Բաժիններ՝

Քաղաքը՝ հորիզոնական և ուղղահայաց մշակույթների հատման կետ

Համակարգված գաղափարախոսությունից զերծ միլիոնանոց քաղաքը
անխուսափելիորեն պետք է մոգոնի իր սեփական առասպելները:
Արկադի և Բորիս Ստրուգացկիներ, «Քաղաքը դատապարտված»

Յուրաքանչյուր քաղաք նախ և առաջ ժամանակագրություն է: Ժամանակագրություն, որի շարունակականության մեջ գոյակցում են տարբեր ժամանակային հատվածների պատկանող կենսակերպերի, մտածելակերպերի, արժեքների և մշակույթների նյութական և հոգևոր արդյունքները: Այդ ժամանակագրությունն ընդհանուր առմամբ կազմում է քաղաքի պատմական դիմագիծը` ինքնությունը:

Ընդ որում, այդ դիմագիծն ամենևին չի արտացոլում միայն ու միայն քաղաքի համար հաղթական, պատմականորեն հաճելի և ինքնասիրությունը շոյող դրվագներ, այն կարող է ազդված լինել տարբեր ժամանակաշրջաններում պատուհասած զանազան արհավիրքներից, համաճարակներից, պատերազմներից, ընդվզումներից և հեղափոխություններից: Այսպես` շատ եվրոպական փոքր և մեծ քաղաքներում կարելի է տեսնել ուշ միջնադարին պատկանող կլոր ավազաններ, որոնց կենտրոնում տեղադրված են հուշարձան-շատրվաններ: Դրանք կառուցվել են այդ քաղաքների բնակիչների կողմից` 15-18-րդ դարերի ընթացքում ժանտախտի ավերիչ համաճարակների մարումից հետո` ի երախտագիտություն փրկության և հետագա նմանատիպ արհավիրքներից խուսափելու ցանկությամբ:

Քաղաքների պատմությունը երկու վեկտորների զուգահեռ զարգացման արդյունք է` հորիզոնական և ուղղահայաց: Յուրաքանչյուր տեղ, ուր այս կամ այն ժամանակահատվածում բնակություն են հաստատել որևէ հիմքով (ցեղային, էթնիկ, հոգևոր և այլն) միավորվող խմբեր, նրանք նախ և առաջ զարգացրել են իրենց կենսակերպին, հավատալիքներին և կրոնին հատուկ, կամ ավելի ստույգ` դրանցով սնվող մտածողություն, հանրային կամ խմբային հոգեբանություն, որն իր հերթին, ժամանակի ընթացքում, ձևավորել է որոշակի արժեքային համակարգ: Այս ընթացքը կարելի է համարել հորիզոնական մշակույթի ձևավորման և զարգացման վեկտոր: Հորիզոնական մշակույթին զուգահեռ կամ չնչին ժամանակային շեղումներով զարգացել է նաև այդ մշակույթից սերող ուղղահայաց մշակույթը` վեր են խոյացել բնակելի շինություններ, պաշտամունքի տաճարներ և կոթողներ, պաշտպանական և հանրային նշանակության շինություններ, և այլն, և այլն:

Կարդացեք նաև

Այս երկու տիպի մշակույթների միջև եղել է օրգանական կապ` մեկը պայմանավորված է եղել մյուսով: Այս տեսակետից պատահական չէ, որ հաճախ որոշ զավթիչ ցեղախմբեր կամ ժողովուրդներ առաջին հերթին ավերել-փոշիացրել են զավթյալ ժողովրդի քաղաքներն ու ավանները, կրոնական ու վարչական նշանակության շինությունները, որովհետև ոչնչացնելով զավթյալ ժողովրդի ուղղահայաց մշակույթը, նրանք ցանկացել են վերացնել մշակութային, եթե կուզեք` տեսակային դիմագիծը, այլ կերպ` ինքնությունը: Մեզ այս ամենը քաջ հայտնի է մեր սեփական պատմությունից, ընդ որում` նաև ոչ վաղ անցյալի` նկատի ունենալով Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ազերիների կողմից: Որովհետև, եթե ինքնությունը տեսանելի, ընկալելի և շոշափելի չէ, ապա այն կարելի է չեղյալ համարել: Եվ որքան էլ այնուհետև իր մշակութային որոշ արժեքներ կորցրած ժողովուրդը խոսի իր կորուսյալ մշակույթի մասին, եթե այդ մշակույթը ֆիզիկապես առկա չէ, ապա օտար ականջն այդ պատմությունները հակված է ընկալել լոկ որպես առասպել: Սա ցավալի, բայց և շատ օբյեկտիվ փաստ է:

1.Ֆլորենցիայի Մայր տաճար

Հետևելով եվրոպական ուղղահայաց մշակույթի պատմությանը, մասնավորապես` հոգևոր-մոնումենտալ և քաղաքաշինական ճարտարապետության զարգացմանը` կարելի է նկատել, որ մինչև Վերածննդի շրջանը, ավելի ստույգ` մինչև 15-րդ դարի առաջին կեսը, տաճարները կառուցվել են անանուն շինարարների կողմից. շատ եվրոպական տաճարների կառուցողների անուններ հայտնի չեն պատմությանը: Շատ հաճախ այդ տաճարները կառուցվում էին միևնույն ընտանիքից սերող և իրենց արհեստի առանձնահատկությունները խիստ գաղտնիության մեջ պահող անձանց կողմից` հայր և որդի, կամ, նկատի ունենալով կառուցման տևողությունը, նաև` պապ, որդի(ներ) և թոռ(ներ):

Ընդ որում` կառուցումն ընթանում էր` առանց նախապես մշակված նախագծի: Ճարտարապետությունը` որպես ճարտարագիտական դիսցիպլին, ծագում է 15-րդ դարի առաջին կեսին, երբ իտալացի ճարտարապետ Ֆիլիպո Բրունելեսկին` Ֆլորենցիայի Մայր տաճարի վրա գմբեթ ավելացնելու նպատակով, քաղաքի թերահավատ հանրության հավանությունը ստանալու համար, ներկայացնում է գմբեթի կառուցման նախագիծ-գծագիրը: Այսինքն` ճարտարապետությունն ի սկզբանե առաջանում է ոչ միայն` որպես շինարարությունը կանոնակարգելու, այլև հատկապես` հանրությանը կառուցապատման անհրաժեշտությունը բացատրելու, հիմնավորելու և նրա հավանությունը ստանալու գործունեություն: Ասել է թե` ճարտարապետությունը բաց, հանրային գործունեություն է, ոչ միայն իր արդյունքի, այլև նախ և առաջ` իր մտադրությունների իմաստով:

Բրունելեսկիի նախագծով գմբեթի կառուցումը տևում է շուրջ 14 տարի (1420-1434)` գրեթե 10 անգամ կրճատելով նմանատիպ ծավալների շինարարության մինչև այդ հայտնի ժամկետները, ինչը ճարտարապետին հնարավորություն է տալիս իր կենդանության օրոք նկատել բացթողումներն ու ինչ-ինչ շտկումներ բերել իր գործին, մի բան, որ հնարավոր չէր վաղ Միջնադարի կոթողների պարագայում: 15-րդ դարից սկսած` նախ` Իտալիայում, ապա և` մյուս եվրոպական երկրներում, քաղաքները սկսում են զարգանալ նախապես մշակված հատակագծային գծապատկերների համաձայն` ձևավորվում քաղաքային հիմնական հանգույցների ցանցը` փողոցների, կամուրջների և ճանապարհների ենթակառուցվածքները, իսկ ճարտարապետները ջանում են կատարելության հասցնել իրենց նախագծերը, որպեսզի հանրային քննարկումներում հենց իրենց նախագծերը հավանության արժանանան:

Իդեալական քաղաքը, այդպիսով, դառնում է հորիզոնական և ուղղահայաց մշակույթների հատման կետ, որն առավելագույնս համապատասխանում է տվյալ քաղաքային համայնքների պրակտիկ պահանջներին, հարմարավետությանը, գեղագիտական և հոգևոր պահանջներին, արժեքային համակարգին, և այլն:

Պատմությանը հայտնի են ցավալի դեպքեր, երբ պատերազմների արդյունքում ոչնչացվել են ոչ միայն արժեքավոր կոթողներ, այլև` ամբողջական քաղաքներ: 1945 թվականի փետրվարին գերմանական Դրեզդեն քաղաքը ենթարկվեց անխնա ռմբակոծության, զոհվեցին հարյուր-հազարավոր անմեղ քաղաքացիներ, քաղաքը գրեթե փոշիացվեց:

2.Դրեզդենը պատերազմից հետո

1960-ականների սկզբին գերմանական կառավարությունը որոշեց վերականգնել Դրեզդենի պատմական հատվածը` Սուրբ Երրորդության տաճարն` իր շրջակայքով: Վերականգնումը տևեց մի քանի տասնամյակ` ավարտվելով 20-րդ դարավերջին: Ի՞նչ նշանակություն ուներ այդ վերականգնումը: Բնականաբար` ոչ զբոսաշրջային, ինչպես որ կշտապեն եզրակացնել շատերը: Զբոսաշրջությունն այստեղ ածանցյալ նշանակություն ունի:

3.Դրեզդենի Մայր տաճար 1948

Վերականգնումը նպատակ ուներ վերագտնել սեփական ինքնությունը և ժամանակի մեջ խարսխված սեփական արժեքները, լրացնելու համար այն ժամանակային և տարածական ունայնությունը, որ ի հայտ էր եկել նացիստների ողբերգական արկածախնդրության արդյունքում, մյուս կողմից` ապացուցելու աշխարհին, որ գաղափարական մի քանի մոլագարների ձեռքով Գերմանիայի վզին փաթաթած նացիստական գաղափարախոսությունը բնավ գերմանական արժեհամակարգի բաղադրիչ չէ:

Այս համապատկերում վերադառնանք մեր իրականությանը: Մեր մայրաքաղաքի նոմինալ տարիքը 2795 տարի է: Այս պատկառելի տարիքը ենթադրում է, որ պետք է այն հավաստող առնվազն մի քանի տասնյակ պատմական շերտեր պահպանված լինեին:

4.Դրեզդենի Մայր տաճարը մեր օրերում

Եթե նույնիսկ այստեղ շարունակաբար չի եղել քաղաքակրթական էվոլյուցիա, ապա գոնե հատվածաբար եղել է, սակայն այսօրվա Երևանը գրեթե ոչինչ չի պահպանել այդ էվոլյուցիայի հետքերից. եթե օտարները չեն ավերել, ավերել ենք (և, ցավոք, շարունակում ենք ավերել) մենք: Համենայն դեպս, Էրեբունիից մինչև ցարական Էրիվան` առկա է մի հսկայական բաց: Հնարավոր է, որ այդ ահռելի ժամանակահատվածում (շուրջ 25 դար) Երևանը ոչ մի տնտեսական, քաղաքական և մշակութային կարևորություն չի ունեցել` որպես բնակավայր, այլ եղել է հողաշեն հյուղակներից բաղկացած գյուղատիպ բնակավայր` հաշվի առնելով նաև, որ Երևանից առաջ Հայաստանի վերջին մայրաքաղաքը և խոշորագույն տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոններից վերջինը եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին, որը բյուզանդական տիրապետության, այնուհետև` սելջուկ թուրքերի արշավանքների արդյունքում անկում է ապրել 11-րդ դարում:

Իսկ եթե հաշվի առնենք Կիլիկիայի հայկական արտագնա պետության մայրաքաղաքները, ապա վերջին հայկական մայրաքաղաքն անկում է ապրել 14-րդ դարում` հայկական պետականության վերջին բեկորի կորստի հետ զուգահեռ:

17-րդ դարից սկսած` պարսկական տիրապետության տակ հայտնված, իսկ շուրջ երկու դար անց` ցարական դարձած Երևանին հաջորդել է խորհրդային Երևանը: Այս վերջինն էլ, ավերելով իրեն ժառանգություն մնացած «քաղաքային» ենթակառուցվածքը, ստեղծել է թամանյանական, ստալինյան, խրուշչովյան և բրեժնևյան ճարտարապետությունների մի խառնուրդ, որտեղ թամանյանական գեղագիտությունն աստիճանաբար իր տեղը զիջել է տգեղին, տձևին, նաև` տգետին:

Արդյոք ասվածը չի՞ նշանակում, որ Երևանի` որպես քաղաքային-ուրբանիստական միավորի ժամանակագրությունն իրականում սկսվում է գոնե ցարական Էրիվանից, իսկ գուցե` Հայաստանի Առաջին Հանրապետությունից, երբ Երևանը դառնում է մայրաքաղաք: Այս հարցի պատասխանը հավանաբար պետք է թողնել նոր սերնդի պատմաբաններին, քանի որ հին սերնդի պատմաբանները համառորեն լռության են մատնում մեր թվարկության սկզբից մինչև ցարական ժամանակաշրջանի Երևանի պատմությունը (չհաշված` մ.թ.ա 6-րդ դարից, այսինքն` Ուրարտական թագավորության անկումից մինչև մեր թվարկության սկիզբն ընկած ժամանակահատվածը), գուցե պատմական հավաստի շերտերի բացակայության պատճառով:

Բնականաբար, իրերի այս վիճակը չափազանց ձեռնտու է մեր թշնամի հարևաններին, որոնք արագորեն «իրենցով են անում» այն, ինչ մենք համարում ենք մերը, սակայն երբեմն դժվարանում ենք ապացուցել:

Արդի պատմական շրջանը ցույց տվեց, որ Հայաստանի անկախ հանրապետության պայմաններում չհաջողվեց դասեր քաղել խորհրդային անցյալից: Ոչ միայն չվերականգնվեց 19-րդ դարի Երևանը, որն այսօր կարելի կլիներ համարել Հին քաղաք, այլև քանդվեցին կամ քանդվելու վտանգի տակ են խորհրդային առաջին տասնամյակներին կառուցված պատմաճարտարապետական և գեղագիտական արժեք ունեցող շինություններ, ամենացայտուն օրինակը` Մաշտոցի պողոտայի փակ շուկան: Երբ մեր դիմագիծն օտարն էր փորձում ոչնչացնել, դա ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ երբ մենք ինքներս ենք ավերում և աղավաղում մեր դիմագիծը, դա որևէ բանական կանոնի չի ենթարկվում: Մեկ պատմական միջավայրը` իր ողջ ժամանակային, գեղագիտական, արժեքային կոլորիտով, վերացնելը և մյուսով փոխարինելն ընդհանուր ժամանակագրությանը ոչինչ չի ավելացնում, այլ` ջնջում է հին պատմությունը` այն զրոյացնելով, որովհետև ոչ թե շարունակում է դարերից եկող ժամանակագրությունը, այլ` զրոյից սկսում է նոր ժամանակագրություն:

Երբ շարունակաբար խախտվում է օրգանական կապը հորիզոնական և ուղղահայաց մշակույթների միջև, քաղաքը դառնում է ոչ թե մեկ ընդհանուր ժամանակագրություն, այլ` մի քանի կիսատ թողած` մեռած ժամանակագրությունների հավաքածու: Իսկ ցանկացած կիսատություն բերում է ունայնության, որն այնուհետև փորձում ենք լրացնել առասպելներով և նոմինալ տարեգրությամբ` ստեղծելու համար երևակայական դիմագիծ և ինքնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս