Մանուել Գասպարյանն առաջարկում է ոչ թե ձևաչափի, այլ բովանդակության փոփոխություն

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն ասում է, որ որոշակի հանգամանքների պատճառով՝ դեռ  ամբողջությամբ չի կարդացել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, բայց ծանոթ է դրա առանձին դրույթներին, մասնավորապես՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու նրա որոշմանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այդ որոշմանը, Գասպարյանն ասում է. Մեր կուսակցության օրակարգում նման հարց չկա, քանի որ նման հարց կուսակցությունում քննարկելուց առաջ, նախ՝ պետք է, որ այն քննարկվի ՀԱԿ քաղխորհրդում, իսկ այնտեղ այդ հարցը չի քննարկվել:

 

– Ուզում եմ ասել, որ այս հարցը դեռ հում է, և դրան պատասխանելու համար ժամանակ է պետք, չեմ ուզում ասել, թե վախենում եմ պատասխանել, ուղղակի ուզում եմ չշտապել:

Մենք պարոն Գասպարյանին հարցրեցինք, թե ինքը հնարավոր համարո՞ւմ է հորից`ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանից, ժառանգություն ստացած կուսակցության լուծարումը:

– Ես լուծարում, որպես այդպիսին՝ բացառում եմ, բայց ես միշտ կողմնակից եմ եղել մեծ և միասնական ուժի ստեղծմանը: Մտածում եմ, որ այն խնդիրները, որոնք փորձում են լուծել կուսակցությունով, կարելի էր լուծել դաշինքով: Կուսակցությունների դաշինքը շատ ավելի հզոր կառույց է, և այն չի տարբերվում կուսակցությունից: Ընդհակառակը՝ կուսակցություն դառնալու դեպքում մենք կարող ենք կորցնել, թուլանալ և ոչ թե ուժեղանալ: Դրա համար ես առաջարկում եմ, որ ոչ թե կազմակերպական ձևը փոխվի, այլ բովանդակությունը: Դրա համար պետք էր, որ ՀԱԿ-ում բարեփոխումներ իրականացվեին:

– Տեսակետ կա, որ ՀԱԿ-ի հիմքում դրված կոնսենսուսի սկզբունքը խանգարում էր որոշումների կայացմանը, քանի որ մեկ կուսակցություն կարող էր խոչընդոտել մյուսների հավանությանն արժանացած որոշման կայացումը: Իսկ կուսակցություն դառնալու դեպքում այդ խնդիրը վերանում է:

– Հենց դա էլ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ պետք է բովանդակային փոփոխություններ կատարվեն ՀԱԿ-ում: Կարելի էր փոխել կոնսենսուսի սկզբունքը և որոշումներն ընդունել մեծամասնության քվեարկությամբ: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա կուսակցությունում ևս կարող են տարաձայնություններ լինել, խորհրդային ժամանակաշրջանը վաղուց անցել է, երբ բոլոր որոշումներն ընդունվում էին առանց քննարկման և բոլորի կողմից հավանության էին արժանանում: Այնպես որ, կուսակցության ստեղծումը տարաձայնություններից խուսափելու կամ տարաձայնությունները վերացնելու միջոց չէ: Եթե մարդիկ այլ տեսակետ ունեն, կարող են արտահայտել ինչպես՝ դաշինքում,  այնպես էլ՝ կուսակցությունում:

– Կներեք հարցի կրնության համար, բայց եթե երկու ամիս հետո տեղի ունենա ՀԱԿ միավորիչ համագումարը, ձեր կուսակցությունը կմասնակցի՞ դրան, թե՞ ոչ:

– Նորից եմ ասում, այս հարցին ես իրավասու չեմ պատասխանել: Նախ՝ այդ հարցը պետք է քննարկվի ՀԱԿ քաղխորհրդում, և ես պետք է այն  ներկայացնեմ մեր կուսակցության քաղխորհրդի քննարկմանը: Միայն մեր կուսակցության քաղխորհրդի որոշումից հետո պարզ կլինի, թե որ ուղղությամբ ենք մենք շարժվելու:

Տեսանյութեր

Լրահոս