Բաժիններ՝

Իսմայիլիից Բաքու կամ կենցաղայինից ազգայնական անցում

Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանի Իսմայիլի քաղաքում տեղի ունեցող պատահարները, ապա բողոքի ակցիաներն ու քաղաքացիական անկարգությունները գուցե լուսարձակներ չհրավիրեին իրենց վրա։ Նման իրադարձությունները սկսել էին հաճախակի դառնալ Ադրբեջանի տարածքում. մեկնաբանությունները մինչև այժմ կենտրոնացել էին դասակարգերի ծայրահեղ բևեռացման երևույթի վրա՝ հատկապես հարստապետական ընտանեկան իշխանության և թշվառությամբ բնութագրվող բնակչության միջև խորացող անջրպետը ընդգծելով։ Հայտնապես, կենցաղային հողի վրա արձանագրվող դեպքերը արագորեն վերածվում էին ժողովուրդ-իշխանություն լարվածության և իրավապահ մարմինների հետ ցուցարարներիբախումների։

Խնդիրը դիմափոխվեց, երբ հետզհետե պարզ դարձավ, որ Իսմայիլիի շրջանը լեզգի ազգաբնակչությամբ  հատկանշված է. քաղաքացիական կամ զանգվածային անկարգություններ կամ անհնազանություններ  բառակապակցությունները շուտով փոխարինվեցին լեզգիների ապստամբություն բնութագրումով։ Եթե ադրբեջանական լրատվամիջոցները ծայրահեղ զգուշավորություն էին ցուցաբերում պատահարների մասին իրենց կատարած լուսաբանումներում, ապա հատկապես ռուսական զանգվածային լրատվամիջոցները փորձ էին կատարում պատահարների պատճառով ծայր առած երևույթների ետևում տեսնել իրադրությունների զարգացման շարժառիթները և մանավանդ դրանց բնույթը։

Լեզգիների ապստամբություն եզրով Իսմայիլիի միջադեպերը լուսաբանելը նշանակում էր, որ դեպքերը կենցաղային ֆոնից անցում են կատարել դեպի ազգայնականը։ Առնչված որևէկողմի քարոզչական քաղաքականությամբ կարող էր մեկնաբանվել նման մի որակում, եթե Բաքվի իշխանությունները արտակարգ միջոցառումների չդիմեին ընդվզումի դրսևորումներըուղղակի խեղդելու ուղղությամբ։ Մեծաթիվ ձերբակալություններ, բանտարկություններ, Իսմայիլի տանող ճանապարհների փակում և… համացանցի,  ընկերային ցանցերի և Յութուբիօգտագործման հստակ պետական արգելակում։

Կենցաղայինից ազգայնականի այս անցումը դեպքերի զարգացման առումով այստեղ չէր սահմանափակվում։ Իսմայիլիի ցույցերը արագորէն տեղափոխվում էին Բաքու։

Այսպես. Բաքվում ծայր առավ չարտոնված ցույց։  Ցույցը հազիվ սկսած բախումներ արձանագրվեցին  ոստիկանների և ցուցարարների միջև:  Հարկ էր ուշադրություն կենտրոնացնել Բաքվում բարձրացված ցուցապաստառների վրա. «Իսմայիլին արթնացավ, Բաքուն աջակցում է նրան»:

Ցույցը լուսաբանող լրագրողները ևս արձանագրվել էին բանտարկյալների շարքին։ Իսկ ցույցը հրավիրվել էր սոցցանցերի միջոցով։

Ներադրբեջանական հաճախակի դարձած այս իրադրություններին հետևողների ուշադրությունից չէր վրիպել ամերիկյան հակազդեցությունը։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ էրանում իր քաղաքացիներին՝ զգոնություն ցուցաբերել Ադրբեջանի բողոքի ցույցերի նկատմամբ։ Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունումնշվում էր, որ համացանցային հաղորդումների համաձայն՝ ցույցեր կարող են տեղի ունենալ մի շարք շրջաններում, ինչպես նաև Բաքվում։ Հետևաբար, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդէր տրվում պահպանել զգոնություն՝ ճանապարհորդության ժամանակ և խուսափել մարդաշատ հավաքավայրերից։

«Մի շարք շրջաններ»-ի կանխազգուշացումը մտածել է տալիս, որ  նախատեսվում է դեպքերի որոշ ծավալում՝ Իսմայիլիից Բաքու և այլուր։

Բաքվի իշխանություններին ամենայն հավանականությամբ այս պահին հաջողվեց զսպել համատարած բռնկումը։ Բայց Յութուբի, ֆեյսբուքի, ընդհանրապես համացանցի անջատումը,ճանապարհների փակումը, ԱՄՆ-ի դեսպանության զգուշացումները, հիշեցնում են արաբական գարունից ազդված երկրների իրավիճակը։ Տակավին ձմեռ է Ադրբեջանում։ Բաքվում ցուցարարները, սակայն Իսմայիլիի արթնացած լինելու մասին են բարձրաձայնում, խոստանում աջակցել։ Իսկ արթնանալը արդեն կենցաղային պատահական դեպքից ավելիազգայնական ֆոնի վրա զգացվող նախաապստամբական վիճակ է հուշում։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս