Տարօրինակ համընկնումներ
Նախընտրական քարոզչությունը նկատելիորեն անհամ սկսվեց: Այն, որ թեկնածուների մեծ մասն իրեն նեղություն չի տա լուրջ տնտեսական ծրագիր մշակել, պարզ էր հենց սկզբից: Հավանաբար մինչև ընտրություն իրենց տնտեսական ծրագրերի մասին կխոսեն միայն գործող նախագահը և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մյուսների տնտեսական պատկերացումները մանրածախ առևտրի կազմակերպման մակարդակից դժվար թե հասցնեն բարձրանալ: Մեր նախընտրական քարոզչության մեկնարկը տարօրինակորեն համընկավ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մեկնարկի հետ: Վերջին տարիներին Հայաստանն այդ ֆորումին չի մասնակցում:
Համաշխարհային տնտեսական գործընթացները մեր կառավարիչներին չեն հետաքրքրում: Ի վերջո, մե՞զ ինչ` Չինաստանն ու զարգացող մյուս տնտեսությունները կկարողանա՞ն ճգնաժամից դուրս բերել համաշխարհային տնտեսությունը, թե՞ ոչ: Շատ ավելի կարևոր է այն, որ անցած տարի Ռուսաստանից Հայաստան կատարված ֆինանսական փոխանցումներն աճել են: Աճել են այդքան «սիրելի» երկնիշ թվով:
Տվյալները պաշտոնապես չեն ամփոփվել, բայց խոսքը 12-15 տոկոս աճի մասին է: Մեր իշխանությունների համար տնտեսությունն ու այդ ոլորտի խնդիրները համարյա հետաքրքիր չեն: Ուստի Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում այս ոլորտի նկատմամբ պատշաճ որակի համակարգված մոտեցումներ չեն շարադրված: Իհարկե, չի կարելի ասել, որ Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագիրը նորություն է: 2008թ. նախագահական ընտրություններից սկսած` բոլորի համար պարզ էր, որ ընդդիմության քաղաքական ծրագրերի տնտեսական բաղադրիչի հեղինակը հենց նա է:
Այդ ծրագրերում և իրատեսական, և ռիսկային խոստումներ կան: Խոսքը բյուջեի աճի մեծ տեմպերի, խորհրդային ավանդների հնարավոր վերադարձի, թոշակների աճի ու նման բաների մասին է: Այսինքն` հասարակությունը ժամանակ ու հնարավորություն ունեցել է Հրանտ Բագրատյանի տնտեսական ծրագրին ծանոթանալու համար: Այս պնդումն ինչ-որ իմաստով կարելի է անել նաև նախագահի հրապարակած ծրագրի մասին: Նույն 2008-ին Սերժ Սարգսյանն էլ էր խոստանում, որ 5 տարվա ընթացքում կենսաթոշակները կրկնակի կբարձրացնի:
Չհաջողեց: Իսկ հիմա Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դա բացատրում է համաշխարհային ճգնաժամով, վրաց-ռուսական պատերազմով: Բացատրում ու հպարտությամբ նշում է, որ այս տարիներին Հայաստանի կառավարությունը սոցիալական ծրագրեր չի կրճատել: Ոչինչ, որ այդ չկրճատված ծրագրերի իրականացման ընթացքում աղքատությունը պաշտոնապես խորանում է: Հետևաբար` մինչև ընտրությունների ավարտը տնտեսական տեղեկատվությունը միայն զվարճացնելու է:
Տեսեք` «ՀայՌուսգազարդը» հաղորդագրություն տարածեց, որ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ բնակչությունը 542 մլն խմ գազ պակաս է օգտագործել: Իսկ երեկ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ առաջիկա 2 տարում կգազիֆիկացվեն Ագարակ ու Մեղրի քաղաքները: Ինչ տնտեսական հետևանք կունենա այդ քայլը` պարզից էլ պարզ է: Նույնիսկ այսօրվա գործող սակագնով գազը մատչելի չէ բնակչության համար: Բայց մենք «ՀայՌուսգազարդին» թույլատրելու ենք կրկին կապիտալ ծախսեր անել ու թանկացնել իր ծառայությունը: Սա` այն դեպքում, երբ բոլորն էլ վստահ են, որ գազի սակագինն առաջիկա ամիսներին բարձրանալու է:
Մյուս տեղեկատվական տարօրինակ համընկնումը` Քաջարանում Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Ամեն գնով արդյունաբերություն զարգացնելու ժամանակն անցել է»: Հայտարարում և բավարար փաստարկվածությամբ հիմնավորում է իր ասածը: Նույն օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացնում արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Անցկացնում ու ասում է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է` առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան»: Ասում ու ավելացնում է. «Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին»: Մեկ տարուց մի փոքր ավելի է անցել այն պատմական պահից, երբ հոգեհարազատ կառավարությունը հայտարարեց արդյունաբերական քաղաքականությանն անցնելու մասին: Լավ է, որ կառավարությունում դա չեն մոռացել:
Բայց արդյունաբերողներին վարչապետը հավաքել էր` ասելու բաներ, որ գուցե միայն իր համար է նորություն: Պարզվում է, որ մեր վարչապետը տեղյակ է, որ Համաշխարհային բանկն ուսումնասիրել է հայաստանյան բիզնես միջավայրը: Այդ վերլուծությունը երեք խոչընդոտ է արձանագրել` «կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները և ֆինանսական միջոցների հասանելիությունը»: Նկատեցի՞ք արևմտյան նրբանկատությունը: Հավանաբար մեր վարչապետին չվշտացնելու ազնիվ մղումով` ՀԲ վերլուծաբանները «Ֆինանսական միջոցների անհասանելիություն» արտահայտության փոխարեն գրել են` «հասանելիություն»:
ՀԲ տեքստը մեջբերելուց հետո վարչապետն ընդհանրացրել է. «Այսինքն` ֆինանսական միջոցների հասանելիությունն ավելի լուրջ խնդիր է դարձել բիզնեսի համար, քան հարկային և մաքսային վարչարարությունը»: Առաջարկում եմ նորից ընթերցել ՀԲ-ի թվարկած երեք խոչընդոտների ցանկը. «կոռուպցիան, բյուրոկրատական խնդիրները և ֆինանսական միջոցների հասանելիությունը»: Մեր վարչապետի կարծիքով` ՀԲ-ի ընդգծած «բյուրոկրատական խնդիրները» որևէ կապ չունեն «հարկային և մաքսային վարչարարության» հետ: Ըստ վարչապետի` դրանք տարբեր բաներ են: Փաստորեն: Հավանաբար ՀՀ նախագահի մյուս թեկնածուները տարիներ շարունակ հետևել են մեր իշխանությունների հրապարակած տնտեսական տեղեկատվությանը: Հետևել և եզրակացրել են, որ տնտեսությունը հումորի ու մասխարայի ոլորտի պես բան է: Դրա համար էլ տնտեսության մասին կարծիք չեն հայտնում, որ հասարակության առջև անլուրջ մարդու տպավորություն չթողնեն:
«168 ԺԱՄ»