Արդյոք ճի՞շտ վարվեց Լևոն Տեր-Պետրոսյանը. այսօր փետրվարի 3-ն է
Այսօր լրացավ 1998 թ. իշխանափոխության և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 15-ամյակը:
Այս թեմայով 168.am-ը զրուցեց Լևոն Տեր-Պետրոսյանի այժմյան քաղաքական դաշնակիցներից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանի հետ: Վերջինս` ի պատասխան մեր հարցին, թե 15 տարվա հեռավորությունից ինչպե՞ս է գնահատում Տեր-Պետրոսյանի այդ քայլը և ո՞րն է դրա պատմական դասը, պատասխանեց. «Բարձր եմ գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի վճիռն այդ պահին, առավել ևս երբ վերջին 15 տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպիսի համառությամբ են, այսպես կոչված, իշխանավորները, նախագահները փորձում պահել իրենց աթոռները: Այդ տեսանկյունից բարձր եմ գնահատում 1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի կատարած քայլը»:
Պետրոս Մակեյանը միաժամանակ հիշեցրեց, որ 1998 թ. իրենք արդեն ընդդիմության մեջ էին, չնայած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը դեռ չէր կայացել, սակայն ԱԺ Հայրենիք պատգամավորական խումբը, որի կազմում է եղել նաև Պ.Մակեյանը, Էդուարդ Եգորյանի գլխավորությամբ առանձնացել էր իշխող Հանրապետություն միավորումից:
«Անկեղծ պետք է լինեմ. մեղմ ասած` մենք այնքան էլ դժգոհ չէինք, որ հրաժարական տվեց, որովհետև արդեն լինելով դեմ այդ իշխանության քաղաքական գծին` մենք գոհ էինք այդ քայլից, բայց այն, ինչ հետո ստացվեց, արդեն մեր գոհ լինելը, այն, որ մենք մտածում էին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նախադեպ կլինի ապագայի համար, և եկող նախագահները չեն կառչի իրենց աթոռներից, ցավոք սրտի, ֆանտազիայի ոլորտից մեր երազանքները կամ կանխատեսումներն իրականություն չդարձան»,- անկեղծացավ Պետրոս Մակեյանը:
Նա ավելացրեց, որ հետադարձ հայացք գցելով` կարելի է ասել, որ այժմ մեր պետականության անվտանգությունը շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան 1998 թվականին, քանի որ, նրա խոսքերով,« այն ժամանակ ընտրակեղծիքի համակարգն այսպես հստակ չէր գործում», և, բացի այդ, այսօր երկիրը գնալով դատարկվում է:
Մենք հետաքրքրվեցինք, թե, ըստ Պետրոս Մակեյանի, արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը համոզվա՞ծ էր, որ իր քայլը կարող է նախադեպ և օրինակ դառնալ իր հաջորդների համար` հարկ եղած դեպքում հրաժարվելու իշխանությունից:
«Ճիշտն ասած`ամենավատ երազում չէինք պատկերացնում, որ այսպիսի համակարգ կձևավորվեր և այսպիսի վիճակ կստեղծվեր: Երբ երկրի նախագահը, իր ժամկետը չլրացած, հրաժարական է տալիս, դա բնականաբար կարող էր նախադեպ հանդիսանալ, բայց, կրկնում եմ, այն, ինչ մենք հետո տեսանք, հնարավոր չէր պատկերացնել անգամ ամենավատ երազում»,- ի պատասխան ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ 1998 թ. փետրվարի 3-ի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և նրա կողմնակիցների` իշխանությունից հեռանալուց հետո ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ով արդեն երկու ամիս անց դարձավ ՀՀ նախագահ: