Քաթարում կներկայացվի աշխարհի ամենաթանկ` սպորտային ավտոմեքենան (լուսանկարներ)
Հունվարի 29-ին մեկնարկող Քաթարի ավտոշոուի ժամանակ լիբանանյան «M Motors 29» ընկերությունը ներկայացնելու է բոլոր ժամանակների ամենաթանկ սուպերքարը` «Lykan Hypersport 2013»-ը, որն արտադրվել է ընդամենը 7 օրինակով: Մեքենայի արժեքը 3.4 մլն դոլար է: Աննախադեպ բարձր գինը պայմանավորված է թափքի և սրահի շքեղ ու բացառիկ դիզայնով, ինչպես նաև՝ բարձրակարգ տեխնիկական բնութագրերով: «Lykan Hypersport 2013»-ի նախագծի վրա 6 տարի շարունակ աշխատել են այնպիսի ընկերությունների մասնագետները, ինչպիսիք են «RUF automobile»-ը, «Studiotorino»-ն, «Viotti»-ն, «Magna Steyr Italia»-ը և «ID4MOTION»-ը:
Սուպերքարի հավաքման վերջնական աշխատանքները կատարվել են «M Motors»-ի՝ Բեյրութում գտնվող գործարանում: «Lykan»-ը հագեցած է 6 մխոցանի, 750 ձիաուժ հզորությամբ բի-տուրբո Porsche շարժիչով, որը հնարավորություն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել ընդամենը 2.8 վայրկյանում: Այդ ցուցանիշով «Lykan Hypersport 2013»-ը զիջում է միայն «Bugatti Veyron Pur Sang»-ին, որը 100 կմ/ժ-ի է հասնում 2.5 վայրկյանում: «Lykan»-ի առավելագույն արագությունը կազմում է 390 կմ/ժ: Սակայն «Lykan Hypersport 2013»-ի բարձր գինը պայմանավորված է ոչ այնքան տեխնիկական որակներով ու ֆունկցիոնալությամբ, որքան շլացուցիչ ձևավորմամբ, որը գնահատում են հատկապես արաբական աշխարհի մեծահարուստները:
Ավտոմեքենայի վրա տեղադրված լուսադիոդային համակարգը զարդարված է ադամանդներով, իսկ սրահի թանկարժեք կաշվի կարերն արված են ոսկյա թելերով, իսկ «ID4Motion» ընկերությունը հատուկ «Lykan»-ի համար մշակել է հոլոգրաֆիկ դիսփլեյ և էլեկտրոնային սարքավորումների կառավարման ինտերակտիվ համակարգ: «Lykan Hypersport 2013»-ը վաճառքի կհանվի այս տարվա սեպտեմբերին: Ավտոմեքենաների 7 գնորդներին, որպես նվեր, կտրամադրվեն «Special Edition Cyrus Klepsys» ժամացույցներ, որոնց արժեքը կազմում է 200 հազար դոլար: