«Ի՞նչ ասես, երբ երկրիդ Մշակույթի նախարարը բացեիբաց հայտարարում է «ես ժամանակակից արվեստ ոչ հասկանում եմ, ոչ էլ՝ սիրում եմ»
Քանդակագործ Սահակ Պողոսյանը 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո վերադարձել և բնակություն է հաստատել Հայաստանում, այսինքն՝ մի երկրում, որտեղից տարեկան 80.000 մարդ արտագաղթում է Հայաստանն այլևս վերածվում է հեռվից սիրելու երկրի։ Հայրենիքը հեռվից սիրելու գաղափարը նաև գրականության, կերպարվեստի, երաժշտության ու թատրոնի ստեղծագործական նյութ է դառնում։ Ս. Պողոսյանը կարծում է, որ մեր երկրում «քադաֆիացումն» ուշ թե շուտ պայթելու է, որովհետև հասարակության հուսահատության պատճառը ոչ այնքան տնտեսական, սոցիալական է, որքան՝ գաղափարական։
«Ես դիտող եմ, կյանքի հանդեսատես, և դերվիշի պես ասելիք ունեմ։ Այդ ասելիքը, փիլիսոփայությունն արտահայտում եմ որոշակի նյութերի միջոցով։ Ինձ մոտ նյութերը խոսում են կոնկրետ փաստերի մասին»,- ասում է Ս. Պողոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն աշխարհի էքստրեմալ տարածքներից մեկն է, որտեղից քանդակագործն ինֆորմացիա և իմպուլսներ ստանալով՝ մտքերը վերարտադրում է քանդակների տեսքով։
Դեռևս 20 տարի առաջ Ս. Պողոսյանը փորձում էր խոսել իսլամական ֆունդամենտալիզմի, կրոնի ագրեսիվության մասին։ Կյանքն այսօր նրա գործերի իլյուստրացիան է, քանի որ այն, ինչ տեսել և քանդակների միջոցով վերծանել է Ս. Պողոսյանը՝ կատարվել է։ Այլ կերպ ասած՝ կյանքը շարժվել է նրա քանդակների հետևից։
– Մեզ մոտ դեռ գոյություն չունի ժամանակակից արվեստի ձևավորված ինստիտուտ։ Չկա նաև արվեստի ընկալման ինտելեկտ, համաձայն որի՝ եկեղեցուն բարօրություն անելուց բացի, կգիտակցեն նաև աշխարհիկ կյանքի բարօրության անհրաժեշտությունը։ Մեր իրականության մեջ գոյություն ունեցող փողատերերն արվեստի մեջ ներդրում կատարելուց հետո կարող են դառնալ հարուստ, որովհետև արվեստն, առաջին հերթին, իրենց է հարստացնում։ Համաշխարհային պրակտիկայում մեծահարուստներն իրենք են հակված ներդրում կատարել արվեստում։ Օրինակ, Աբրամովիչի կինը կարողացավ նրան համոզել, որ ունեցած անսահման կապիտալից պետք է նաև ծախսել արվեստի վրա, որպեսզի երկրի մշակույթը հարստանա։ Ի վերջո, արվեստի վրա ծախսած փողն անմիջապես դառնում է պատմություն, մշակույթ։
– Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կինն էլ ցուցասրահ ունի։ Արդյոք դա ներդրում չէ՞ արվեստի դաշտում։
– Երբ Տիգրան Սարգսյանը դեռ նոր էր վարչապետ նշանակվել, նրա կինը՝ Գոհարը, որոշեց զբաղվել այնպիսի ոլորտով, որով կտարբերվի մյուսներից։ Այդ գալերեայի կյանքը շատ կարճ տևեց, կարծեմ՝ մեկ տարի, որից հետո տարածքը փակվեց։ Իմ հիմնավորումն այն է, որ ուղղակի իրենք արվեստ շատ չէին սիրում։
– Այսինքն՝ վարչապետի կինն իր կամ ամուսնու հեղինակության հա՞րցն էր լուծում։
– Կցանկանայի մտածել, որ զուտ հեղինակության հարց է, բայց իբրև «գալերեյշչիկի» հետաքրքրություններով անձ նա հայտ չներկայացրեց։ Մի քանի մարդիկ էին գալերեայում նստում, հետո մի քանի ցուցահանդես արեցին։ Չեմ կարծում, թե բիզնես կազմակերպելու ակնկալիք կար, որովհետև չես կարող բիզնես անել մի ոլորտում, որից ոչինչ չես հասկանում։ Ես փորձեցի իրենց մոտ իմ «Մարդ դրամ» նախագծի շնորհանդեսն անել, բայց, բնականաբար, ոչ հասկացություն, ոչ էլ՝ շարունակություն եղավ։ Իրենք պիտի մտածեին և պատասխանեին, բայց մինչ օրս չեն մտածել։ Ինչպես սովորաբար Հայաստանում լինում է՝ կիսատ մտածելով, կիսատ որոշումներ կայացնելով է ամեն ինչ արվում ու, հայի սովորության համաձայն, ամեն ինչ անավարտ է մնում, ճանապարհի կեսից անհետանում են։ Օրինակ, նույնիսկ քաղաքի շենքերն են կիսատ։ Եթե նկատել եք` մեր քաղաքում կառուցվող շենքերից նախագծով մինչև վերջ կառուցվում են միայն այն շենքերը, որոնք դրսի ընկերությունները, արտասահմանցի ներդրողներն են կառուցում։ Վազգեն Սարգսյանի փողոցում Իտալական մի շենք է կառուցվել։ Նայում ես ու զգում ես, որ մարդիկ նախագծով կառուցել են իրենց երազած շենքը։ Մեր՝ հայերիս մոտ այդպես չէ, արևելյան մենթալիտետի կրող ենք, շատ արագ ոգևորվում ենք ու շատ արագ էլ սպառում ենք այն։ Արդյունքում, ամեն ինչ մնում է կիսատ։
– Ինչո՞ւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընկալում արվեստով ներկայանալու անհրաժեշտությունը (ինչը նաև նախընտրական փուլում PR-ի լավ հնարավորություն է)։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հանրությունը երկրի վերնախավի նախասիրություններն ընդունում է` որպես օրինակ կամ չափանիշ։
– Չեն սիրում արվեստ։ Մեր կամ համաշխարհային ժամանակակից արվեստի ընկալումով` Հայաստանի վերնախավում ես մարդ չեմ ճանաչում։ Այսինքն՝ մարդ, ով կփորձի իր հետաքրքրությունների շրջանակը տեղավորել արվեստի տարածքում։ Ի վերջո, ամբողջ աշխարհում ապահովված մարդիկ են արվեստով զբաղվում, որովհետև ոչ այնքան ապահով մարդը կարող է հասկանալ արվեստ, բայց արվեստով զբաղվել չի կարող։ Այսօր ակտուալ է «բարձր հովանու ներքո» արտահայտությունը։ Դա արվեստ սիրելու ինստիտուցիան է, այսինքն՝ մարդ, ով հավելյալ հնարավորություններ, արժեքներ ունի, ով, ասենք, ստեղծում է իր սեփական կոլեկցիան։ Մինչդեռ մեզ մոտ նույնիսկ կոլեկցիա հավաքելու մակարդակը դեռ չի ձևավորվում, որից հետո արժևորելու նոր չափանիշները, որպես կապիտալ ընկալելու կուլտուրան պետք է ի հայտ գա։ Օրինակ՝ Փոլ Գեթն արվեստից ոչինչ չէր հասկանում, բայց գիտակցում էր, որ արվեստը միակ տեղն է, որտեղ ներդրումներն անկորուստ են։ Նույնիսկ վերնիսաժից գնված ամենապարզունակ աշխատանքն իր արժեքից ոչ թե պակասում, այլ՝ սկսում է աճել։ Ավելի լուրջ դեպքերում դրանք երկրաչափական պրոգրեսիայով են աճում։ Եթե այսօր ինչ-որ մեկը Վան Գոգի գործը 60մլն դոլարով է ձեռք բերում, հավատացնում եմ՝ երկու տարի հետո նա 120 մլն-ով է վաճառելու այդ գործը։
– Ինչո՞ւ մեր մեծահարուստներն արվեստի գործը` որպես կայուն, զարգացող կապիտալ ընկալելու գիտակցությունը չունեն։
– Մեզ մոտ ներդրումը կատարվում է անշարժ գույքի ոլորտում։ Կարող են հող գնել, մի քանի տուն գնել, իսկ դա գալիս է հետաքրքրությունների շրջանակից, ինֆորմացիայի և կրթության պակասից։ Ի վերջո, դա նաև վկայում է մեր մեծահարուստների ներաշխարհի հարստության և դրա բացակայության մասին, ընդ որում՝ ավանդաբար չենք ունեցել։ Դրանք խորքային խնդիրներ են, որովհետև գալիս է թագավորություններից։ Եթե մարդն արքունիք է ունեցել, թագավոր է, ազնվականություն է ունեցել, բնականաբար, դարերի ընթացքում ազնվականությունն է դաստիարակել։ Մեզ մոտ այդ ինստիտուտը բացակայում է, և, եթե որպես արժեքային համակարգ ձևավորված ինչ-որ բան կա, ապա դա եկեղեցում է։ Եկեղեցու համար խաչքարն արժեք է, այսինքն՝ գեղարվեստական արժեք է, որը պահպանվում է եկեղեցու կամ պետության կողմից։ Տվյալ դեպքում գոյություն ունի մեծ սպեցիֆիկա՝ սա է, սրանից դուրս մենք ոչինչ չենք ընդունում։ Եկեղեցական արվեստը կոնկրետ մշակույթ է, որը պաշտպանվում է եկեղեցու կողմից, մինչդեռ եկեղեցին աշխարհիկ արվեստի ջատագով չէ։ Ի վերջո, երբ երկրիդ Մշակույթի նախարարը բացեիբաց հայտարարում է, որ՝ «ես ժամանակակից արվեստ ոչ հասկանում եմ, ոչ էլ սիրում եմ», ի՞նչ ասես… Մարդ, ով պետության կողմից նշանակված է այդ գործառույթն իրականացնելու համար, թույլ է տալիս նման մտքեր հնչեցնել։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկել էր Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), որտեղ ասաց՝ «Ես այստեղ ոչինչ չեմ հասկանում, ինձ հետաքրքիր չէ։ Այսօրվա լավագույն արվեստաբաններից մեկը՝ Վարդան Ազատյանը, փորձեց նրան բացատրել, բայց նա ընդհատեց Վարդանին ու հեռացավ։ Նա կարող էր չհասկանալ, բայց նախագահի, Մշակույթի նախարարի պաշտոնները զբաղեցնող մարդիկ չպետք է իրենց թույլ տան նման արտահայտություններ բարձրաձայն հնչեցնել։ Երբ վերևներում նման հայտարարություններ են անում, չի կարող ավելի ցածր հիերարխիայի մարդը հետաքրքրություն ցուցաբերել արվեստի նկատմամբ։ Մեզ մոտ անհատականության ինստիտուտը պակասում է, որի արդյունքում ստերեոտիպային բնազդով մարդը մշտապես կրկնում է իրենից վերև կանգնած մարդուն։
– Փաստորեն, շարունակելու ենք եկեղեցիներ կառուցել ու փառաբանել «արվեստի» պրիմիտիվիզմը։ Թանգարան, պատկերասրահ կառուցելը բարեգործություն չէ՞։
– Բարեգործություն կատարելու մշակույթն էլ չի ձևավորվել, որովհետև մեկը մյուսին կրկնելու բարդույթից ելնելով են դա անում։ Օրինակ, երբ մի օլիգարխ եկեղեցի է կառուցում, մյուսը կրկին եկեղեցի կառուցելու փոխարեն՝ կարող է մանկատուն կամ թանգարան կառուցել։ Բոլորը գոռում են՝ էս երկրում թանգարան, գրադարան, պատկերասրահ չկա, կառույց չկա, որպեսզի պահպանեն ազգային գանձերը, և ոչ մեկի մտքով չի անցնում` իր անունը հավերժացնելու համար այդ հարցը լուծել։
– Հայաստանից արտագաղթողների մեջ մեծ թիվ են կազմում արվեստագետները, ովքեր իրենց այդ որոշումը պատճառաբանում են ինքնադրսևորվելու տարածքների բացակայությամբ։ Աշխարհը բաց է արվեստի համար։ Հայաստանում արվեստը ստղեծվում է, սակայն սպառողը փակ է ստեղծագործությունն ընկալելու համար։
– Այսօր Հայաստանը չունի արդիական մտքի, արվեստի պահպանման, արխիվացման և գեներացման կառույց։ Սովետական ժամանակաշրջանի նույն ինստիտուտներն են, որոնց գործելակերպը նույն սովետական ժամանակաշրջանինն է։ Մշակութային կառույցների օրենքները ստալինյան ժամանակաշրջանի սահմանադրություններից պահպանված օրենքներն են։ Երկիրը 20 տարի է, ինչ անկախ է, որի ընթացքում արտադրել է մշակույթ, սակայն, որը ոչ մի տեղ պահպանված չէ։ Երբ ասում ես՝ միանգամից ասում են՝ Ժամանակակից արվեստի թանգարան։
– Հայաստանի խայտառակությունն է Ժամանակակից արվեստի նման թանգարան ունենալը։ Մինչև անգամ ամոթ է զբոսաշրջիկներին այն որպես թանգարան ներկայացնելը։
– Դու ասացիր… Այո°, ամոթ է։ Ժամանակակից արվեստի թանգարանը 70-ական թվականների համար շատ արդիական էր, որի համար շնորհակալ ենք այդ թանգարանը ստեղծող մարդկանց։ Մինչդեռ այն իր ժամանակն ապրեց, և այսօր ապրեցնել մի բան, որը վաղուց չի ապրում, պատմություն է, և մատուցել՝ որպես այսօրվա արժեք, զավեշտալի, տխուր է։ Լավ, հասկացանք, մեր մատյաններն ու Նարեկացին, էպոսը հազար տարի առաջ եղել են, բա այսօր… այսօրվա արժեքը ո՞րն է, կամ այսօր ո՞րն ենք որոշում պահպանել։ 1980-1990-ական թվականները Հայաստանի համար թռիչքային էին, որովհետև բավական լուրջ մշակութային արժեքներ ծնվեցին այստեղ։ Սակայն այդ ժամանակ ստեղծված արժեքներից շատերը «քոռուփուչ» եղան, դուրս եկան, կորան, գնացին, որոնք այսօր կարող էին համակարգված արխիվացվել։ Մեկը մի օր հարցնելու է, թե՝ Անկախության տարիներին դուք ի՞նչ եք արել, ի՞նչ մշակույթ եք ստեղծել։ Պետության գանձերը պահելը պետության գործառույթն է։ Ի վերջո, պետությունը պարտավոր է պահպանել մշակույթը և հողը, իսկ մեզ մոտ նախագահականում ասել են, որ ամենակարևորը հողի պաշտպանության հարցն է։ Հողը պաշտպանվում է ժողովրդի համար, իսկ ժողովուրդը մշակույթ է կերտում։ Հետևաբար, եթե մշակույթը չի պահպանվում, ուրեմն՝ այդ հողը ոչ մեկին պետք չէ, ժողովուրդն էլ պետք չէ։ Հողի պաշտպանությունը դառնում է ինքնանպատակ։
-Մայրաքաղաքում ստեղծվող քանդակների մեջ ժամանակակից մտքեր կա՞ն։
– Այն, ինչ այսօր ստեղծվում է՝ 80-90 տարի առաջվա էսթետիկայի չափանիշներով է։ Վրաստանում եկավ մի նախագահ, որը սովետական դպրոցից դուրս էր, և շատ բան փոխվեց։ Օրինակ, Բաթումում մի քանդակ դրվեց, որը կարող էր Փարիզում, Նյու Յորքում կամ Վաշինգտոնում դրվել։ Այդ քաջությունը ցուցաբերվեց։ Մեզ մոտ հերոսները մարմնական մահարձանների տեսք ունեն։ Անհատի համար մահարձանը դնում են գերեզմանոցում, բայց Հայաստանում մի մահարձան էլ տեղադրում են քաղաքի կենտրոնում։