ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը մոնիտորինգի կենթարկվի

ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը մոնիտորինգի կենթարկվի մասնավոր հատվածի կողմից: Այսօր` հունվարի 18-ին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2013թ. սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն է՝ վեր հանել ՏՀՏ ոլորտում 2008-2018թթ. պլանավորված և մինչ օրս իրականացվող ծրագրերը և աշխատանքները, բացահայտել դրանց իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև հանրային ակտիվ իրազեկման միջոցով ապահովել հասարակության, ՏՀՏ ոլորտի ընկերությունների մշտական ուշադրությունն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտում կատարվող ծրագրերի և դրանց արդյունավետության գնահատման նկատմամբ:

2013 թ., ըստ բանախոսների՝ միջանկյալ փուլ է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի համար, այդ իսկ պատճառով ծրագիրն իրականացվում է այժմ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ներկայումս լուրջ արդյունքներ են արձանագրվել հայեցակարգային որոշ նպատակների իրականացման գործընթացում: Սակայն հայեցակարգում ընդգրկված են խնդիրներ, որոնց լուծման համար կիրառվող ուղղությունները և կատարման մեթոդները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման տենդենցները, այլևս արդի չեն: «Անհրաժեշտ է մոնիտորինգի ենթարկել այս խնդիրները և վեր հանել դրանց լուծման համար կիրառվող մրցակցային ուղղությունները»,- նշեց Կ. Վարդանյանը:

Կարդացեք նաև

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացումները, իրենց կարծիքով՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել մասնավոր հատվածի ներգրավումը, հասարակություն-պետություն համագործակցության հետագա ամրապնդումը: Բ. Ենգիբարյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է մոնիտորինգի ենթարկել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, քանի որ այս հայեցակարգում են պարփակված այն բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջընթաց զարգացման համար:

Տեղեկացնենք, որ «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տևողությունը 7 ամիս է: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս