Եվս մեկ հացադուլավոր թեկնածու

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ուղիղ  ժամը 17:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև էր, որտեղ նրան սպասում էին լրագրողները: Նախագահի թեկնածուն, ինչպես վաղօրոք հայտարարել էր, մեկօրյա հացադուլ է հայտարարելու ԿԸՀ-ի առջև, իսկ  փետրվարի 8-ին ինքնաբացարկ է ներկայացնելու:

«Իմ պահանջն ուղղված է թեկնածուներին: Այս 24 ժամը ես թեկնածուներին եմ սպասում: Արմանի, Անդրիասի հետ ես խոսեցի, բայց իրենց բացատրություններն ինձ համար մի քիչ անհասկանալի են: Հայրիկյանին առողջություն եմ ցանկանում»,-հայտարարեց նախագահի թեկնածուն:

Արամ Հարությունյանը պատմեց, որ մինչ ԿԸՀ ներկայանալն ինքն այցելել է հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին և վերջինիս կոչ է արել դուրս գալ հացադուլից ու ինքնաբացարկ հայտնել:

«Քվեարկվելով՝  ինքն, ըստ էության, շինծու ընտրություններին մասնակցում է: Դրանից հետո միշտ կգտնվի մեկը, որ կասի՝ բա  ինչո՞ւ մասնակցեցիր ընտրություններին»,- նշեց Արամ Հարությունյանը:

Նա կրկին շեշտեց, որ Հայաստանին  պետք են նոր նախագահական ընտրություններ, որոնք մինչ առաջադրումը զերծ կլինեն ճնշումներից: Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է նաև նոր ընտրություններ նշանակվելու դեպքում չառաջադրվել:  Արամ Հարությունյանն ընթերցեց  նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված  ինքնաբացարկի դիմումը:

Մեկօրյա հացադուլ հայտարարած թեկնածուն  վստահեցրեց, որ անբարենպաստ եղանակային պայմանները չեն կարող իրեն ետ պահել հացադուլից: Հարցին, թե վրան տեղադրելո՞ւ եք գիշերը, թե՞ ոչ, Արամ Հարությունյանը պատասխանեց, որ կհամարի՝  մի օր գլխին տանիք չկա:

Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ իրեն գիշերը միայնակ չեն թողնի, և շատ այցելուներ կունենա: Արամ Հարությունյանին քիչ անց այցելեց  Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը և նրա կուսակից Կարեն Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս