Բաժիններ՝

Նատալյա Վոդյանովա. ռուսական մոխրոտից՝ հայտնի սուպերմոդել (լուսանկարներ)

Աշխարհահռչակ սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի կյանքի պատմությունը վկայում է այն մասին, որ մեր ժամանակներում հեքիաթներն իրականություն են դառնում:

Ռուսական մոխրոտի պատմությունը սկսվում է նրանից, որ հենց ծննդյան պահից՝  Նատալյայի բախտը չէր բերում: Նատալյան ծնվել է ոչ բարեկեցիկ ընտանիքում: Նրա հայրը հեռացել էր ընտանիքից, երբ Նատալյան դեռ շատ փոքր էր, և հետագայում էլ հայրը ոչ մի պարտականություն չի վերցնում իր վրա` դստեր դաստիարակության և ֆինանսական աջակցության հարցում: Իսկ նրա մայրը, բազմիցս փորձելով կյանքը նորից  դասավորել՝  ապրում էր հիասթափության պահեր, քանի որ նրա ընտրած տղամարդիկ ինչպես ամբողջ շուքով հայտնվում էին նրա կյանքում, այդպես էլ արագ օդի պես ցնդում էին:

Այդ կապերի արդյունքում ծնվում են Նատաշայի երկու քույրերը, և նրա մոր համար դժվար է լինում հոգ տանել երեխաների մասին, մանավանդ, որ երեխաներից մեկը հաշմանդամ էր: Դրա հետևանքով էլ՝ մայրը հատուկ ուշադրություն չէր էլ կարող դարձնել երեխաների դաստիարակության և կրթության վրա:  Նատաշան մորն օգնելու համար շուկայում միրգ էր վաճառում: Եվ զարմանալի չէ, որ այդքան դժվար և աղքատիկ կյանքը ստիպում է Նատաշային 15 տարեկանից առանձնանալ ընտանիքից և ինքնուրույն «լողալ կյանքի ջրերում»: Հենց Նատաշայի ընկերն է նրան խորհուրդ տալիս գրանցվել մոդելների տեղական դպրոցում, ուր ապագա սուպերմոդելն ավելի շատ  հետաքրքրությունից դրդված էր հաճախում, քան կարիերայի լուրջ հեռանկարից ոգևորված: Մոդելների դպրոցում նրան «ոչ բավական նիհար» էին համարում:

Մի օր էլ, երբ սովորականի պես մրգեր էր վաճառում, նրան ուշադրություն է դարձնում սկսնակ մոդելների գործակալը: Նա Նատաշային առաջարկում է Viva Model Management-ի հետ պայմանագիր կնքել և տեղափոխվել Փարիզ՝ այնտեղ աշխատելու համար: 17-ամյա աղջիկն իսկույն համաձայնում է ` հույս ունենալով նման կերպ դուրս գալ այդ ճահճից: Երազանքների քաղաք Փարիզն այնքան էլ սրտաբաց կերպով չի դիմավորում Նատաշային: Հարյուրավոր ցուցադրություններ, չնչին հոնորարներ և անհարմարավետ հանրակացարաններ, որտեղ նա սենյակը կիսում էր իր նման բախտ որոնողների հետ: Բայց Նատաշան ասում է, որ  այդ ամենն  իրեն չէր խանգարում վայելել կյանքն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում:

Կարդացեք նաև

Փարիզում նա պատահաբար ծանոթանում է ֆրանսիացի  հարուստ բժշկի հետ, ով խղճում է աղջկան և իր տանը սենյակ հատկացնում: Ապրելով հարուստ ընտանիքում` Նատաշան ծանոթանում է  ֆրանսիական «սերուցքին», կարդում է գրքեր, հաճախում քաստինգի և համառորեն սովորում ֆրանսերեն: Եվ հենց այդ ընթացքում էլ բախտը ժպտում է նրան. նրա նկարը հայտնվում է գերմանական «Elle»  ամսագրի  շապիկին, որից հետո նրան հրավիրում են մասնակցել Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթին: Այնտեղ նա իսկական փոթորիկ է առաջացնում. «Մանկական դեմքով և լուրջ ժպիտով» մոդելի մասին սկսում են խոսել նորաձևության բազմաթիվ ամսագրերը և, ի վերջո, Calvin Klein-ը նրա հետ պայմանագիր է կնքում, որն էլ ապահովում է Նատալյայի աստղային ընթացքը:

Այդ պահից սկսած նորաձևության ամսագրերը և դիզայներները հերթ էին կանգնում Նատալյային պայմանագրեր առաջարկելու համար, և «ռուսական մոխրոտի» հոնորարները սկսում են հասնել հսկայական չափերի: Այսօր Նատալյան աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկն է, ով հասնելով այդքան բարձունքների՝ մնացել է այնպիսին, ինչպիսին ցանկանում են մարդիկ տեսնել հայտնի և հարուստ մարդկանց` բարի, քնքուշ, կանացի և բարերար:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս