
Գոռ Սուջյան. «Ես ինքս ուրիշների հաշվին ինքնահաստատվելու կարիք չունեմ»

«Դորիանս» ռոք խմբի և, մասնավորապես, խմբի մենակատար Գոռ Սուջյանի անվան շուրջ տարբեր խոսակցություններ սկսեցին ծավալվել այն բանից հետո, երբ վերջերս հայտնի դարձավ, որ խումբն այլևս չի աշխատում պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ: Այդ փաստի շուրջ ծավալված քննարկումներին մասնակցեցին թե շոու-բիզնեսի ներկայացուցիչները, թե Գ. Սուջյանի և Վ. Գևորգյանի հարազատներն ու ընկերները: Այդ խոսակցություններն առավել թեժացան, երբ հայտարարվեց, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնելու է Գոռ Սուջյանը: Ինքը՝ երգիչը, 168-am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունն իր համար անակնկալ է եղել:
– Հայաստանն եք ներկայացնելու, ինչը մեծ պատասխանատվություն է: Սպասո՞ւմ էիք, որ Դուք կլինեք հայաստանյան հերթական մասնակիցը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
– Ճիշտն ասած ՝ շատ անսպասելի էր: Ուրիշ ծրագրեր էի պլանավորել, բայց առաջարկը ստացա ու զգացի, որ ցանկություն ունեմ մասնակցելու:
– Ի՞նչ եք կարծում, հեշտ կլինի՞ Ձեզ համար մասնակցությունը, մանավանդ, երբ այլևս պրոդյուսերի հետ չեք աշխատում:
– Մենեջեր դեռ չունեմ, բայց շուտով կունենամ: Շատ ճիշտ եք՝ դժվար կլինի, բայց մի քանի օրից կլինի մարդ, ով կզբաղվի կազմակերպչական հարցերով: Դեռ չգիտենք, թե ո՞վ կլինի:
– Կազմակերպչական աշխատանքներից բացի, ինչո՞վ եք հիմա զբաղվում:
– Հիմա աշխատում ենք երգերի վրա: Մեզ միացել են նաև շատ կոմպոզիտորներ, որոնց հետ հիմա աշխատում ենք, այդ թվում՝ նաև կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:
– Արդեն պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոճի երգեր եք ներկայացնելու «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին:
– Կարծում եմ, որ մեր ոճից դուրս չի լինի, այսինքն՝ ամեն ինչ կլինի բնական ու անկեղծ: Դա եմ կարևորում:
– Շատ համեստ մարդեք, դրա մասին վկայում են Ձեզ ճանաչող մարդիկ: Համեստությունն աշխատանքին չի՞խանգարում:
– Դե, դա բնավորություն է՝ լինի լավ, թե վատ: Դրա համար ես կունենամ մենեջեր, որ հանգիստ համեստություն անեմ:
– Համեստ էիք նաև Ձեր հասցեին հնչած վերջին օրերի մեկնաբանությունների ժամանակ: Ինչո՞ւ, ասելու ոչինչ չունեի՞ք, թե՞ուղղակի չէիք ուզում պատասխանել:
– Կարծում եմ՝ անիմաստ է մեկնաբանություններին մասնակցել: Բոլորի կարծիքը չի կարող միանշանակ դրական լինել: Շատերն աբսուրդ բաներ գրեցին: Ես ինքս ուրիշների հաշվին ինքնահաստատվելու կարիք չունեմ: Ես գիտեմ, թե ես ով եմ, ինչ պետք է անեմ, ինչի վրա պետք է աշխատեմ: Առողջ քննարկումներն ընդունում եմ:
– Շոու–բիզնեսից էլ գտնվեցին մարդիկ, ովքեր շնորհավորեցին Ձեզ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու կապակցությամբ: Շոու–բիզնեսում կա՞ մեկը, ում խոսքն ու խորհուրդները Ձեզ համար կարևորեն:
– Բոլորի կարծիքներին էլ շատ նորմալ ու լավ եմ վերաբերվում: Բոլորի հետ շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ: Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ինձ առաջինը զանգահարել է Սոֆի Մխեյանը, որի համար շատ շնորհակալ եմ:
– Ասացիք, որ մինչ «Եվրատեսիլ» մեկնելու լուրը ստանալը՝ աշխաաում էիք և այլ պլաններ ունեիք: Ինչի՞ վրա էիք աշխատում:
– Աշխատում ենք նոր երգերի վրա, նոր երգեր կլինեն: Բայց հիմնական զբաղվածությունը, այնուամենայնիվ, կլինի մրցույթը:
– «Եվրատեսիլ» երգի մրցույթին խմբո՞վ եք մեկնելու և ելույթ ունենալու:
– Այո, խմբով ենք աշխատում ու դեռ կաշխատենք: «Եվրատեսիլին» էլ մեկնելու ենք միասին: