Ամերիկացիների մոտ կեսը կարծում է, որ երկիրը թուլացել է վերջին 5 տարիներին. հարցախույզ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ընտրողների գրեթե կեսը՝ 48 տոկոս, կարծում է, որ երկիրը թուլացել է վերջին 5 տարիներին: Հարցվածների 52 տոկոսն էլ գտնում է, որ ԱՄՆ-ի տնտեսության համար վատթար ժամանակները դեռ առջևում են:
Այս մասին են վկայում Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցախույզի արդյունքները: Դրանք վկայել են նաև, որ հարցվածների 77 տոկոսը դժգոհ է ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքից, ընդ որում՝ 80 տոկոսն էլ ընդհանուր առմամբ գոհ է նախագահ Բարաք Օբամայի աշխատանքից:
Հարցվածների ավելի քան կեսը՝ 58 տոկոս, կարծում է, որ կառավարությունն ունի չափազանց մեծ իշխանություն, ինչը սահմանափակում է ԱՄՆ քաղաքացիների ազատությունը: Այնուամենայնիվ, լավատեսությունը չի լքել ամերիկացիներին, որոնց 65 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ իրագործելու համար «ամերիկյան երազանքը»: