Շախտյոր – Բորուսիա` 2:2. Հավասար մրցակիցների հավասար պայքար (տեսանյութ)
Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյոր» – «Բորուսիա» դիմակայության առաջին հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով:
Խաղի սկիզբը, ինչպես և սպասվում էր, անցավ դորտմունդցիների բացահայտ առավելությամբ. «Շախտյորն» առաջին պաշտոնական հանդիպումն էր անցկացնում ձմեռային ընդմիջումից հետո, իսկ «Բորուսիան» Բունդեսլիգայում մի քանի տուր խաղացել էր և գերազանց մարզավիճակում էր:
Այդուհանդերձ, առաջինը հաջողության հասան Միրչա Լուչեսկուի սաները. 31-րդ րոպեին Դարիո Սրնան գերազանց իրացրեց Լուիս Ադրիանոյի վաստակած տուգանային հարվածը` 21 մետրից գնդակն ուղարկելով Ռոման Վայդենֆելերի դարպասը:
Իսկ մինչ այդ Մաթս Հյումելսի գլխով հարվածից հետո «Շախտյորին» միայն հորիզոնական դարպասաձողը փրկեց: Հյուրերի պատասխան գոլը երկար սպասեցնել չտվեց` 41-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին օգտվելով մրցակցի պաշտպանների սխալից հավասարեցրեց հաշիվը:
Ընդմիջումից հետո խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում: «Շախտյորը» հետզհետե բարելավում էր խաղը, իսկ «Դոնբաս Արենան» գոլ էր պահանջում: Լուչեսկուի սաները չհիասթափցրին իրենց երկրպագուներին և 68-րդ րոպեին Դուգլաս Կոստան կիսաշրջադարձ հարվածով դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման: Յուրգեն Կլոպն ինչպես հարկն է իր սաներին բացատրել էր` որքան վտանգավոր կարող է լինել Մխիթարյանին ազատ տարածություն տալը, և դորտմունդցիներն անընդհատ 2 հոգով հսկում էին մեր կիսապաշտպանին, սակայն խաղավարտից 10 րոպե առաջ Հենրիխին հաջողվեց իր ֆիրմային անցումը կատարել, ցավոք, նրա փոխանցումից հետո Ալեքս Տեյշեյրան չհասավ գնդակին, այլապես կգրավեր դատարկ դարպասը:
Հանդիպման վերջնամասում «Բորուսիան» կրկին ուժեղացրեց ճնշումը և Մաթս Հյումելսի 2-րդ փորձը հասավ նպատակին, 87-րդ րոպեին նրա խփած գոլը վերջինն էր այս խաղում:
«Շախտյոր» – «Բորուսիա»` 2:2, և ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում: «Բորուսիան» սեփական հարկի տակ միշտ շատ ավելի լավ է հանդես գալիս, սակայն «Շախտյորն» այդ խաղին կմոտենա շատ ավելի լավ մարզավիճակում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը