Բաժիններ՝

Ի՞նչ նախագահ եմ ուզում տեսնել

Ես կուզենայի, որ Հայաստանի նախագահը լիներ մշակութային մարդ և մշակութային մարդկանց նախագահը։ Խնդրում եմ չշփոթել մշակույթի մարդու, մշակութային ոլորտի ներկայացուցչի, արվեստագետի հետ, ով կարող էր նախապատվելի լինել ինձ համար` որպես գրողի։ Խոսքը դասական փիլիսոփայությանը, քաղաքագիտությանը, արվեստին իրազեկ և  հետգաղութային զարգացումներին նվիրված մշակութաբանության, այսօրվա` պոստմոդեռն փիլիսոփայության ու արվեստի միջավայրում ապրող գործչի մասին է։ Միայն այդ պարագայում նրա ձեռնարկած քայլերը, թեկուզև` ազնիվ, կբերեն ոչ թե իրավիճակային, այլ համակարգային փոփոխությունների։

Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը պետք է երկիրն առաջնորդի բացառապես Արևմտյան քաղաքակրթության ճանապարհով, որի բոլոր նվաճումները համարում եմ հենց եվրոպական բարձր մշակույթի արդյունք։ Կարևոր եմ համարում շեշտել, որ սրանով չեմ հակադրվում «ռուսական ուղղությանը»։ Չեմ հակադրվում ոչ թե ավանդական հայկական կոմպլիմենտարիզմի, փոխլրացման քաղաքականության դիրքերից, այլ այն իմաստով, որ «ռուսական ուղղություն», իմ կարծիքով, գոյություն չունի, գոյություն ունի ավանդական ռուսական դիմադրություն` հրեա-հունա-հռոմեա-արևմտաեվրոպական արժեհամակարգին, որտեղ իրենք ավանդաբար հետնապահ են։

Ընդ որում, Արևմտյան արժեհամակարգն ընդունելը չի նշանակում կուրորեն ենթարկվել  անդրազգային բոլոր վերացական սկզբունքներին։ Յուրաքանչյուր ազգ իրավունք ունի իր ավանդույթներին ու ինքնությանը հավատարիմ մնալ և, առանց հիստերիկայի, պահպանել ու զարգացնել դրանք։ Իմ պատկերացմամբ դա լիովին համապատասխանում է զարգացման  Արևմտյան ուղուն։ Այսինքն` գլոբալացում, ինչ վերաբերում է ժողովրդավարական, մարդասիրական, ազատական արժեքներին ու տեխնիկական առաջընթացին, և «թերահավատություն մետապատումների նկատմամբ», ինչ վերաբերում է կենսակերպային մոդելներին, էթնա-պատմական իրողություններին։

Իսկ Արևմուտքը ես հակադրում եմ, ո՛չ, պարզապես տարբերակում եմ  «իսլամականից»  և «բուդդայականից», որոնք այնքան հեռու են մեր պատմա-հոգեբանական փորձից, որ ամեն մի ջանք` հիմնվելու այդ քաղաքակրթություններին, համարում եմ ապարդյուն։

Իմ մնացած ակնկալիքները գալիք նախագահից հայտնի են, և, գոնե հրապարակային մակարդակում, անառարկելի.

  • վերացնել կաշառասունությունը` ամրապնդելով գործողություններն անձնական օրինակով,
  • ապահովել խոսքի ազատությունը հեռուստատեսության ոլորտում, որը դարձել է  իշխանության մենաշնորհը,
  • սահմանափակել տնտեսական մենաշնորհները և խրախուսել մրցակցությունն ու նախաձեռնողականությունը։

Եվ, իհարկե, իմ նախընտրելի նախագահը պետք է շատ, ցավագին կերպով սիրի իր երկիրը, լեզուն, մարդկանց, որովհետև միշտ լինելու են իրավիճակներ, երբ ոչ թե գիտելիքներն ու փորձը, այլ այդ սերն է թելադրելու ելքը։

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

mynews.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս