Բաժիններ՝

Պաշտոնական սուտն ու ընդդիմության անտարբերությունը

Մինչ հայ հասարակությունն ու լրատվական դաշտը կենտրոնացած են նախընտրական քարոզարշավի, կամ, այլ կերպ ասած՝ Պարույր Հայրիկյանի և այլոց շուրջ կատարվող իրադարձությունների վրա, պետական մարմինները հրապարակում են բավականին հետաքրքիր ցուցանիշներ։

Օրինակ՝ վերջերս հրապարակվեց խոշոր հարկատուները ցանկը, Ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ 2012 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցը, Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության կողմից՝ արտաքին առևտրի ցուցանիշները, և այլն։

Այս ամենի մասին մամուլում, իհարկե, գրվեց։ Սակայն առավել հետաքրքիր երանգներն այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան՝ մնալով ներքաղաքական ինտրիգների ստվերում։

Այդ երանգներից մեկն արտաքին առևտուրն է։ Օրինակ՝ ԱՎԾ-ի կողմից հրապարակված զեկույցի՝ արտաքին առևտրի բաժնում կարելի է կարդալ, որ արտահանումը նախորդ տարվա ընթացքում աճել է 7%-ով։ Ըստ ԱՎԾ-ի, 2011 թվականին արտահանման ծավալը կազմել է 1.334 միլիարդ դոլար, իսկ 2012-ին՝ 1.428 միլիարդ դոլար։

Կարդացեք նաև

Օրեր առաջ նույն ժամանակահատվածին վերաբերող արտաքին առևտրի ցուցանիշներ հրապարակեց նաև Պետական եկամուտների կոմիտեն։ Միանգամից նշենք, որ ցուցանիշները տարբերվում են։ 2011 թվականի համար մաքսային տվյալների համաձայն՝ արտահանումը կազմել է 1.337 միլիարդ դոլար (շուրջ 3 միլիոն դոլարով ավելի շատ)։ Սակայն 2012 թվականի տարբերությունը շատ ավելի լուրջ է. մաքսային կառույցի հրապարակած արտահանման ցուցանիշը 1.361 միլիարդ է։

Այսինքն՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտահանման ցուցանիշը 67 միլիոն դոլարով գերազանցում է ՊԵԿ-ի ցուցանիշը։

Եթե հիմք վերցնենք ՊԵԿ-ի ցուցանիշները, ապա կստացվի, որ արտահանումն աճել է ոչ թե 7%-ով (ինչպես հայտարարվում է), այլ ընդամենը 1.8%-ով։

Ո՞ր տվյալն է ճիշտ։ Թերևս Մաքսայինի տվյալներն ավելի արժանահավատ և իրական են, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունն արտաքին առևտրի զեկույցը պատրաստելիս օգտվում է հենց մաքսային տվյալներից։

Խնդիրը, մեծ հաշվով, սակայն, դա չէ։ Բնակչության մեծ մասին ամենևին հետաքրքիր չեն պետական կառույցների ներկայացրած թվերը։

Սակայն գնալով ավելի ենք համոզվում, որ պաշտոնական վիճակագրությունը պատշաճ ուսումնասիրելու դեպքում կարելի է գտնել բազում այսպիսի օրինակներ։

Ցավոք, լրագրողների ժամանակն ու ռեսուրսները թույլ չեն տալիս խոշորացույցի տակ առնել պետական փաստաթղթերը (թեև լրագրողները փորձում են որքան հնարավոր է դա անել)։

Թեպետ դա ամենևին էլ լրագրողների գործը չէ։ Մասնագիտական նման վերլուծություններ քաղաքակիրթ երկրներում անում են անկախ վերլուծական կենտրոններն ու ընդդիմության ստվերային կաբինետի մասնագետները։ Ցանկացած նորմալ երկրում պաշտոնական վիճակագրության այսպիսի «կիքսերն» իսկական նվեր կլինեին ընդդիմության համար, որը որպես հաղթաթուղթ կօգտագործվեր ընտրությունների ժամանակ։

 Մեզանում, սակայն, միանգամայն այլ վիճակ է։ Ընդդիմությանն այս ցուցանիշները, մեծ հաշվով, չեն հետաքրքրում։ Նրանք ժամանակ չեն ծախսում դրանք ուսումնասիրելու վրա։ Ավելին, շատ հաճախ անգամ «լայեղ» չեն անում ընդունել ԶԼՄ-ների կողմից իրենց մատուցված «նվերը»՝ շեշտը դնելով միանգամայն այլ նախընտրական հնարքների վրա։ Հենց սրանում է թաքնված ամենամեծ խնդիրը։

 Միակ բացառությունը, թերևս, Հրանտ Բագրատյանն էր, որը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փորձում է պայքարը տեղափոխել ծրագրային հարթություն, ներկայացնում է վերլուծություններ և առաջարկներ, հրավիրում է մասնագիտական բանավեճի։ Սակայն, ցավոք սրտի, Բագրատյանն այդ առումով միակն է, և նրան իր կամքից անկախ՝ ներքաշեցին լրիվ այլ դաշտ։ Ի դեպ, նախկին վարչապետին այս վիճակը դժվար թե դուր գա, քանի որ, ինչպես ինքն է ասում, ինքն ասելիք ունի։ Իսկ նրան չեն լսում, քանի որ քրեական քրոնիկան ավելի հետաքրքիր է, քան երկրի տնտեսական վիճակի վերլուծությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս