Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 6 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հունվարի 29-ի դրությամբ ստացված հաղորդումների ու դրանց քննարկման արդյունքների մասին:

1. 2013թ. հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 8-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին և նրա աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ, 143-րդ, 149-րդ, 178-րդ, 223-րդ, 226-րդ, 299-րդ, 300-րդ, 3001-րդ, 304-րդ, 308-րդ, 309-րդ, 322-րդ, 334-րդ, 335-րդ, 389-րդ, 392-րդ և 393-րդ հոդվածներով պատասխանատվության ենթարկելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ չնայած հղում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների, սակայն նրա կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում: Օրենսդրական փոփոխություններ իրականացնելը դատախազական գործառույթներ չեն:

2. 2013թ. հունվարի 21-ին «www.aravot.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է «Սերժ Սարգսյանի շտաբներում փող են բաժանում, հաղորդում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը» վերտառությամբ հոդվածը:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության շտաբ, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` հետագա քննարկման:

3. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 17:25-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանից այն մասին, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 33 շենքի մոտ իրեն խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ոստիկանություն ահազանգած Սուսաննա Բարխուդարյանը, սակայն վերջինս, պատճառաբանելով իր զբաղվածությունը, հրաժարվել է ներկայանալ:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կատարված դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

4. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի` 2013թ. հունվարի 15-ի բողոքը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով:
Դիմումատուին կրկին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում, իսկ բարձրացրած մյուս հարցադրումները դատախազական գործառույթներ չեն:

5. 2013թ. հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում մուտք է եղել ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանի` 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8.000.000 ՀՀ դրամի պահանջի հիմքով իրեն ՀՀ Նախագահի խոչընդոտված թեկնածու հռչակելու մասին:
Դիմումատուին գրավոր պարզաբանում է տրվել, որ իր կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում:

6. 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հայարփի Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը, մանավորապես` շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

Հաղորդման շուրջ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը բացատրություն է տվել, որ գյուղի կենտրոնում նկատելով հավաքված բազմություն` մոտեցել է ու տեսել անծանոթ անձանց, ովքեր ներկայացել են որպես ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, այն, որ պետք է համապատասխան դիմում ներկայացնեն և պաստառները փակցնեն այդ նպատակի համար նախատեսված տեղերում, սակայն շտաբի անդամները չեն համաձայնել իր հետ, հայտարարել են, որ գյուղապետը խոչընդոտում է իրենց աշխատանքը և հեռացել:

Գյուղապետ Արտաշես Գրիգորյանը ներկայացրել է նաև համայնքի ավագանու` 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3 հասցե) առանձնացնելու մասին:

Հայարփի Նորեյանը և մյուսները ծանուցագրով հրավիրվել են բաժին, սակայն 2013թ. հունվարի 25-ի դրությամբ նրանք դեռևս չեն ներկայացել բացատրություններ տալու:

Այսպիսով` ստացվել է 6 հաղորդում, այդ թվում` 1 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից, որոնցից 
3-ին տրվել է պարզաբանում, 
3 հաղորդման քննարկումն ընթացքի մեջ է:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս