Հնարավո՞ր է «բեռնաթափել» Երևանը
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Իջևանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր ծրագրի դրույթները, հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների համար նախատեսած քայլերը ծրագրել են` հաշվի առնելով երկրի համաչափ զարգացման առաջնայնությունը:
«Այս հարցում թեև վերջին տարիներին եղել են առարկայական ձեռքբերումներ, սակայն արդյունքները դեռ հեռու են գոհացուցիչ լինելուց», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ տարածքների համաչափ զարգացմանը հատուկ ուշադրություն է դարձվում նաև նախագահի նախընտրական ծրագրում։ Այդ բաժնին հատկացված է ամբողջ երկու էջ։
«Տարածքների համաչափ զարգացումը շարունակելու է մեր քաղաքական օրակարգում առաջնահերթություն մնալ։
Շարունակելու ենք Երևանի «բեռնաթափման» համալիր ծրագիրը` պետական, նաև կրթական, մշակութային և տնտեսական առանձին գործառույթներ բաշխելով հանրապետության այլ տարածքներում, ինչպես նաև բարձրացնելով քաղաքների դերը հանրային գործընթացներում»,- նշված է ծրագրում։
«Շարունակելու» ենք արտահայտությունը ենթադրում է, որ նախորդ 5 տարիներին այս ուղղությամբ արդեն ինչ-ինչ քայլեր են արվել։ Կամ, ինչպես նշել է նախագահը` էական ձեռքբերումներ են արձանագրվել։
Իհարկե, ցանկության դեպքում կարելի է թվային որոշ տվյալներ գտնել և ապացուցել, որ տարածքները համաչափ են զարգանում։ Օրինակ` կարելի է պաշտոնական վիճակագրության թվերին հղում անելով` ասել, որ բնակչության թվի փոփոխությունը հավասարաչափ է եղել մայրաքաղաքի և մարզերի միջև։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության թիվը 2008-ին եղել է 3 միլիոն 230 հազար մարդ, որից 1 միլիոն 107 հազարը` Երևանում (34.2%)։ 2012-ին բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 274 հազար մարդ, որից 1 միլիոն 127 հազարը` մայրաքաղաքում (34.4%)։
Սակայն գաղտնիք չէ, որ մարզերից արտագաղթողների ծավալը սարսափելի մեծ է։ Մարզերում բնակվողները կամ տեղափոխվում են Ռուսաստան, կամ Երևան` աշխատանք գտնելու հույսով։ Կասկածողները կարող են այցելել հանրապետության գյուղերը և տեսնել, թե քանի երիտասարդի կարող են հանդիպել այնտեղ։
Սակայն, անգամ նույն պաշտոնական վիճակագրությունն արտացոլում է որոշ տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ ռեսուրսների կենտրոնացվածությունը մնում է նույն մակարդակի վրա։ Օրինակ` վերցնենք մանրածախ առևտրաշրջանառության ծավալը` Երևանում և մարզերում։ Մանրածախ առևտրաշրջանառության առյուծի բաժինն իրականացվում է Երևանում։ Օրինակ, 2011 թվականին հանրապետությունում մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.3 տրիլիոն դրամ, որից 1 տրիլիոն 91 միլիարդը` 83.8%-ը, բաժին է ընկել մայրաքաղաքին։ 2008 թվականին Երևանի ցուցանիշը կազմել է 84.5%։
Այսինքն` առևտրի կենտրոնացումը նվազել է ընդամենը 0.7 տոկոսային կետով, ինչն «առարկայական ձեռքբերում» դժվար է անվանել։
Ցանկը կարելի է շարունակել և կենտրոնացվածության ապացույցներ գտնել ամենատարբեր տեսանկյուններով դիտարկելիս` բնակչության եկամուտներ, սպառում, առողջապահություն, միգրացիա, և այլն։ Տարածքների համաչափ զարգացման «տեսլականին» քիչ թե շատ համահունչ են միայն շինարարության ոլորտի ցուցանիշները։
Օրինակ, 2007-2008 թվականներին Հայաստանում իրականացված շինարարության 87%-ը բաժին էր ընկնում Երևանին։ 2009-ից սկսած այդ ցուցանիշը կտրուկ ընկավ` 2009թ.` 68.5%, 2010թ.` 60%, 2011թ.` 54.7% (զգալիորեն աճել են Շիրակի և Կոտայքի մարզերում իրականացված շինարարության ծավալները)։ Սակայն այս դինամիկան բացատրվում է ոչ միայն և ոչ այնքան կառավարության ակտիվ ջանքերով, այլ այն պարզ պատճառով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով` «էլիտարների» նկատմամբ պահանջարկը Երևանում կտրուկ ընկավ և Երևանում բազմաբնակարան շենքերի կառուցապատողները լուրջ վնասներ կրեցին։
Եվս մի կարևոր հանգամանք. համաչափ զարգացում նշանակում է` ոչ միայն մարզերի և Երևանի միջև, այլև` հենց Երևանի կամ առանձին մարզի ներսում։ Այսինքն` մարզերում ամեն ինչ կենտրոնացած է մարզկենտրոններում, իսկ Երևանում` հիմնականում Կենտրոն համայնքում։
Այնպես որ, Երևանի «բեռնաթափումը» անհրաժեշտ է սկսել, թերևս, Երևանի Կենտրոնի բեռնաթափումից։ Այս ամենով հանդերձ` չի կարելի հերքել, որ մարզերը խթանելու համար որոշ քայլեր արվել են։ Սակայն Երևանի բեռնաթափման և տարածքների համաչափ զարգացման ծրագրին խանգարում է ևս մի կարևոր գործոն` հայկական մտածելակերպը։ Օրինակ` բազմիցս խոսվել է այն մասին, որ լավ կլիներ գերատեսչությունների մի մասը տեղափոխել մարզեր, բաշխել նաև բուհերը` եթե ոչ մարզերում, ապա գոնե Երևանի տարբեր թաղամասերում։ Սակայն պետական կառույցների քիչ թվով աշխատակիցներ կցանկանան Երևանի կենտրոնից տեղափոխվել ծայրամասեր, առավելևս` մարզեր։ Կենտրոնից տեղափոխվելու միտքը չի երջանկացնի նաև ուսանողներին և նրանց ծնողներին։ Սակայն սա այն դեպքերից է, որ ոմանց աշխարհագրական ճաշակը կարելի է մղել երկրորդ պլան։
«168 ԺԱՄ»