Բաժիններ՝

Սիրիական բանակն ու ընդդիմադիր ուժերը միտումնավոր հարձակվում են քաղաքացիական օբյեկտների վրա. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակն ու ընդդիմադիր ուժերը միտումնավոր հարձակվում են քաղաքացիական օբյեկտների վրա, որոնց ավերման մասշտաբներն ապշեցուցիչ են: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի կոորդինացման վարչության ներկայացուցիչ Ջոն Գինգը.

«Քաղաքացիական ենթակառույցների օբյեկտները լրջորեն վնասված են: Հակամարտող երկու կողմերն էլ միտումնավոր դրանք ընտրում են որպես իրենց հարձակումների թիրախ: Սիրիայում ապշեցնում են ամայացման մասշտաբները: Դժվար է ասել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ՝ տնտեսության ու ենթակառույցների վերականգնման համար ներկա փուլում՝ էլ չխոսած այն մասին, որ հակամարտությունը կարող է ձգձգվել:

Ներկայումս սիրիացիներն ավելի սուր զգում են դեղորայքի ու սննդամթերքի կարիք: Կան լուրջ խնդիրներ՝ կապված էներգոմատակարարման հետ, ինչը զգալիորեն բարդեցնում է հիվանդանոցների աշխատանքը: Գնալով ավելի շատ է զգացվում խմելու ջրի պակասը, քանի որ չեն աշխատում ֆիլտրման համակարգերը:

ՄԱԿ-ն աշխատանքներ է տանում Սիրիայի բոլոր շրջաններում՝ անկախ նրանից, թե ով է վերահսկում դրանք. կառավարությունը՞, թե՞ ընդդիմությունը: Մեր առաջադրանքը հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին օգնելն է»:

Հիշեցնենք, որ վերջին գրեթե 2 տարում Սիրիայում գրանցված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 60.000 մարդ, իսկ ավելի քան 600.000-ն էլ ապաստան է գտել հարևան երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս