Մի՞թե ընտրությունները պետք է մեզ գեղեցկացնեն

Մեզանում ցանկացած ընտրություն մի պատմություն է։ Մեկ` Ազգային ժողով ենք քանդում, մեկ` ավելի ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից հետո մինչ օրս ուշքի չենք գալիս։ Պատահում է նաև, որ ընտրություններն այնքան աննկատ են անցնում, որ հետո որևէ բան չես հիշում։ Օրինակ, ձեզանից ո՞վ է հիշում 2007 թվականի պառլամենտական ընտրությունները։ Թերևս, շատ քչերն են հիշում: Նույնիսկ, եթե այդ լուսավոր օրերին, երբ մենք հերթական անգամ ընտրում էինք մեր ընտրյալներին, դուք ընդգրկված եք եղել ընտրական հանձնաժողովներում, դիտորդական մարմիններում և այլ պատասխանատու կամ անպատասխանատու մարմիններում։

Ինտրիգ չկար, այնքան անհետաքրքիր էր ամեն ինչ, որ ես, որ միշտ, արդեն ավելի քան 20 տարի, որպես ընտրող` մասնակցում եմ ընտրություններին, որպեսզի ընտրեմ «Բոլորին դեմ»-ը, այդ օրը մոռացա գնալ, վերջին պահին հիշեցի, տեղամասերի արդեն փակվելու պահին գնացի և տեսա հանձնաժողովների` ձանձրույթից հորանջող անդամներին։ Միակ ընտրողը ես էի։

Դրանից հետո էր, որ ձևավորվեց քաղաքական կոալիցիան, իսկ թե դրանից հետո ինչպիսի քաղաքական զարգացումներ տեղի ունեցան` արդեն բոլորին է հայտնի: Դա ավելի լավ է հիշվում, քան բուն ընտրությունները։
Առաջիկա նախագահական ընտրություններն ինտրիգի բացակայությամբ կարող էին մրցակցել 2007թ. պառլամենտական ընտրությունների հետ, սակայն այդպես չէ։ Որովհետև միայն ընտրություններով երկիր փոխել չի լինի: Եթե այդպես լիներ, ապա տարին երկու անգամ ընտրություններ կանեինք։ Մի կարևոր բան սկսել է փոխվել մեր հասարակության մեջ:

Խոսքը մի բանի մասին է, որը մի կողմից` շատերը համարում են, որ ընդհանրապես գոյություն չունի աշխարհի մակարդակով, և, որ դա ցնորք է, պատրանք, ինչով կերակրում են «հարիֆներին»: Մյուսները համարում են, որ աշխարհում այդպիսի բան կա, բայց, ցավոք, Հայաստանում դա սոսկ իմիտացիա է։ Մի մասն էլ համարում է, որ Հայաստանում նման բան չկա ու չի էլ կարող լինել։ Շատերը, թերևս, կմտածեն, որ խոսքը ժողովրդավարության վեհ գաղափարի մասին է, սակայն ես խոսում եմ շատ ավելի երկրային մի երևույթի մասին, որը կոչվում է քաղաքացիական հասարակություն։

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը երկար տարիներ զարգանում էր մեկ ուղղությամբ` մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններից յուրաքանչյուրը փորձում էր մի ոլորտ ոտքի կանգնեցնել, կամ գոնե այդ ոլորտում որևէ բան փոխել: Քանի որ այդ կազմակերպությունները քիչ էին, և դրանցում միշտ չէ, որ միայն լավ աշխատողներ էին ընդգրկված, ֆինանսավորվում էին հիմնականում արևմտյան հիմնադրամների կողմից, և, քանի որ մենք շատ ենք ռուսաստանյան հեռուստատեսություն դիտում, հայաստանցիների մի մասի մոտ կարծիք ձևավորվեց, որ հասարակական այդ կազմակերպությունները բազմամասոնական դավադրության մի ճյուղ հանդիսանալով` միաժամանակ միանգամից մի շարք երկրների գործակալներ են հանդիսանում: Նման մոտեցումները, հասկանալի պատճառով, ի նպաստ քաղաքացիական հասարակության զարգացման` չեն աշխատում: Առավել ևս, որ հասարակական այդ կազմակերպությունների մի մասն էլ, ինչպես ասում են, «մի բարի պտուղ չեն»:

Որպես դրա հետևանք` Հայաստանում քաղաքացիական հասարակությունը երկար տարիներ կիսաամորֆ, ինքնապարփակ, շատ դեպքերում` հանրությունից խուսափող մի ոլորտ է դարձել, որը շատ դեպքերում կտրված է ռեալ կյանքից։ Կամ էլ` պարզապես հնարավորություն չէր լինում ինչ-որ էական փոփոխությունների հասնել մարդկային ռեսուրսների սահմանափակության այս պայմաններում: Իսկ հասարակական կյանքը պահանջում էր (և, բնականաբար, շարունակում է պահանջել) փոփոխություններ, եթե չասենք` բարեփոխումներ, չնայած, որ այս բառը մեզանում արդեն իմաստազրկվել է։
Մարդիկ էլ այս իրավիճակում գտան քաղաքացիական հասարակության փոխարինման ձևը, բոլոր իրենց հուզող հարցերը լուծելու միջոցը` ավիատոմս, ճամպրուկ, արտագաղթ։ Սա էլ մեր հայկական քաղաքացիական հասարակության զարգացման բանաձևն է, որը տարիների ընթացքում փորձվել ու զարգացվել է։

Բայց կարծես թե հիմա ամեն ինչ սկսել է փոխվել։ Արդեն երկու-երեք տարի է, ինչ ասպարեզ են մուտք գործում երիտասարդներ, ովքեր ընտրում են ոչ հասարակական կազմակերպությունների, ոչ էլ արտագաղթի մեթոդները։ Յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ բան ուղղել: Փողոց անցնելիս հետևում եմ, թե ով ինչպես է լուսացույցի լույսերին հետևում: Կան մարդիկ, որոնց համար անտառում նույնիսկ արահետը իմաստ չունի` ծառերի ճյուղերը կոտրելով, առանց աջ ու ձախ նայելու` գնում են. նման դեպքերում ասում եմ, որ այդ մարդկանց հիմնական մտածողության օրգանը արմունկներն են: Փողոցում նկատում եմ, որ կան մարդիկ, որոնք մեքենաներից վախենալու պատճառից ելնելով` չեն անցնում փողոցը կարմիր լույսի տակ: Իսկ այսօր շատ հաճախ եմ տեսնում երիտասարդների (և ոչ միայն երիտասարդների), ովքեր համբերատար սպասում են իրենց լույսին: Այդ մարդիկ գոնե փորձում են իրենց շուրջ քաոսը վերացնել:

Լուսացույց` ամենապրիմիտիվ օրինակներից է։ Պարզապես ակնհայտ է, որ մեզանում մի բան սկսել է փոխվել: Թե չէ` եթե միայն ընտրությունների վրա հույսներս դնեինք, ապա հիմա պետք է գնայինք և միանայինք հացադուլավորներին։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս