Հանքից գողացել են շուրջ 2,5 մլն դրամանոց էլեկտրական մալուխը

«Կ.Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ի աշխատակիցներն առավոտյան գալով աշխատանքի, հայտնաբերել են, որ նշված ընկերության կողմից շահագործվող հանքավայրում օգտագործվող թանկարժեք քարհատ հաստոցի էլեկտրական մալուխը չկա, ինչ-որ մեկը կամ անձինք այն կտրել, տարել են: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ։

Բնականաբար, հարուցվել է քրեական գործ ու կատարվել որոշակի աշխատանք: Քննությամբ պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Խաչիկ Շահնազարյանը 2012թ հունվարի 26-ի երեկոյան գտնվելով իր կնոջ քրոջ և նրա ամուսնու` Զոհրաբ Պողոսյանի բնակարանում, վերջինիս և նրա եղբոր՝ Գնել Պողոսյանի հետ խոսակցության ընթացքում, քարհանքից էլեկտրական մալուխ գողանալու Գ. Պողոսյանի առաջարկով նախնական համաձայնության է եկել նրանց հետ: Այնուհետև պայմանավորվել է, որ միասին մալուխները գողանալուց հետո, դրանք մեկուսիչներից մաքրեն և պղնձյա հաղորդալարերը որպես մետաղի ջարդոն վաճառեն, գումարը բաժանեն իրենց միջև:

Ըստ քրեական գործի նյութերի՝ հաջորդ օրը ժամը 19-ի սահմաններում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Խ. Շահնազարյանը և Զ.Պողոսյանը Գյումրի քաղաքից նույն քաղաքի բնակիչ Մուշեղ Վարդանյանի վարած տաքսի ավտոմեքենան որպես փոխադրամիջոց վարձելով, գնացել են Հոռոմ գյուղ, վերցրել Գ.Պողոսյանին և ուղևորվել Պեմզաշեն գյուղ: Նշված գյուղի սկզբնահատվածում Խ. Շահնազարյանը, Գ. և Զ. Պողոսյանները ավտոմեքենայից իջել և դաշտերով մոտեցել են «Կ.Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող քարհանքին: Բուն գործողությունը կատարել են գիշերվա ընթացքում: Մեղադրական եզրակացության համաձայն` նրանք մթության քողի ներքո կտրել են քարհատ մեքենայի «ԳՌՍ-4/10/50/» տեսակի 465 մ երկարությամբ և 2 325 000 դրամ ընդհանուր արժողության էլ. սնուցման մալուխը, գողացել, ավտոմեքենայի մեջ տեղավորելու համար մետաղական սղոցով բաժանել մասերի և երեքով քարհանքից տեղափոխել Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհ:

Իրավապահները պարզել են նաև, որ Զ.Պողոսյանը գործն ավարտելուց հետո զանգահարել, Գյումրիից կանչել է տաքսու վարորդ Մուշեղ Վարդանյանին, վերջինիս գալուց հետո Խ. Շահնազարյանը Պողոսյանների հետ գողացած, կտրտած մալուխները բարձել է Վարդանյանի ավտոմեքենան և տարել իր կողմից փաստացի բնակեցվող Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 2/1 շենքի թիվ 33 բնակարան:

Մալուխի պղնձյա հաղորդալարերը որպես թափոն վաճառելու նպատակով, հաջորդ երկու օրերին Խաչիկ Շահնազարյանը Պողոսյանների հետ մաքրել են մալուխի ռետինե մեկուսիչները, հետքերը վերացնելու նպատակով դրանք այրել վառարանում: Գործողության հաջորդ փուլում արդեն մաքրված պղնձյա հաղորդալարերը քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Երևան, որպես մետաղի թափոն վաճառել անհայտ անձի, ստացած գումարից վճարել է տաքսի ավտոմեքենայի ուղեվարձը, մնացածը բաժանել իրենց միջև:

Խ. Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գողություն կատարելու համար, երկու օրից նա կկանգնի Արթիկի ընդհանուր իրավասության դատարանի առջև:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս