«Եթե քաղաքական միջամտություն չլինի, պարզ է, որ օլիգարխը փողը կտա, իր ուզած վճիռը կստանա»

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներն ու հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ  այսօր բողոքի երթով շարժվեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ: Երթի մասնակիցները պահանջում էին, որպեսզի դատարանը հանի օրաթերթի և նրա լրագրող Սոնա Գևորգյանի վրա դրված գույքի արգելանքը:

«Հունվարի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից նամակ ստացել է, ըստ որի՝  Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին ու լրագրողին՝ պահանջելով 3 մլն դրամ: Մենք հրապարակել ենք տեղեկություն, որ Խաչիկ Խաչատրյանը հավկիթ է իրացնում շուկայում, որոնք ժամկետանց են: Խաչիկ Խաչատրյանը վիրավորվել է ու համարել, որ իր բարի համբավը մենք արատավորել ենք: Նա միջնորդություն է ներկայացրել, որպեսզի կալանք դրվի օրաթերթի և լրագրողի գույքի վրա: Դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել է այդ միջնորդությունը: Դատավորը միջնորդությունը միանգամից բավարարել է, որևէ դատական նիստ չի եղել այս ընթացքում»,- պատմեց օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս քայլը հարված է իշխանություններին նախընտրական շրջանում. «Ես կարծում եմ՝ եթե իշխանություններն ունենան տրամաբանական քայլեր անելու ցանկություն, նրանք անպայման պետք է հորդորեն Խաչիկ Խաչատրյանին, որպեսզի հետ վերցի իր նրկայացրած դատական հայցը, որովհետև այս քայլը պարզապես հարված է իշխանություններին նախընտրական այս շրջանում խոսքի ազատության դեմ, ըստ էության, ոտնձգություն է տեղի ունեցել իրենց կողմից հովանավորվող գործարարի կողմից»:

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որ նույնպես մասնակցում էր ակցիային, 168.am-ի հետ զրույցում ասաց. «Այս գործընթացը նոր չէ, վաղուց է սկսված, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգի գոյատևման խնդիրն այն է, որ ազատ խոսք չլինի, իսկ եթե լինի, ինչպես հիմա է Հայաստանում թվացյալ պիտի լինի այնքան, ինչքան իրենք են թույլ տալիս: Այս գործընթացը հերթականն է ու կշարունակվի»:

Հարցին՝ ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Եթե քաղաքական միջամտություն չլինի, պարզ է, որ օլիգարխը փողը կտա, իր ուզած վճիռը կստանա: Իսկ եթե քաղաքական միջամտություն եղավ, հանարավոր է, բայց դատարանը դա որոշողը չէ: Կամ փող տվողը՝ օլիգարխը, կամ էլ քաղաքական պատվերը՝ թատերական պրոցեսը ներկայացնելու համար»:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ևս եկել էր աջակցելու օրաթերթին: «Այն, որ այսօր այս քարոզարշավի ընթացքում մեծահարուստներից մեկի ձեռքերով փորձ է արվում խեղդել «Ժողովուրդ» թերթը, մեծահարուստներից մյուսի ձեռքերով փորձ է արվում խեղդել Հայաստանի քաղաքագետների միությունը, ցույց է տալիս, որ իշխանություններն ամենևին էլ չեն հրաժարվել այս շրջանակների ծառայություններից, ընդունել են այդ ծառայությունները»:

Երթին կարճ ժամանակով միացավ նաև նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ով նշեց, որ եկել է իր աջակցությունը հայտնելու օրաթերթին. «Թերթը ճիշտ ա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Joxovurd-tert01

Joxovurd-tert5252

Joxovord-tert

Joxovord-tert01

Joxovord-tert02

 

Տեսանյութեր

Լրահոս