Լևոն Զուրաբյան. «Ես ամեն ինչ կանեմ, որ նոր կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երեկ 28 հոգու կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ կուսակցության ստեղծումը չի ենթադրում ՀԱԿ դաշինքի գործունեության ավարտը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Կոնգրես դաշինքին ոչ մի բան չի պատահելու: Կոնգրես դաշինքը կա, և ՀԱԿ կուսակցությունը ոչ մի կերպ չի խոչընդոտելու և չի հակասում ՀԱԿ դաշինքի գործունեությանը: Սա պարզապես անհատների և քաղաքական ուժերի ազատ կամարտահայտման վրա ստեղծվող կառույց է, որի միավորման նպատակն ավելի հզոր գործունեությունն է»:

Լևոն Զուրաբյանը խոստովանեց, որ ՀԱԿ դաշինքում կային «մարդ-կուսակցություններ», որոնք խոչընդոտում էին ՀԱԿ-ի գործունեությունը: «Մենք որդեգրում ենք ոչ մեկի շահերին չխփող կուսակցություն: Բավականին մեծ պոտենցիալ, էներգիա կարող էր կորել այն պատճառով, որ ինչ-որ որոշում չի կարող ընդունվել, և «մարդ-կուսակցություններից» մեկը, անունը չեմ ցանկանա տալ, կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը և քաղխորհդի նիստի քննարկման 40 տոկոսը զբաղեցնել իրենով: Սա արդյունավետ չէ և հնարավորություն չի ստեղծում, որ մենք առաջ շարժվենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր ստեղծվող  կուսակցությունը կարող է օգնել ազատվել որոշակի կապանքներից և առաջ շարժվել նրանց, ովքեր ունեն դրա ցանկությունը:

Հարցին, թե արդյոք նոր ստեղծվող այդ կուսակցությունը մաս կկազմի՞ ՀԱԿ դաշինքին, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Բնական է: Եթե այլ կերպ կուսակցությոնը չորոշի, ուրեմն կշարունակվի այն բնականոն հարաբերությունը, որը կար մինչ այս պահը: Ի՞նչն է խանգարում մարդկանց շարունակել իրենց դաշնակցային հարաբերությունները, ովքեր դաշինքի մաս կազմող անհատներ են և ցանկություն ունեն ստեղծել նոր կուսակցություն: Ես խնդիր չեմ տեսնում»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե Դաշինքը ֆորմալ առումով կշարունակի՞ գոյություն ունենալ, Զուրաբյանը պատասխանեց, որ ինքը կանխատեսումներ անել չի կարող, և վստահություն հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն պահպանել ՀԱԿ դաշինքը, կկարողանան հասնել իրենց նպատակին: «Եթե ՀԱԿ մասնակից կուսակցությունները ցանկանան պահել ՀԱԿ դաշինքը, հավաստիացնում եմ, որ ոչինչ չի խանգարելու իրենց այդ գործում: Շեշտում եմ, որ չկա որոշում՝ ՀԱԿ դաշինքը վերածել կուսակցության»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նոր կուսակցության առաջնորդին, Լ. Զուրաբյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում: «Իսկ անձամբ ես ամեն ինչ կանեմ, ցանկանում եմ, որ կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, և իմ բոլոր ջանքերը կուղղեմ նրան, որ հենց այդպես էլ լինի, ու նա ընտրվի կուսակցության ղեկավար: Բայց իմ որոշումով այս հարցը չի լուծվում: Սա պետք է լինի դեմոկրատական գործընթաց, որի արդյունքը կանխորոշել ես չեմ կարող»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս