Խորեն Լևոնյան. ««Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին բոլոր խոսակցությունները ես համարում եմ տգիտության հետևանք» (լուսանկարներ)
Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը երկու օր փակ դահլիճում ցուցադրվեց քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց, շոու-բիզնեսի և մշակութային և հասարակական գործիչների համար:
Այսուհետ ֆիլմը կարող են դիտել բոլոր ցանկացողները: Դեռևս շարունակվում են ֆիլմի և «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտության դեմ քննադատությունները: Ֆիլմի ստեղծողների կարծիքով՝ բոլոր քննադատություններն ուղղակի «չկամ, նախանձ մարդկանց բարբաջանքներ են, որոնց ջրաղացին ջուր են լցնում նաև տգետ մարդիկ»: 168.am-ի հետ զրույցում ֆիլմում Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանն այդ քննադատությունները պայմանավորել էր նախանձով:
«Նախանձ: Մեկը կցանկանար՝ ինքը նկարեր այդ ֆիլմը, նա պատմության այդ էջը շուռ տար, մյուսը կցանկանար՝ ինքը խաղար: Հրաչ Քեշիշյանը կարողանում է անել, դու կարա՞ս անես՝ գնա արա, հետո բեր ու ասա, որ այդպես պետք է անել: Գործ չես անում, ոչինչ չես անում, ձեռքերդ ծալած նստած ես ու մի հատ էլ հոխորտում ես»,- ասել էր Ա. Ալեքսանյանը:
Համացանցում այս օրերին բուռն քննարկվում էին նաև Արտաշեսի՝ մինչ այդ սերիալներում կերտած բացասական, կրիմինալ, հանցագործի կերպարները: Ըստ որոշ օգտատերերի, Արտաշես Ալեքսանյանն իրավունք չուներ մարմնավորելու Նժդեհի կերպարը: Նշենք, որ Արտաշես Ալեքսանյանը վերջին շրջանում սերիալներում կերտած բացասական կերպարներով էր հայտնի, սակայն արտիստն իր գործունեության ընթացքում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում և ֆիլմերում՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրսում:
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերայից առաջ ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկի մասին փորձեցինք զրուցել որոշ մարդկանց հետ: «Ես, ինչպես նորմալ մարդ, չեմ կարող կարծիք հայտնել՝ մինչև չնայեմ ֆիլմը: Ես քանի որ ոչ ֆեյսբուքային, ոչ համացանցում ապրող մարդ եմ, միայն Հրաչենց եթերից հասկացա, որ ինչ-որ անադեկվատ բան է կատարվում, ինչ-որ լարվածություն կա օդում: Ինձ թվաց, որ այդ իրարանցումն ավելի շատ սարքածին է, քան իրականում կա: Ֆիլմը պետք է լինի լավ, որովհետև անդրադարձը, որքան որ ես եմ նայել թրիլլերներով, ինձ դուր է եկել»,- ֆիլմից առաջ ասաց հաղորդավար, շոումեն, երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը:
Ֆիլմի դիտումից հետո, դատելով Ավետ Բարսեղյանի հոտնկայս ծափահարություններից, կարելի էր ենթադրել, որ ֆիլմն, ինչպես իրեն, այնպես էլ շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների՝ Արսեն Սաֆարյանին, երգչուհի Նառային և այլոց, շատ էր դուր եկել: Ֆիլմում սպարապետի մարտական ընկերոջ, եղբոր և հրամանատարի կերպարը կերտած Խորեն Լևոնյանը, խոսելով ֆիլմի շուրջ տարածվող խոսակցությունների մասին, ասաց. «Այդ բոլոր խոսակցությունները ես համարում եմ տգիտության հետևանք և շատ լուրջ չեմ վերաբերվում: Չի կարելի նման հիմար բաներ ասել, ուղղակի ամոթ է: Հանրապետության առաջին տիկինը երբ շնորհավորում է դերասանին, կարծում եմ՝ դերասանի համար դա ամենամեծ գովասանքներից մեկն է»,- ասաց Խորեն Լևոնյանը:
Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի