1937-1917=20, 2013-1993=20 հավասարումը՝ Ռուսաստանում և Հայաստանում
Ինչպես մի քանի անգամ նշել ենք, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական դաշտն ու դրանում ընթացող իրադարձությունները գրեթե նույնական են: Կուսակցությունների անվանումների կամ ընթացող գործընթացների արտաքին տարբերությունն ամենևին չեն փոխում դրանց էության ընդհանրությունը:
Պարզաբանենք` ինչի մասին է խոսքը: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը երեկ միջնորդություն է ներկայացրել Պետդումա՝ ևս երկու պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը ՌԴԿԿ խմբակցության անդամ Կոնստանտին Շիրշովի և «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Օլեգ Միխեևի մասին է: Նրանց ներկայացված մեղադրանքների մասով ասենք, որ Շիրշովին մեղադրում են այն բանում, որ նա ինչ-որ գործարարի առաջարկել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցուցակում տեղ գնել 7,5 միլիոն եվրոյով, իսկ Միխեևը 14 օբյեկտ է սեփականացրել Վոլգոգրադում և յուրացրել «Պրոմսվյազբանկի» տված 2,1 միլիարդ ռուբլի վարկը:
Ռուսաստանի Պետդուման անցյալ տարի արդարադատությանն էր հանձնել երկու պատգամավորների`ՌԴԿԿ անդամ Վլադիմիր Բեսսոնովին և գործարար Գենադի Գուդկովին: Ռուսական լրատվամիջոցները համարում են, որ իշխանության նպատակն է՝ վերացնել նույնիսկ այն կուսակցությունները, որոնք մինչև այժմ համարվում էին իրենց ենթակայության տակ գտնվող, բայց ձևականորեն պահպանում էին իրենց ինքնուրույնությունը, և երկրում հաստատել միակուսակցական համակարգ, որտեղ կլինի միայն «Միասնական Ռուսաստանը»: Դրա համար պետք է հասարակությունը տեսնի, որ անգամ պատգամավորական մանդատն այս կուսակցությունների ներկայացուցիչներին չի կարող ազատել պատասխանատվությունից, էլ ուր մնաց` շարքային կուսակցականներին: Միակ պաշտպանությունը և քաղաքական տանիքը «Միասնական Ռուսաստանն» է, որը ապահովում է կատարյալ և հուսալի անձեռնմխելիություն, քանի որ այդ կուսակցության անդամ պատգամավորները գործնականում երբևէ չեն ենթարկվել քրեական հետապնդման:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նույնիսկ այսպիսի թվաբանական հավասարում են ներկայացնում. 1937-1917=20 2013-1993=20: Նրանք գրում են, որ 1917թ. իշխանության եկած բոլշևիկներն օգտագործեցին մանր կուսակցություններին իրենց քաղաքական նպատակների իրականացման`հակառակորդներին վերացնելու համար, իսկ 1937թ. դրանց բոլորին կալանավորեցին և աքսորեցին` երկրում հաստատելով միակուսակցական համակարգ, արգելելով այլ կուսակցությունների գոյությունն ու գործունեությունը: Համեմատություն անցկացնելով այն ժամանակվա հետ, ասվում է, որ 1993թ. անկախացած Ռուսաստանը 20 տարի օգտագործեց իր հսկողության տակ գտնվող կուսակցություններին, երկրում բազմակուսակցականության քող ստեղծելու համար, իսկ 20 տարի հետո, երբ իշխանությունն իրեն արդեն բավական հղփացած և ամուր է զգում, իսկ այդ կուսակցությունների գոյությունը` ավելորդ, որոշել է ոչնչացնել դրանց:
2013թ. նախագահական ընտրությունները նույնպես Հայաստանում միակուսակցական համակարգի հաստատման ավարտը կարելի է համարել: Հայաստանի հիմնական կուսակցությունները չեն մասնակցում ընտրություններին, համարելով, որ դրանց մասնակցելն անիմաստ է և անհեռանկար: Ընտրություններից հետո այդ կուսակցություններն ավելի արագ տեմպերով կքայքայվեն և կմարգինալանան:
Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված 7 թեկնածուներից չորսը կուսակցականներ են, բայց բացառությամբ «Ժառանգության», որը քիչ թե շատ կազմակերպված ուժ է, մյուսների կուսակցությունները գոյություն ունեն միայն պետռեգիստրի վկայականներում:
Հնարավոր է` Հայաստանում ԲՀԿ-ի կամ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդումներ չսկսվեն, կամ այդ խմբակցությունների պատգամավորներին չզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից: Բայց եթե կուսակցությունների գոյության բուն իմաստը`ընտրությունների միջոցով պայքարել իշխանության հասնելու համար, վերացած է, կարելի է վերացած համարել նաև նրանց: