Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ օրենք չի խախտել

Ասում է «Ժառանգության» անդամ, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը

– Իր քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել էր բուհեր, որտեղ նրա համակիրները բաժանել էին թեկնածուի նախընտրական բուկլետները: Արդյոք սա «Հանրակրթության մասին» օրենքի խախտում չէ՞:

– Նախ՝ բուհի մատույցներում ուսանողներին բարևելն ու նրանց որպիսությունը հարցնելը, հընթացս բուկլետները բաժանելը ոչ մի օրենքով արգելված չէ: Կրթության մասին օրենքում հստակ գրված է, որ քաղաքական քարոզչությունն է արգելվում կրթական համակարգում, երբ ուսանողներին տարբեր առաջարկներով գրավում են այս կամ այն կուսակցություն: Բայց օրենքի այս կետն այնպես է գրված, որ Հանրապետական կուսակցությանը ձեռնտու է, ընդդիմությանը՝ ոչ: ՀՀԿ-ին ձեռնտու է, իրենք քարոզչություն անում են, ասում են՝ ո՞նց թե, մեր երիտասարդներն են, նախագահ են ընտրելու, բա տեղյակ չլինե՞ն թեկնածուների ծրագրերին: Իրենց թեկնածուն աջ ու ձախ ուզածդ բուհում, ուզածդ պահին կարող է մտնել և հանդիպում կազմակերպել, իրենց ասելիքն էլ ասել:

Բայց երբ դա ուզում է անել ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն, իսկույն այս օրենքը հիշում են: Տվյալ օրենքում փոփոխություններն անհրաժեշտ են, որովհետև երիտասարդները պարտավոր են այս շատ կարևոր իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին մասնակից լինել: Երիտասարդներն իրավունք ունեն հանդիպել ցանկացած թեկնածուի հետ, հարցեր ուղղել նրանց, լսել, որպեսզի կողմնորոշվեն ընտրություն կատարելու հարցում: Նրանք են մեր երկրի ապագան: Նրանք պետք է կառուցեն այդ ապագան:

Կարդացեք նաև

– Հանդիպել անգամ բուհի ներսո՞ւմ:

– Այո, անգամ կրթական հաստատության ներսում, բայց դասից դուրս: Եթե դասից դուրս ուսանողները հանդիպեն նախագահի թեկնածուներից որևէ մեկի հետ, ապա դա օրենքի խախտում դիտարկել չի կարելի: Օրենքը վերաբերում է դասապրոցեսին, ուսումնական պրոցեսին: Եթե խանգարեն դասը, կամ հանդիպեն դասապրոցեսի հաշվին, կխախտեն օրենքը: Իսկ ընդդիմադիր որևէ քաղաքական գործիչ, մասնավորապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, չի խախտել և անգամ չի փորձել խախտել այս կետը:

Իսկ իշխող կուսակցության համար սա կարևոր չէ, դասից էլ կհանեն ուսանողին, դասն էլ կխանգարեն, ասելիքն էլ կփաթաթեն նրանց վզին: Ինչ վերաբերում է ավագ դպրոցի աշակերտներին, նշեմ, որ չնայած բոլոր ջանքերին՝ թույլ չտալ քաղաքականացնել աշակերտներին, ավագ դպրոցի աշակերտները քաղաքականացված են: Իրենց չափազանց հետաքրքրում է այն ամենն, ինչ տեղի է ունենում երկրում: Աշակերտներից մեկն ինձ անգամ նամակ էր գրել, թե ինչո՞ւ թեկնածուները միմյանց բանավեճի չեն հրավիրում:

– ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե «Այս պահին միայն կանդրադառնամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը, և նախագահի թեկնածուին կհիշեցնեմ, որ նրա գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները»:  Ձեզ համար հասկանալի՞ է խորհրդարանում բարձրացված կրթական նախագծերից ու բարեփոխումներից հետո՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դժգհությունն այս ոլորտից: 

– Դրանք տարբեր թեմաներ են: Րաֆֆի Հովհաննիսյանը կրթական համակարգի կառավարման քաղաքականացված լինելն է քննադատում: Ր. Հովհաննիսյանն ասում է, որ իշխանության պաշտոնյաներն իրավունք չունեն լինել բուհերի խորհրդի նախագահ: Սա է քաղաքականացված կրթական համակարգի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա քննադատության թիրախը: Ինչ վերաբերում է կրթական բարեփոխումների նկատմամբ մեր խմբակցության դիրքորոշումներին, ապա իսկապես «Ժառանգությունը» շատ ակտիվ է եղել, բազմաթիվ նախագծեր և առաջարկներ է ներկայացրել, որոնցից շատերն ընդունվել են: Այո, մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել և շարունակում ենք համակարծիք մնալ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հետ, բայց կրթական ոլորտի կառավարման քաղաքականացված լինելու մասին ես ինքս էլ եմ բազմիցս բարձրաձայնել: Անհասկանալի է, թե ինչո՞ւ վարչապետը, նախագահը կամ ԱԺ նախագահը պետք է լինեն ինչ-որ բուհի խորհրդի նախագահներ: Սա օրենքին հակասող երևույթ է: Այսպես է քաղաքականացվում բուհը և ոչ թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այցելությամբ, հանդիպմամբ:

Տեսանյութեր

Լրահոս