«Ռուսական գաղտնի ծառայություններն այդքան անորա՞կ են, որ վրիպեցին»
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին զայրացրել են այն հայտարարությունները, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ռուսական գաղտնի ծառայություններն են կազմակերպել: Արամ Հարությունյանը սա համարում է քաղաքական ավանտյուրա և դավաճանություն:
«Անել նման անպատասխանատու հայտարարություն՝ մանկական տարբերակով, քաղաքական ավանտյուրա է: Հիմա հստակ հակառուսական քարոզ է տարվում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արամ Հարությունյանը: Նրա համար զարմանալի է, որ Պարույր Հայրիկյանի արած հայտարարությունը, թե ռուսական ծառայություններին է կասկածում իր դեմ կատարած մահափորձի մեջ, իշխանություններն անարձագանք են թողնում, ավելին՝ իրենց լռությամբ նպաստում են այդ կարծիքի ամրապնդմանը: Արամ Հարությունյանը դա համարեց հակապետական քայլ: Նա աններելի համարեց այդ հայտարարությունները՝ հատկապես, որ տարածաշրջանում մենք խնդիրներ ունենք հարևանների հետ, ունենք ղարաբաղյան խնդիր: Նա տարակուսեց, թե արդյո՞ք ռուսական ծառայություններն այդքան անորակ են, որ վրիպեցին:
«Չի կարելի մի հատ ընտրության համար, մի հատ երկրորդ, երրորդ տեղի համար օգտագործել այդ ամեն ինչը: Կարևոր չէ արդեն՝ ով է կազմակերպել»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը նշեց, որ մահափորձը լիովին փոխեց քարոզարշավի ընթացքը: Մինչ այդ կատարվում էր քարոզարշավ՝ քննադատություններով, հացադուլով, իսկ հիմա բոլորը լծվել են վիրտուալ թշնամու կերպարի ստեղծմանը: Նա նշեց, որ կատարված կրակոցով փոխվում է ընտրությունների սցենարը: «Սցենարը փոխել են, երկրորդի տեղի համար իրենք շնորհավորող մարդ էին ման գալիս, հիմա գտել են: Րաֆֆիի վրա կասկածում էին, որ կշնորհավորի: Պարույրը հաստատ կշնորհավորի, Բագրատյանը 50/50 է»,- կարծիք հայտնեց Արամ Հարությունյանը: