Ալեքսան Հարությունյանի պարտավորություններն ստանձնել է Ստեփան Զաքարյանը
Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները դադարելուց հետո (փետրվարի 1) խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ Հանրայինի «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հեղինակայի հաղորդաշարի մեկնաբան Ստեփան Զաքարյանի վրա։
Ի պատասխան Tert.am-ի հետ հարցի, թե ինքը մասնակցելու՞ է խորհրդի նախագահի թափուր տեղի մրցույթին, Ստեփան Զաքարյանը (նշենք, որ նրա անունը ևս սկսել է շրջանառվել Խորհրդի նախագահի թեկնածուների թվում) նշեց, որ պետք է հայտարարվի ոչ թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի, այլ խորհրդի անդամի թափուր տեղի մրցույթ, որն էլ իր կազմից պետք է ընտրի խորհրդի նախագահ՝ ձայների մեծամասնությամբ:
«Մենք կարող ենք հիմա էլ կատարել խորհրդի նախագահի ընտրություն, բայց կարծում եմ՝ կսպասենք մինչև լինի նոր անդամը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Զաքարյանը։
Նշենք, որ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների դադարեցումից հետո խորհուրդն ունի չորս անդամ՝ Ստեփան Զաքարյանը, հաղորդավար Նառա Շլեպչյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Սարգիս Մուրադխանյանը:
Իսկ մինչ այդ, համաձայն օրենքի, խորհրդի հինգերորդ անդամի թափուր տեղի համար պետք է հայտարարվի մրցույթ: Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է խորհրդի անդամ։
Իսկ մինչ այդ խորհրդի նախագահի պարտականություններն իրականացնողը ՀՀ նախագահին պետք է տեղեկացնի խորհրդի թափուր տեղի առկայության մասին, ապա պետք է այս մասին ծանուցող հայտարարություն տպագրվի լրատվամիջոցներում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի առաջադրման համար սահմանված է առնվազն տասնօրյա ժամկետ:
Հիշեցնենք, որ Խորհրդի նախագահի թեկնածուների թվում շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի, «Շարմ» հոլդինգի հիմնադիր Ռուբեն Ջաղինյանի, իսկ վերջին շրջանում նաև՝ նույն Ստեփան Զաքարյանի անունները: