«Երեք հոգով համախմբվում են, որ ի՞նչ անեն»

 Հարցազրույց 1991-96 թթ. ՀՀ արդարադատության նախարար Վահե Ստեփանյանի հետ

 

– Պարոն Ստեփանյան, Դուք ժամանակին աշխատել եք Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունում, ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում:

– Ես ծանոթ եմ իր նախընտրական ծրագրին, նորմալ և շատ կոնկրետ ծրագրեր է ներկայացնում: Ընդհանուր առմամբ` դրական եմ վերաբերվում:

– Իսկ աջակցելո՞ւ եք նրան որևէ կերպ:

– Ես քաղաքական դաշտում չկամ ոչ մի կերպ և միշտ աշխատել եմ չլինել:

– Իսկ ընդհանրապես հետևո՞ւմ  եք նախընտրական և քաղաքական գործընթացներին:

– Այո՛, հետևում եմ` կողքից:

– Եվ ի՞նչ կարծիք ունեք առաջադրված թեկնածուների վերաբերյալ և արդյո՞ք հնարավոր համարում եք ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի հաջողությունն այս իրավիճակում:

– Ես համարում եմ, որ ունենք 4 լուրջ  և 4 անհասկանալի թեկնածուներ, որոնցից մեկն արդեն դուրս եկավ, ուրեմն մնացին  4 լուրջ  և 3 երկրորդական, անհասկանալի թեկնածուներ: Ես մի բան գիտեմ, որ որպես կանոն` աշխարհի բոլոր երկրներում  երկրորդ ժամկետին գործող նախագահի վերընտրվելու շանսերն օբյեկտիվորեն շատ մեծ են լինում: Որքան ես գիտեմ, ընդամենը երկու բացառություն է եղել. մեկը եղել է Ֆրանսիայում Սարկոզիի դեպքը, երբ պարտվեց Օլանդին, և ևս մեկը եղել է Միացյալ Նահանգներում, երբ գործող նախագահը չի կարողացել վերընտրվել երկրորդ ժամկետին: Ուրեմն կա մի օբյեկտիվ օրինաչափություն, որն, ըստ էության, բոլոր տեղերում է աշխատում, այդ պատճառով՝ կարծում եմ, որ գործող նախագահի հնարավորությունները միանշանակ բարձր են:

– Իսկ դա պայմանավորված է իշխանության հզորությա՞մբ, վարչական ռեսուրսների տիրապետմա՞մբ, թե՞ այլ գործոններով:

– Ոչ, ոչ, գիտեք, երբ ես ասացի, ես ընդգծեցի, որ աշխարհի բոլոր երկրներում է այդպես, ես հղում տվեցի միջազգային փորձին և նշեցի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նման կայացած ժողովրդավարական երկրները, որտեղ այդ օրինաչափությունը նույնպես գործում է:
– Բայց ամեն դեպքում, կարծես թե, մեզ մոտ մի փոքր այլ իրավիճակ է, այդպես չէ՞:

– Ի՞նչ իմաստով:

– Թեկուզ ժողովրդավարության զարգացած լինելու առումով:

– Իհարկե, պարզ է, որ այլ իրավիճակ է, բայց այդ օրինաչափությունը գործում է նաև բոլոր հետխորհրդային երկրներում: Ես, այսպես ասած, դա համամարդկային օրինաչափություն եմ համարում:

– Թեկնածուներից Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ, եթե մյուս երկու թեկնածուները` Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, միավորվեն, ապա իրենք 3 թեկնածուներով կարող են ստանալ մոտ 80 տոկոս և հաղթել առաջին փուլում: Որքանո՞վ եք սա հավանական համարում:

– Առաջինը` չեմ կարծում, որ նրանք իսկապես կարող են միավորվել, երկրորդը` չեմ կարծում, որ միավորման դեպքում նրանք կկարողանան այդ տոկոսները հավաքել: Ես գտնում եմ, որ ամեն դեպքում այս անգամ առաջին փուլով ավարտվելու է:

– Այսօր` դեռ ընտրություններից առաջ, շատ են կանխատեսումները, որ ընտրությունները, միևնույն է, կեղծվելու են:

– Ես մտածում եմ, որ այս անգամ ընտրակաշառք չի լինելու, որովհետև իմաստ էլ չունի: Իմ համոզմունքն է, որ կաշառք բաժանում են այն ժամանակ, երբ պետք է, հիմա իմ կողմից նշված պատճառներով անհասկանալի է` ինչո՞ւ պիտի կաշառք տան:

– Իսկ այն երեք ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը, որոնք չմասնակցեցին ընտրություններին, ըստ Ձեզ, ճի՞շտ վարվեցին, օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը ճի՞շտ քաղաքական քայլ եք համարում:

– Գիտեք, ինձ թվում է` կոնկրետ Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկացել է այն օրինաչափությունը, որի մասին ես նշեցի, որովհետև Ռոբերտ Քոչարյանի երկրորդ առաջադրման ժամանակ նույնպես` 2003 թվականին, նա չառաջադրվեց: Կարծում եմ` և՛ նրա համար, և՛ ինձ համար միանգամայն պարզ է, որ գործող նախագահը երկրորդ ժամկետին ընտրվելու խնդիր, որպես կանոն, չի ունենում: Եվ նորից կրկնում եմ` պատճառը ո՛չ ռեսուրսների, ո՛չ էլ ընտրակաշառքի մեջ է, միգուցե ինչ-որ սոցիալ-հոգեբանական խնդիր կա:

– Իսկ, ըստ Ձեզ, վերոհիշյալ թեկնածուներն ընդհանրապես ձգտում ունե՞ն համախմբման, թե՞ պարզապես վարում են քարոզարշավ:

– Ես չեմ հասկանում, երեք հոգով համախմբվում են, որ ի՞նչ անեն: Իսկ ինչո՞ւ, ասենք, նույն Հայրիկյանը չի համախմբվում Սերժ Սարգսյանի հետ, կամ Հրանտ Բագրատյանը` Սերժ Սարգսյանի հետ: Եթե անկեղծ խոսենք, ես ավելի ճիշտ կհամարեմ Հրանտ Բագրատյանի համախմբումը Սերժ Սարգսյանի հետ:

– Հրանտ Բագրատյանն ընդդիմադիր է և գաղափարական հակադրություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, ինչո՞ւ նա պետք է միանա Սերժ Սարգսյանին:

– Գիտեք, ծրագրի շուրջ են համախմբվում, ոչ թե անձերի:

– Հրանտ Բագրատյանը նաև ծրագրային լուրջ հակասություններ ունի Սերժ Սարգսյանի հետ և խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանությանը:

– Միշտ էլ կարելի է քննադատության հետ մեկտեղ՝ գտնել համաձայնության եզրեր: Ես ուղղակի չեմ հասկանում` ինչո՞ւ Հայրիկյանը կարող է համախմբվել Բագրատյանի հետ, իսկ Բագրատյանը չի կարող Սերժ Սարգսյանին միանալ: Դրանք ուղղակի հռետորաբանության խնդիրներ են:

– Իսկ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից և դրա շուրջ կատարված զարգացումներից ինչպիսի՞ տպավորություն ստացաք:

– Ես չեմ կարող վարկածներ առաջ քաշել:

– Իսկ այն, որ մահափորձից հետո նա միանգամից խոսեց ռուսական «КГБ»-ի մասին, հայտարարեց, որ քիլլերը չուներ հայկական դիմագծեր, սակայն ԱԱԾ-ի կողմից ձերբակալված կասկածյալները, մեղմ ասած, ակնհայտ հայկական դիմագծերով էին: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Դե, Հայրիկյանն արդեն մեկնաբանել է դա, ասել է`«ես շփոթմունքի մեջ էի գցում…», այսինքն՝ նախաքննության ինչ-որ սուբյեկտի դեր էր կատարում, ինչ-որ տեղ շփոթեցնում էր, որպեսզի գործը հեշտ բացահայտվեր: Ես իր բացատրությունն եմ ասում:

– Եկեք վերադառնանք թեկնածուների նախընտրական ծրագրերին: Դրանցից ո՞րն է ավելի շատ Ձեզ դուր եկել:

– Գիտեք, ես ծրագրերին այդքան էլ ծանոթ չեմ, ավելի շատ ծանոթ եմ երկուսի` Բագրատյանի և գործող նախագահի ծրագրերին մի պարզ պատճառով, որ Բագրատյանն ամեն անգամ շատ մանրամասն ներկայացնում է իր ծրագրերը, իսկ գործող նախագահինն էլ՝ այն պատճառով, որ տեսնում ես ելույթները, հիմնական անելիքները, ավելի կոնկրետ տպավորություն է ստեղծվում: Իսկ մյուս երկուսի` Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերից ես հստակ պատկերացում չունեմ: Այսինքն` 7 թեկնածուներից ես առանձնացնում եմ այդ 4-ին, նրանցից  էլ` 2-ին, որովհետև ավելի լավ պատկերացում ունեմ նրանց ծրագրերի մասին:

– Իսկ ի՞նչ կասեք Անդրիաս Ղուկասյանի մասին: Օրինակ` Պարույր Հայրիկյանը նույնիսկ նրա անունը նշել է` որպես «միացյալ թեկնածու»:

– Անդրիաս Ղուկասյանին… չգիտեմ: Կարող է` մարդ շատ ակտիվ քաղաքացի լինել և այլն, բայց նախագահ լինելը երևի նաև այլ հատկանիշներ է պահանջում: Որպեսզի հասկանալի լինի, ասեմ` մի օր խոսում էի Արշակ Սադոյանի հետ, ով նախագահ էր ուզում դառնալ, ասացի` «լսի՛, դու նախագահ չպետք է դառնաս, որովհետև դու քո էությամբ ընդդիմադիր ես, եթե ընտրվես էլ, դու քո դեմ ես սկսելու գործել»: Ասաց`«հա, ճիշտ ա»: Հիմա Ղուկասյանը քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ է, բայց նախագահ լինելու համար շատ այլ հատկանիշներ են պետք: Ես, իմիջիայլոց, կասկածում եմ, որ այդ հատկանիշներն ունի նաև Հայրիկյանը. չնայած ես նրան հարգում եմ, հարգում եմ նրա դերն այս երկրի կյանքում` ինչ եղել է, հիմնականում անցյալում է, բայց նրան էլ ես չեմ պատկերացնում նախագահի դերում: Րաֆֆի Հովհաննիսյանին ես կպատկերացնեի լավ նախագահ, եթե մեզ մոտ լիներ խորհրդարանական հանրապետություն:

– Իսկ Բագրատյանին տեսնո՞ւմ եք նախագահի դերում:

– Բագրատյանին ավելի շատ եմ տեսնում այդ դերում:

– Իսկ քվեարկելո՞ւ եք Բագրատյանի օգտին:

– Ես չեմ կարող ասել` ում օգտին եմ քվեարկելու: Ոչ թե գաղտնիք եմ պահում, այլ պարզապես դեռ հետևում եմ:

Տեսանյութեր

Լրահոս