ԱՄՆ-ին ապշեցրել է ՇՀԿ-ի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը. թուրքական մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն անթույլատրելի է համարել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Թուրքիայի անդամակցելը, քանի որ դա հակասում է այդ երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալուն:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ի հետ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որում նա նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ երկխոսության չափազանց դանդաղ ընթացքից հոգնած Թուրքիան լրջորեն դիտարկում է ՇՀԿ-ին անդամակցելու հարցը.

«Բնականաբար, դա (ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցելը) հետաքրքիր կլիներ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Տեսնենք, թե դա ինչով կավարտվի»:

Հիշեցնենք, որ ներկայումս ՇՀԿ անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Բացի այդ, ՇՀԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան ու Պակիստանը:

Ի դեպ, ավելի վաղ Թուրքիան սպառնացել էր ԵՄ-ին անդամակցելուց հրաժարվել հօգուտ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ):

Տեսանյութեր

Լրահոս