«Հայր Ֆեոդորը թքեց և կրկին չվրիպեց»
«Մայրիկ» կինոնկարում մոր դերի համար ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը որոշեց ընտրել այնպիսի դերասանուհու, որը երբևէ և ոչ մի ֆիլմում մերկ չէր նկարահանվել: Եվ, նախևառաջ, հենց դրանով էր պայմանավորված ընտրությունը` մոր դերը խաղաց իտալուհի Կլաուդիա Կարդինալեն: Ռեժիսորի նման պահանջկոտ մոտեցումը մոր դերակատարի ընտրության հարցում քմահաճույք կամ պայմանականություն դժվար է համարել:
Երբ հեռուստատեսությամբ սկսեց ցուցադրվել «Գարեգին Նժդեհ» ֆիլմի գովազդային տարբերակը, ամեն ինչ կարծես վատ չէր, մինչև վերջին ակորդը: Վերջացած սրիկաների դերերում հանդես եկող դերասանի «Յա՛ Գարեգին Նժդեհ» բացականչությունն ամենևին համոզիչ չհնչեց: Եվ համացանցը լցվեց այդ արտահայտության սրամիտ ինտերպրետացիաներով: Այս դեպքում խնդիրն այն չէ, որ տվյալ դերասանն այնքան հմտորեն է կերտել իր նախորդ բոլոր դերերը, որ հեռուստադիտողների բացասական արձագանքը նրա պրոֆեսիոնալ հաղթանակն է: Սա այդ դեպքը չէ: Էդմոնդ Քեոսայանի «Հուսո աստղ» ֆիլմում Մխիթար սպարապետի դերը վստահվել էր հիմնականում բացասական կերպարներ կերտող Արմեն Ջիգարխանյանին:
Այսպիսով ռեժիսորին հաջողվեց կոտրել կարծրատիպը, ըստ որի` հերոսները տանը հողաթափ չեն հագնում, ունեն ամենաքիչը 1 մ 90 սմ հասակ, Ապոլոնի պես գեղեցիկ են, Շվարցենեգերի պես` մկանուտ:
Ջիգարխանյանը թիկնեղ ու բարձրահասակ չէ, սակայն, երբ նրա հետ որևէ հարցազրույց է՝ էկրանից կամ թերթից կտրվել չի լինում: Իսկ այս դերասանի և «Յա Գարեգին Նժդեհ» խոսքերի միջև սեպի պես խրված է Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը. «Նե վերյու»:
Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա պատմական, քաղաքական այդ գործչին անդրադառնալու անհրաժեշտություն կար: Եվ ոչ այն պատճառով, որպեսզի հասկանանք, որ Հանրապետական կուսակցությունը Գարեգին Նժդեհի հետ որևէ հասկանալի ընդհանրություն չունի: Առհասարակ անհրաժեշտություն կա վերանայելու մեր պատմությունը, պետական գործիչներին` անկախ այն կարծիքից, թե դասականը սրբություն է, պարզապես ժամանակ առ ժամանակ պետք է խնամքով սրբել վրայի փոշին ու նորից երկյուղածությամբ դնել տեղը: Անել այնպես, որ այն չկորցնի իր ապրանքային տեսքը, բայց և` հնության բույրը: Աշխարհում վաղուց է մեկնարկել շարժումը` մեկնաբանել դասականներին, հերոսացված գործիչներին իջեցնել անհասանելի պատվանդաններից: Եվ դա անել հնարավորինս ազատ, համարձակ: Բայցև` տաղանդով, գրագետ, հետաքրքիր:
Ժամանակակից ֆիլմերի հանրահայտությունը, նախևառաջ, պայմանավորում է ֆիլմի բյուջեն: Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմն էլ մոտ 7 միլիոն դոլար է արժեցել: «Տիտանիկ» ֆիլմի նախնական բյուջեն էլ 110 միլիոն դոլար էր: «Տիտանիկի» աղետն այդքան մանրամասնորեն նկարահանելու վրա նման փողեր ծախսելը գուցե ոմանց հիացրել է: Անմիտ և թանկ այդ նատուրալիզմը Փարաջանովը կներկայացներ մի կադրով:
Իսկ որքա՞ն էր Չապլինի ֆիլմերի բյուջեն: 1964 թ.-ին ռեժիսոր Գրիգորի Կոզինցևի «Համլետին» կամ 1971 թ.-ին նրա նկարահանած «Լիր արքային», ինձ թույլ եմ տալիս պնդել, ժամանակակից գերհզոր կինոարտադրությունը չի հաջողել գերազանցել: Այսինքն` ֆինանսական համեստ միջոցները, փակ տաղավարներում ստեղծված բնության տեսարանները չեն ճնշել Շեքսպիրին:
Այլ կերպ ասած, Համլետ խաղալու համար անհրաժեշտ է Շեքսպիր հասկանալ այնպես, ինչպես Վահրամ Փափազյանը կամ, ինչպես վերոնշյալ ֆիլմում, Ինոկենտի Սմոկտունովսկին: Չգիտեմ, Լիր արքայի ծաղրածուի դերը Օլեգ Դալից հետո նման բարձր մակարդակով ներկայացվե՞լ է:
Համացանցում քննադատության թիրախ է ընտրված ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը: Հրաչ Քեշիշյանի յուրաքանչյուր ֆիլմից հետո առաջացած աղմուկը հիշեցնում է «12 աթոռի» հայտնի խոսքը. «Հայր Ֆեոդորը թքեց և դարձյալ չվրիպեց»: Նրա նկարահանած այս նոր ֆիլմն էլ` Գարեգին Նժդեհի մասին, կպավ ճիշտ նշանակետին. սկսվեց հասարակական բուռն քննարկում:
Սակայն քննադատության դոզան և այն լրջությունը, որով «Գարեգին Նժդեհ» հայրենակցական միությունը կամ շատ այլ քաղաքացիներ խոստանում են բոյկոտել ֆիլմը, նույնքան համոզիչ է, որքան «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը:
Այսինքն` բացարձակ համոզիչ չէ: Ի վերջո, Հրաչ Քեշիշյանն ամենևին Փարաջանով չէ, և նրանից պետք չէ ակնկալել կինոշչեդևր: Նա ժամանակակից գործարար է, ով հաջողել է մտնել կինոարտադրություն և իր պատկերացմամբ` նկարել հայրենասիրական ֆիլմեր: Կարող էր գումարներն այլ կերպ տնօրինել՝ մսխել խաղատանը, խանութ կամ ռեստորան բացել: Սակայն նախընտրել է նկարել «Սպանված աղավնին», «Մի՛ վախեցիր», «Երեք ընկեր» և էլի մի քանի ֆիլմեր: Այս նոր ֆիլմը փորձ է՝ շարժելու պատմական ֆիլմերի վաղուց կանգնած անիվը: Ֆիլմը չհավանեցի՞ք, կարող եք ստեղծել ավելի լավը: Գումարի խնդի՞ր կա: Այո՛, կա:
Անգամ Արտավազդ Փելեշյանը չի կարողանում անհրաժեշտ գումար հավաքել` իր նոր ֆիլմի համար, որի համեմատությամբ նախորդները` «Մենք», «Տարվա եղանակներ», «Վերջը» և այլն, իր իսկ խոսքերով` «փոքրիկ մասնիկներ» են թվալու: Թերևս ենթագիտակցական մակարդակում դժգոհության ալիքի պատճառը հենց սա է. Արտավազդ Փելեշյանը չի կարողանում իր մտահղացումն իրականացնել, իսկ Հրաչ Քեշիշյանը հաջողացնում է ֆիլմը ֆիլմի ետևից թողարկել: Բայց սա արդեն այլ ֆիլմի սյուժե է:
Ամեն դեպքում, Նժդեհի մասին պատմող կինոնկարն ամբողջությամբ դիտելուց հետո միայն հնարավորություն կլինի գնահատել` որքանո՞վ էր նպատակահարմար կյանքի ընթացքում այդքան տանջանքներ կրած Գարեգին Նժդեհին անհանգստություն պատճառել նաև մահից հետո:
«168 ԺԱՄ»