Բաժիններ՝

«Ես չեմ մտածում, որ իմ արածը պետք է բոլորին դուր գա»

Նկարչուհի Նանա Արամյանը խոստանում է, որ մինչև ձմեռվա վերջ մի փոքրիկ ցուցահանդես կկազմակերպի, որի ընթացքում կլինեն անակնկալներ։

Նկարչուհին այս տարին սկսել է կրկին սև-մանուշակագույնի խոսակցության մեջ: «Կան գործեր, որոնք արել եմ անցած տարվա վերջին ամիսներին։ Այդ աշխատանքները կոչվում են՝ «Գիշերային խզբզոցներ»։ Մերկ մարդու մարմինը, սև-մանուշակագույն տրամադրությունները շարունակվում են, ավելացել են նաև դիմակներով նկարներ, որոնք բազմաթիվ դիմակներից ազատվելու, խորքում ինչ-որ կարևոր բան բացահայտելու, մթության մեջ մանուշակագույն լույսը տեսնելու խոսակցություններ են պատկերում»,- մեզ հետ զրույցում ասաց նկարչուհին։

Նանան ցուցահանդեսներին մանակցություն ունենալը շատ է կարևորում. «Կան նկարիչներ, ովքեր այդքան էլ կարևորություն չեն տալիս, բայց ինձ համար ցուցասրահի կամ արվեստանոցի գաղափարը շատ կարևոր է, որովհետև այնտեղ կարողանում եմ ինձ համար կարևորություն ունեցող անձանց հետ խոսել և քննարկել իմ նկարները»։

Nana (9)

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե նկարների ընկալման առումով տեղի և արտերկրի մարդկանց միջև տարբերություններ կա՞ն, նկարչուհին պատասխանեց. «Կարծում եմ` ոչ, որովհետև այն մարդիկ, ովքեր գալիս են իմ նկարները դիտելու, ավելի գլոբալ մտածելակերպի տեր մարդիկ են։ Այն թեմաները, որոնց մասին խոսում եմ, գրավում է այս կարգի մարդկանց։ Կարծես մագնիսի պես նրանց գտնում եմ։ Նույնիսկ հաճախ շփվում եմ այնպիսի մարդկանց հետ, որոնց կյանքում չեմ տեսել, բայց նկարները դիտելու ընթացքում մեր միջև հետաքրքիր երկխոսություն է սկսվում»։

Nana (26)

Նանայի կտավներում գերիշխում են սևի, մանուշակագույնի, կարմիրի տրամադրությունները, որոնցով երբեմն պատկերվում են ինչպես՝ բաց, այնպես էլ՝ սարսափ առաջացնող տեսարաններ։ Նկարչուհին ասում է, որ իր աշխատանքների մասին քննադատություններ շատ են հնչում. «Ես չեմ մտածում, որ իմ արածը պետք է բոլորին դուր գա։ Ինձ համար ամենևին կարևոր չէ, որ նկարչությունը աչք շոյի, ես կարևորում եմ երկխոսության կանչելու միտումը և պատկերների թողած ազդեցությունը. կարևոր չէ՝ բացասակա՞ն, թե՞ դրական։ Ես բացասական կարծիքների համար էլ եմ շատ ուրախանում, նշանակում է, որ աշխատանքս ինչ-որ հետք թողել է»։

Nana (18)

Նանայի կարծիքով` horror տեսարանները հաճախ կարող են վանող թվալ, բայց իր համար կարևորը կյանքի և մահվան, մթության և լույսի համադրությունն է. «Մենք չենք կարող մահվան և մթության վրա մեր աչքերը փակել և ասել, որ դրանք չկան։ Ո՛չ, դրանք կան, բայց կարևորն այն է, թե ո՞րն է գերակշռում` լո՞ւյսը, թե՞ մութը։ Տարբեր իրավիճակներում տարբեր մարդկանց մոտ այս համադրությունը տարբեր է լինում։ Օրինակ` 1990-ականներին, երբ թվում էր, որ ամբողջությամբ մթություն էր, արարելու էներգիան, միևնույն է, առկա էր։ Այն կարող էր արտահայտվել ոչ այնքան էսթետիկ պատկերներով, բայց ազդեցություն թողնում էր։ Ինձ համար կարևորն այն է, որ արվեստն ազդեցություն ունենա։ Այս դեպքում ես համարում եմ, որ նպատակիս հասել եմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս