Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական մաքսային միություն. Ադիբեկյանը նոր թվեր է հրապարակում
Հարցվածների 23.2 տոկոսը համարում է, որ Հայաստանի համար նպատակահարմար և հեռանկարային է միանալ Եվրամիությանը, 52.2 տոկոսը՝ Եվրասիական մաքսային միությանը, 15.5 տոկոսը գտնում է, որ միանալ երկու կառույցներից ոչ մեկին պետք չէ, իսկ 9.1 տոկոսն էլ դժվարացել են ընտրություն կատարել երկու կառույցների միջև:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ հասարակությունը արտաքին քաղաքականությանը քիչ ուշադություն է դարձնում՝ ի տաբերություն ներքին, մասնավորապես` տնտեսական հարցերին, չնայած նրան, որ Հայաստանի կողմնորոշումներից շատ բան է կախված:
«Հայաստանը գերտերությունների համար մնում է աշխարհաքաղաքական լարված կենտրոն, որը կապված է հիմնականում ԼՂՀ հարցի կարգավորման հետ: Մեր տեսակետից, նման ձևաչափ ունեցող ցանկացած երկիր միշտ ձգտում է միանալ ավելի հզոր պետության հետ՝ ապահովելու ռազմական պաշտպանություն, պահպանելու անկախության հիմքը և այլն: Այս առումով շատ կարևոր է ընտրություն կատարել այս երկու ուղղությունների միջև»,-հավելեց նա:
Ըստ հարցման, սոցիալ խմբերի դիրքորոշումն այս հարցում տարբեր է: Եվրամիությանը, համաձայն հարցման արդյունքների, կողմ է միջինը` 23, եվրասիական միությանը` 52, իսկ ոչ մեկին կողմ չէ հարցվածների 15 տոկոսը: Մասնավորապես, Եվրամիության հետ Հայաստանի ապագան ամենաշատը կապում են 18-30 տարեկան քաղաքացիները, իսկ Եվրասիական միության հետ մասնավոր կամ բիզնես զանգվածը:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուների էլեկտորատների կողմնորոշվածությանը, Ադիբեկյանը նշեց, որ կոմպլիմենտար քաղաքականության հետևանքով, Սերժ Սագսյանը միակն է, ով իր վրա է ձգում երկու կողմերն էլ: Սոցիոլոգը զարմանքով շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի 58 տոկոսը կողմ է Եվրասիական միությանը, 19 տոկոսը՝ Եվրամիությանը, Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածի 73 տոկոսը կողմ է Եվրասիական միությանը, 13 տոկոսը՝ Եվրամիությանը, իսկ Պարույր Հայրիկյանի էլեկտորատի 53 տոկոսը ցանկություն ունի միանալ Եվրասիական միությանը, 20 տոկոսը՝ Եվրամիությանը:
Նշենք, որ հարցումը կատարվել է 2013 հունվարի 18-19-ը, ազգաբնակչության սեռա-տարիքա-կրթական կառուցվածքին համաչափ 1650 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար, առաջարկ է արվել 2320 հոգու, նրանցից մոտ 670-ը հրաժարվել են՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: