ երեկոն, այդ ցուրտ, անձրևոտ օրը, որի նկարն «Առավոտ» օրաթերթը դրեց առաջին էջում, որտեղ ինքը դրսում գիշերեց այդ նստարանին` սոված մարդ, ցուրտ, ով եղել է առաջին արտգործնախարարը, պետական այր: Ի՞նչ օրինակ է դա մարդկանց համար, բայց իշխանությունը մի քանի օրվա ընթացքում հասկացավ, որ այդ հացադուլն ազնիվ հացադուլ էր, և մի քանի օր հասարակական կազմակերպությունների պայքարի միջոցով դրվեց այդ վրանը: Ամեն անգամ այդ օրերը հիշում եմ մեծ ցավով: Դժվար օրեր էին և՛ ինձ, և՛ Րաֆֆիի, և՛ Կարինի համար, որովհետև ես և Կարինն ամբողջ ժամանակ իր հետ էինք, հերթափոխում էինք: Մի երեկո, երբ արդեն վրանում էինք, և ես, Րաֆֆին և Կարինը վրանում խոսում էինք իրար հետ, ձեռքիս շարժումները ստվեր էին գցում վրանի վրա: Կարինը նայեց և ասաց. «Մա՛մ, ստվերների ընտանիք»: Երբ ես սկսեցի սրտնեղել, թե` մեր տունը թողել ենք, ի՞նչ ենք անում, այդ պահին Կարինն ասաց. «Մա՛մ, դու պատկերացնո՞ւմ ես` մենք Ազատության հրապարակում ենք»: Այդ վայրկյանին հասկացա, թե ինչքան ճղճիմ պետք է լինել, որ մտածես փափուկ անկողնու մասին, երբ «Ազատության» հրապարակում ես և պայքարում ես անարդարության դեմ:
– Այդ օրերին մամուլում քննարկվում էր այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանին` հաշվի առնելով այն, որ նա առաջին արտգործնախարարն է եղել: Վիրավորական չէ՞ր:
– Ես ոչ թե վիրավորվեցի, այլ ապշեցի և զարմացա: Կպատմեմ, թե այդ օրն ի՞նչ տեղի ունեցավ: Գիտեք, որ «Ազատության» հրապարակը փակ էր ընդդիմության հավաքներին: Մարտի 1-ին ես, Րաֆֆին և Կարինը գնացինք հրապարակ, նստեցինք նստարանին, եռագույնը բարձրացրեցինք, և այդ վայրկյանից հրապարակը վերադարձվեց ժողովրդին: Դա էր խորհրդանշականը: Այդ օրը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց էր անում Մատենադարանի մոտ, մարդիկ Օպերայով հանրահավաք գնալիս` ասում էին, որ գնում են Մատենադարանի մոտ հավաքվելու, որ հետո բոլորը միասին գան մեզ մոտ: Պատմական վայրկյաններ էին: Պատկերացրեք այն հուզմունքը, երբ ժողովուրդը պատրաստվում էր ներս մտնել հրապարակ: Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև մյուս առաջնորդներից որևէ մեկը չմոտեցավ Րաֆֆիին: Մենք ոչ թե ցավեցինք, այլ ապշեցուցիչ էր: Ժողովուրդը մոլորության մեջ էր, որովհետև չէր հասկանում, թե ինչո՞ւ չեն մոտենում Րաֆֆին: Երբ հիմա հետադարձ հայացքով նայում եմ, պատմական մեծ հնարավորություն կարող էր տեղի ունենալ:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Կարծում եմ` եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար Րաֆֆիի մոտ, և ժողովուրդը տեսներ այդ միասնությունը, ժողովրդի սրտի և հոգու մեջ հեղափոխություն տեղի կունենար:
– Ցավո՞վ եք ընդունում Ձեր ամուսնու հասցեին հնչող քննադատությունները: Օրինակ, քարոզարշավի ընթացքում վարսավիրանոց գնալու, ձեռքսեղմումների մասին, և այլն:
– Մեկ-մեկ սատիրա են անում, որ հաջողված է լինում, և սկսում եմ ծիծաղել: Տարիների ընթացքում լինելով քաղաքականության մեջ` ուզես թե չուզես` կոփվում ես: Հիշում եմ, երբ առաջին տարիներին Րաֆֆիին քննադատում էին, շատ ցավոտ էի ընդունում, բայց տարիների ընթացքում կամաց-կամաց սկսում ես սովորել: Ցավոտ եմ ընդունում հատկապես երբ ազնիվ մարդիկ ինչ-որ անազնիվ քայլ են անում Րաֆֆիի դեմ, իսկ լրագրողների կամ տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ֆինանսավորվող կայքերում տեղ գտած քննադատությունները, որոնք հստակ առաքելություն ունեն, ցավ չեն պատճառում ինձ, քանի որ գիտեմ, որ դրանք վճարված հոդվածներ են: Միևնույն ժամանակ նշեմ, որ ընդունում եմ այն քննադատությունները, որոնք հնչում են գիտակ և հարգարժան մարդկանց կողմից: