«Մենք այդ ցուցակի մեջ չենք մտնում, ովքեր կհամաձայնեն նման բանի». Արմենակ Դովլաթյան

«Հայաստանի կանաչների կուսակցությունը» չի լուծարվի և չի ընդգրկվի Հայ ազգային կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք կուսակցության մեջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ, ՀԱԿ քաղխորհրդի անդամ Արմենակ Դովլաթյանը: «Մենք այդ ցուցակի մեջ չենք մտնում, ովքեր կհամաձայնեն  նման բանի: Այդպիսի խոսակցություններ վաղուց կային, դեռևս 2008թ-ին՝ Կոնգրեսի ստեղծման ժամանակ: Այն ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, հիմա էլ ասում ենք, որ մենք մեր առանձին գիծն ունենք: Դա միանշանակ է, մեր հստակ դիրքորոշումն է, ոչ ոք մեր փոխարեն չի որոշելու»,- ավելացրել է Արմենակ Դովլաթյանը:

Այն հարցին, թե «Հայաստանի կանաչների կուսակցությունը»  շարունակելո՞ւ է մաս կազմել Հայ ազգային կոնգրեսին, քանի դեռ այն կուսակցության կարգավիճակ չի ստացել, Արմենակ Դովլաթյանը պատասխանել է, թե առաջիկայում կուսակցությունը նիստ կհրավիրի, և բոլոր հարցերը կքննարկվեն: «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Կոնգրեսը դաշինքից կուսակցության վերածվելու դեպքում ավելի կենսունակ կլինի: «Չեմ կարող ասել, կյանքը ցույց կտա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է Կոնգրեսը կուսակցության վերափոխելու անհրաժեշտության մասին:

Տեսանյութեր

Լրահոս