Միսը կթանկանա, բայց գնի մեծ թռիչք չի լինի. Արմեն Պողոսյան
Երեկ Մեդիամաքսի հետ զրուցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն ասել էր, որ գարնանը մսի գինը «շեշտակի կբարձրանա»: 168.am-ի հետ զրույցում «Հայաստանի սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ ինքը ևս մսի գնի թանկացում է կանխատեսում: Նրա կարծիքով՝ գինը կաճի, բայց մեծ թռիչք չի լինի:
«Դա բնական երևույթ է. անցյալ տարի կերի աճը վատ էր, և դա կհանգեցնի կենդանիների մորթի, կերը անասուններին չի հերիքի: Մորթին կհետևի գլխաքանակի պակասումը: Արդյունքում մսի գինը կաճի: Դա բնական երևույթ է»,- ասաց Արմեն Պողոսյանը: Նա միաժամանակ նշեց, որ ասվածը չի նշանակում, թե եղանակներ չկան մսի թանկացումը կանխելու համար, սակայն համապատասխան մարմինները չեն կարողանում կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ. «Բնական երևույթի դեմ տրտնջալը նշանակում է անմիտ և ապաշնորհ քաղաքականություն: Միշտ էլ կան եղանակներ, բայց մենք չենք կարողանում կազմակերպել ջրի պաշարները, հետո էլ ասում ենք՝ երաշտ էր: Մեր ջրամբարները կիսադատարկ էին, այն ժամանակ, երբ ասում էին՝ երաշտ էր: Երաշտը բնական երևույթ է, սակայն դրան պետք է պատրաստվել: Դրա համար մենք ունենք հզոր պոտենցիալ: Այդ ջուրը պետք է գարնանը կուտակել, իսկ ամառվա ընթացքում օգտագործել ոռոգման համար»:
Արմեն Պողոսյանը նաև ասաց, որ Հայստանի որոշ վայրերում կերը համեմատաբար առատ է. «Մեկը Շիրակի մարզն է, մյուսը՝ Ճամբարակը: Եթե այդ վայրերում ապրող մարդկանց համապատասխան աջակցություն լինի, նրանք կարող են բազմացնել գլխաքանակը: Այս մարդկանց պետք է տնտեսապես աջակցել վարկերի ձևով, արտոնությունների ձևով: Կարելի է նաև ապագա բերքը երաշխավորել և գնել, ինչը կօգնի գյուղացուն»: