«Օրենքով գողերը» կայացրել են Դեդ Հասանի դահիճների դատավճիռը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) համակիրներն ամփոփել են սեփական հետաքննության արդյունքները՝ կապված իրենց առաջնորդի սպանության հետ:

Ընդհանուր առմամբ, Ուսոյանի կլանի մաֆիոզիները վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոսկվայում կազմակերպել են նվազագույնը 4 սխոդկա: Մեղավոր է ճանաչվել «օրինաճանաչ» Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի):

Նրա և նրա անդամների նկատմամբ կայացվել է դատավճիռ: «Օրինաճանաչները» խոստովանել են, որ երկար տարիների ընթացքում Ուսոյանը ձեռք է բերել բազում թշնամիներ, սակայն սեփական հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ նրա սպանության հետևում կանգնած է «օրինաճանաչ» Ռովշան Ջանիևը:

Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է. Մոսկվայում սպանվել է Ռովշանի «աջ թև», «օրինաճանաչ» Ռուֆաթ Նասիբովը (Ռուֆո Գյանջանսկի): Իրավապահ մարմիններում եղած աղբյուրը հայտնել է, որ երբ հունվարի 16-ին դիպուկահարը կրակեց Ուսոյանի վրա, Նասիբովը գտնվում էր Ուկրաինայի տարածքում, սակայն Ուսոյանի մահից հետո նա ժամանում է Մոսկվա՝ ձգտելով թաքցնել իր ներկայությունը:

Կարդացեք նաև

Մոսկվայում նրա գտնվելու մասին գիտեր մարդկանց շատ նեղ շրջանակ, սակայն ի վերջո մեկնումեկն այդ տեղեկատվությունը հասցրել է Դեդ Հասանի կլանին: Հունվարի 28-ի գիշերը Նասիբովի վարձակալած բնակարանին է մոտենում վարձու մարդասպանների մեքենան, որոնք էլ սպանելով «օրենքով գողին», նրա դիակը դնում են բեռնախցիկի մեջ և տանում անհայտ ուղղությամբ:

Նրա դիակը չի հաջողվել հայտնաբերել: Դեռ հայտնի չէ, թե Ուսոյանի կլանից ով է կազմակերպել այդ ամենը: Սակայն սպանության վայրից զոհին իր հետ տանելու ձեռագիրը բնորոշ է «օրինաճանաչ» Նադիր Սալիֆովին (Լոտու Գուլու): Նա վերջերս շատ մոտ էր Դեդ Հասանի հետ (սխոդկաներից մեկի ժամանակ Սալիֆովին զրկել էին «օրենքով գողի» տիտղոսից, սակայն Դեդ Հասանն այն վերադարձրել էր նրան) և հանդիսանում Ռովշան Ջանիևի կատաղի թշնամին:

Լոտու Գուլուն ներկայումս տևական ազատազրկում է կրում Ադրբեջանում, սակայն ազատության մեջ են գտնվում (այդ թվում նաև Մոսկվայում) նրա խմբավորման բազմաթիվ անդամներ: Ըստ իրավապահ մարմինների՝ Նասիբովը Հաջի Ելցուևի և «Կաղ» մականվամբ ադրբեջանցու (Ռուսաստանում ձերբակալվել է 2012 թվականին) հետ մեկտեղ հանդիսանում էր այն երեք անձանցից մեկը, ում վստահում էր չափազանց զգուշավոր Ջանիևը:

Այս եռյակը կազմակերպել է Ռովշանի շահերի համար իրականացված բազմաթիվ սպանությունների պատվիրումը: Նրանք մեղսակից են տասնյակ սպանությունների: Նասիբովը Մոսկվա ժամանեց Ուսոյանի սպանությունից մեկ շաբաթ անց, և շուտով նրան ուղարկեցին այն աշխարհ: Ի դեպ, հունվարի 18-ին Սուխումում սպանեցին ևս մեկ «օրինաճանաչի»՝ Աստամուր Գուլիային (Աստիկ Սուխումսկի):

Դատելով քրեական աշխարհի վերջին զարգացումներից՝ մոտ ժամանակներս կարող է ոչնչացվել Ռովշան Ջանիևի ողջ կլանը՝ ներառյալ Ջանիևը: Նա արել է իր գործը, և այժմ պետք չէ ոչ մեկին: Ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը հանդիսացող Ջանիևը քրեական գեներալներից շատերին անհրաժեշտ է եղել Դեդ Հասանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար:

Ուսոյանն այժմ սպանված է, Ռովշանի դրամական ռեսուրսները զգալիորեն նվազել են և նրա կարիքն այլևս չի զգացվում: Ավելին, հունվարին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել նրան: Իմանալով այդ մասին՝ Ջանիևը փախավ ԱՄԷ, ուր վերջին տարիներին անցկացրել է իր ժամանակի մեծ մասը:

Սակայն նրանով սկսել է զբաղվել Ռուսաստանի ՆԳՆ-ը, որը հաղորդագրություն է ուղարկել ԱՄԷ՝ մանրամասն ընդգծելով, թե ով է Ռովշան Ջանիևը, ինչպես նաև այն, որ նա 2012 թվականի դեկտեմբերին գանգսթերների սխոդկա է հրավիրել ԱՄԷ-ում: ԱՄԷ-ի իշխանոթյունները ստուգել են այդ տեղեկատվությունը, որը հաստատվել է: Դրանից հետո նրան Ջանիևին խորհուրդ են տվել լքել երկիրը: Իսկ Ջանիևը գնալու տեղ չունի: Եվրոպական յուրաքանչյուր երկրում նրան հեշտությամբ կվերացնի Ուսոյանի կլանը:

Տեսանյութեր

Լրահոս