Բաժիններ՝

Բեյոնսե. «Սիրում եմ ամեն ինչ ինքս անել» (լուսանկարներ)

Աշխարհահռչակ փոփ-աստղ և գեղեցկուհի Բեյոնսեն ոչ միայն հազարավոր տղամարդկանց երազանքն է, այլև կանանց հիացմունքի աղբյուրը: Շատերն են ցանկանում նմանվել նրան և հասկանալ, թե ի՞նչն է Բեյոնսեին այդքան յուրահատուկ  և շքեղ դարձնում:

Դիմահարդարում: Երգչուհին ելույթից առաջ ինքն է իր դիմահարդարմամբ զբաղվում: Երբեմն օգտվում է վիզաժիստների ծառայություններից, բայց սիրում է «ինքն իրեն գեղեցկացնել», քանի որ այդ պրոցեդուրան օգնում է նրան համերիգից առաջ հանգստանալ: Տոնական դիմահարդարման համար երգչուհին օգտագործում է կրեմ-հիմք, մեծ քանակությամբ դիմափոշի և ջրադիմացկուն սևաներկ: Բեյոնսեն օգտագործում է նաև ոսկեգույն ստվերաներկ, որը նա քսում է աչքերի ներսի անկյուններին, որպեսզի հայացքն ավելի արտահայտիչ դարձնի: Իսկ ահա շրթունքների դիմահարդարման համար, երգչուհին այն կարծիքին է, որ  շրթունքները պետք է բնականին հնարավորինս մոտ լինեն:

Արևապաշտպան ակնոց: Երգչուհու «գաղտնի զենքն» արևային ակնոցն է, որ նա միշտ պայուսակում է պահում: Դա առաջին հերթին օգնում է աչքերը չկկոցել արևի ժամանակ, որն էլ, իր հերթին, նշանակում է՝ խուսափել աչքերի շուրջ առաջացող մանր կնճիռներից: Գեղեցիկ արևային ակնոցը հիանալի աքսեսուար է և վերջապես՝ դրա շնորհիվ երգչուհին կարողանում է խուսափել ֆոտոլրագրողների անհաջող լուսանկարներից:

Սանրվածք: Բեյոնսեն սանրվածքի հետ կապված ոչ մի խնդիր չունի, քանի որ նրա մայրն ուներ սեփական վարսավիրանոցը: Դեռ մանուկ ժամանակ Բեյոնսեն շատ բան էր սովորել իր մայրիկից, այդ թվում՝ նաև նորաձև սանրվածքներ ստանալ: Այդ ժամանակից ի վեր երգչուհին սիրում է սանրվածքի փոփոխություններ կատարել ինքնուրույն, նույնիսկ, եթե ունի անձնական վարսավիր: Բեյոնսեն խորհուրդ է տալիս կանանց՝ մազերն արձակել, դա ավելի գրավչություն է տալիս արտաքինին:

Կարդացեք նաև

Կազմվածք: Բեյոնսեն կանոնավորապես հետևում է իր սննդակարգին` առավոտյան ուտելով շիլաներ, կեսօրին` սալաթեղեն, իսկ երեկոյան՝ ստամոքսի համար ոչ ծանր սննդամթերք: Եվ միայն կիրակի օրերին է իրեն թույլ տալիս ուտել այն, ինչ ցանկանում է, այլ ոչ թե այն, ինչ օգտակար է: Միայն մեկ անգամ է Բեյոնսեն դիմել խիստ դիետային` Dreamgirls-ի տեսահոլովակի նկարահանման համար, որտեղ պետք է 10 օրում կորցներ 9 կգ քաշ: Բացի դիետայից, նա դիմել էր նաև օրգանիզմի ամբողջական մաքրման պրոցեդուրային, որը, սակայն, խորհուրդ չի տալիս մյուս կանանց` հավատացնելով, որ  քաշի արագ կորստից իր ինքնազգացողությունը զգալիորեն վատացել էր: Փոխարենը՝ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս աստիճանաբար նիհարել: Եվ մեկ այլ խորհուրդ Բեյոնսեից. եթե ցանկանում եք պահպանել կազմվածքը, ապա շաբաթը երկու անգամ հայտարարեք մրգերով բեռնաթափման օր և հաճախեք ֆիտնես կենտրոն:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս