Հայ պաշտոնյաները կարող են չանհանգստանալ իրենց արտասահմանյան հաշիվների համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական ինքնապաշտպանական օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն է ուղարկել Պետդումա: Նա առաջարկում է երկրի օրենսդրության մեջ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կարգելեն Ռուսաստանի Դաշնության կառավարության անդամներին, պատգամավորներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր ծառայության բերումով կայացնում են ՌԴ-ի ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը առնչվող որոշումներ, բանկային հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում, կամ ունենալ արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսեր:
Այս արգելքը տարածվում է ՌԴ դատախազի, նրա տեղակալների, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների, ՌԴ սուբյեկտներում պետական պաշտոն զբաղեցնողների, պետական կորպորացիաների պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր հիշյալ պաշտոնյաների կանանց և անչափահաս երեխաների վրա: Այս օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված է, որ դա արվում է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվության բարձրացման, ինչպես նաև ազգային տնտեսության մեջ ներդրումների ավելացման նպատակով:
Օրինախախտները պաշտոնանկ կարվեն կամ կզրկվեն պատգամավորական և սենատորական մանդատներից`վստահության կորստի հիմնավորմամբ:
Ռուսաստանից կապիտալի արտահանումը տարեկան անցնում է մի քանի տասնյակ միլիարդ դոլարը: Օրինակ՝ 2011թ. Ռուսաստանից կապիտալի արտահանումը կազմել է 80 միլիարդ դոլար, իսկ 2012թ.՝ արդեն 100 միլիարդ: Կապիտալի հիմնական արտահանողները ոչ միայն գործարարներն են, այլ նաև ռուս չինովնիկները, ովքեր Ռուսաստանում աշխատած սև փողը փորձում են օրինականացնել արտասահմանում:
Բայց արդյո՞ք Պուտինը լրջորեն մտածում է, որ արտասահմանյան բանկերի հաշիվներում նստող կամ արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի վերածվող ռուսական կապիտալը կարելի է օգտագործել սեփական տնտեսության զարգացման համար, կամ այդկերպ նա ցանկանում է պայքարել Ռուսաստանում մոլեգնող կոռուպցիայի՞ դեմ: Հազիվ թե Վլադիմիր Պուտինը կարող է այնքան ազատ ժամանակ ունենալ, որ զբաղվի նման անիմաստ և անօգուտ գործով: Նա շատ ավելի կոնկրետ և, հնարավոր է, իրականանալի գործով է զբաղվում:
Լիբայի, Եգիպտոսի, Սիրիայի օրինակները Պուտինին ցույց տվեցին, որ Արևմուտքն այդ երկրների քաղաքական և ռազմական էլիտային երկրի ղեկավարի դեմ կողմնորոշելու համար օգտագործում է նրանց բանկային հաշիվները: Ի՞նչ է անում Արևմուտքը որևէ երկրի ղեկավարի մեկուսացնելու համար. միանգամից հայտարարում է, որ սառեցնում է այդ երկրի էլիտայի անդամների կողմից արևմտյան բանկերում պահվող բանկային հաշիվները: Միևնույն ժամանակ՝ ակնարկում է, որ բոլոր նրանք, ովքեր կանցնեն երկիր ղեկավարին տապալել ցանկացողների ճամբար, հնարավորություն կստանան ապասառեցնել իրենց հաշիվները:
Արդյունքում` պետական պաշտոնյաների այդ հսկայական բանակը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է պետությունից գումարներ գողանալուն և դրանք արտասահմանյան բանկերում թաքցնելուն, մեկ ժամվա ընթացքում երկրի ղեկավարի քաղաքական հենարանից՝ դառնում է նրա թշնամին:
Պուտինը հասկանում է, որ Արևմուտքը նույնը փորձելու է իրականացնել նաև Ռուսաստանում: Ռուս պաշտոնյաներն իրենց գումարները չեն վստահում տեղական բանկերին, և այն տեղափոխում են ավելի հուսալի արևմտյան բանկեր: Երբ որոշեն Պուտինին ուղարկել Մուբարաքի և Քադաֆիի հետևից, անպայման հիշելու են ռուս պաշտոնյաների բանկային հաշիվների մասին, և դրանք միանգամից սառեցվելու են: Պուտինը փորձում է կանխել այդ սցենարի կրկնությունը և հարկադրել երկրի պաշտոնատար անձանց` գողացածը պահել երկրում: Ռուս չինովնիկները հայտնվելու են մի փոքր անհարմար վիճակում. նրանք պաշտոն կորցնել, իհարկե, չեն ցանկանա, բայց ռուսական բանկերին վստահելն ավելի վտանգավոր գործ է: Հավանաբար, նրանք ստիպված կլինեն ավելի բարդ սխեմաներ մտածել, որպեսզի փողը Ռուսաստանից դուրս տեղափոխեն, միայն թե՝ ոչ իրենց, իրենց կանանց կամ երեխաների անունով:
Հայաստանը փոքր երկիր է, և Հայաստանից տարեկան 100 միլիարդ դոլար հնարավոր չէ դուրս հանել: Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարում է, որ փորձագիտական հաշվարկներով՝ վերջին հինգ տարում Հայաստան է մտել 11 միլիարդ դոլար, որից 4 միլիարդ դոլարը կրկին դուրս է տարվել: Սա Հայաստանի արտաքին պարտքին հավասարազոր գումար է: Ո՞ւմ բանկային հաշիվներին է նստել այս գումարը, դժվար է կոնկրետ ասել, բայց մոտավոր կարելի է պատկերացնել:
Արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞ իր ռուսաստանցի պաշտոնակցի հետքերով և կարգելի՞ պետական պաշտոնյաներին արտասահմանյան բանկերում հաշիվներ կամ արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսեր ունենալ: Դժվար թե, քանի որ նման քայլն ավելի շատ կխարխլի իշխանության դիրքերը, քան այդ հաշիվները երբևէ սառեցնելու հնարավոր սպառնալիքը: Պետական պաշտոնյաների բանկային հաշիվների պաշտպանության հարցում Հայաստանը կարող է տարբերվել Ռուսաստանից և իրեն դրսևորել՝ որպես սուվերեն և ինքնիշխան պետություն: