Տաքսու վարորդները բողոքի ցո՞ւյց կանեն (տեսանյութ)
Փետրվարի 5-ին Ազգային ժողովի անցագրային բաժնում հավաքվել էին տաքսու վարորդներ, ովքեր պատրաստվում էին ԱԺ ղեկավարությանը հայտնել իրենց դժգոհությունները: Տաքսու վարորդները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ դեկտեմբերի 24-ին Ճանապարհային ոստիկանության կողմից տեղադրված տեսալուսանկարահանող սարքերի արձանագրություններով իրենցից յուրաքանչյուրին տուգանել են նվազագույնը 100.000 դրամի չափով:
Նրանց խոսքով՝ իրենց տուգանել են անհիմն, քանի որ կայանելու մասին հիշեցնող նշանն անընդհատ փոփոխում են, և երբ իրենք կայանում են այն վայրում, որտեղ արգելքի նշան դրված չէ, օրեր հետո տուգանքի ծանուցագիր են ստանում:
«Պատերազմի մասնակից եմ, ուզում են, որ տունս վերցնեն, ավտոս ձեռիցս վերցնեն՝ գնա՞մ: Թե՞ ուզում են, որ փախնենք ստեղից, կորենք: Սա մեր երկիրն էլ է, չէ՞, էս հողի համար մենք էլ ենք պայքարել: Պայքարել ենք, որ սենց անե՞ն: Մի հատ էլ զնակ են բերել-դրել, ժողովուրդը փողի տպարա՞ն ա»,-168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Վարդազարյանը:
Տաքսու վարորդներից Վահան Հունանյանի խոսքով`իրենք տեղյակ չեն եղել այդ ակտերից, և, օրինակ, ինքը տուգանքների մասին իմացել է հունվարի 19-ին: Վարորդների ասելով`հարցի լուծում չստանալու դեպքում հնարավոր է`կազմակերպեն բողոքի ցույց: