Ընտրությունները սևացնել չի հաջողվելու. Հովիկ Աբրահամյան
ՀՀԿ քարոզարշավը շատ լավ է անցնում, շատ անմիջական: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Մեր թեկնածուն ժողովրդի հետ շփումներ է ունենում, դահլիճային հանդիպումներ ենք անցկացնում, որտեղ մարդկանց հնարավորություն է տրվում շփվել մեր թեկնածուի հետ, հարցերով դիմել նրան: Համոզված եմ, որ մեր ծրագիրը շատ հիմնավոր է, իսկ մենք էլ ժողովրդի հետ շատ անկեղծ ենք»,- ասաց նա:
Կանխատեսե՞լ եք, թե քանի՞ տոկոս ձայն կհավաքի Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում՝ հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարող»:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ ընտրախախտումների է դիմել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հստակ արձանագրում եմ, որ իրականությանը չի համապատասխանում: Մենք որևէ կետի խախտում ընտրություններին չենք ունենալու, որովհետև շտաբն իր բոլոր խնդիրները հստակ ձևակերպում է: Ես բացառում եմ որևէ դեպք, որ շտաբը խախտում կատարի: Դա բացառված է»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀԿ-ն այդ հարցին շատ խիստ է մոտենալու և ամեն ինչ անելու է, որ ընտրություններն անցնեն օրենքի տառին համահունչ:
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արման Մելիքյանի հայտարարություններին, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անձնագրային տվյալներն է հավաքում և քաղաքապետարանում տեղի են ունենում կրթական և մշակութային կոլեկտիվների հավաքներ, Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Այն մարդիկ, ովքեր փորձում են ի սկզբանե սևացնել, ցեխ շպրտել, պետք է նաև հասկանան, որ մյուս քաղաքալան ուժերը ևս պատասխանատու են լավ ընտրությունների անցկացման հարցում: Միայն մեր կուսակցությունը չէ պատասխանատու: Դա մեր բոլորի գործն է: Մեր արած գործերի և ապագա անելիքների մասին ենք խոսում, նկատե՞լ եք, որ մեր քարոզարշավը որևէ թեկնածուին ընդդեմ դնենք: Բայց նշեմ, որ ընտրությունները սևացնել չի հաջողվելու»:
168.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում տարածված լուրերը, թե նախագահական ընտրություններից հետո ինքն է նշանակվելու ՀՀ վարչապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը ընդամենը պատասխանեց, թե ինքն արդեն անդրադարձել է այդ հարցին: