Չկա երաշխիք, որ Հայրիկյանի դեմ կատարվածը չի կրկնվի (տեսանյութ)

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանն ասաց.  «Շտապ օգնությունն ամեն օր առավոտյան և երեկոյան ստուգում է ինձ, ճնշումս են չափում, գանգատների մասին են հարցնում»:

Մեզ հետ զրույցում թեկնածուն հայտնեց, որ դեռևս բժշկական հետազոտությունների չի դիմել, բայց մի քանի օրից կդիմի՝ պատկերացում կազմելու առողջական վիճակի մասին: «Բայց կրկնում եմ, որ հացադուլը կապված չէ առողջության մասին մտահոգություններին: Ինձ համար գոյութուն ունի նպատակ, խնդիրներ, որոնք էլ ես դրել եմ իմ առջև»:

Ինչ վերաբերում  է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածներին, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ անձնական տեսակետ այս հարցի առնչությամբ չունի: «Պետք է սպասենք, որ ստանանք իրավապահ մարմինների, ԱԱԾ-ի բացատրությունները:  Բայց ասել եմ ու կրկնում եմ, որ բոլոր թեկնածուները, բացի Սերժ Սարգսյանից, հիմա գտնվում են վտանգի մեջ: Վտանգված է նաև Պարույր Հայրիկյանը, որովհետև չկա մի երաշխիք, որ Հայրիկյանի դեմ կատարվածը չի կրկնվի: Կարծում եմ՝ մոտ օրերս արդեն կկազմվի և կտարածվի նաև ֆոտոռոբոտը: Բնականաբար, այս իրավիճակը կարող է կանգնել, երբ հայտնաբերվեն կատարողն ու պատվիրատուն»:

Հարցին, թե՝ հավանական համարո՞ւմ եք մահափորձի վարկածների մասին շրջանառվող տեսակետները, ըստ որոնց մեծամասնության՝ դեպքը շինծու է, կամ, որ հեղինակները գործող իշխանություններն են, հացադուլավոր թեկնածուն պատասխանեց. «Կարեն Ավագյանը կարծում է, որ ես ջրի փոխարեն՝ բուլյոն եմ խմում: Միգուցե հենց նույն Կարեն Ավագյանն էլ համարում է, որ Հայրիկյանն ինքն իր վրա՞ է կրակել: Իհարկե, կան ամեն ինչում թերահավատ կարծիքներ, որոնք ես համարում եմ մտքի թռիչքի արդյունք: Պարզապես տեսակետներ հայտնելը չեմ ընդունում՝ Կարեն Ավագյան, արի տես, սա սո՞ւպ է, թե՞ ջուր»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս