Ինչն է միավորում Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին
Անցնող շաբաթը բավական հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Մասնավորապես, իրար հաջորդելով, հարցազրույցներ տվեցին ՀՀ երկրորդ և առաջին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրանց երկուսին էլ հաջողվել է արհեստականորեն «խոսքի դեֆիցիտ» ստեղծել, և ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալով` նրանք հիշեցնում են քաղաքական դաշտում իրենց գոյության մասին: Ընդ որում, որքան արհեստական է նրանց կարծիքի սպասումը, նույնքան անբովանդակ է նրանց ասելիքը:
Տևական ժամանակ է` Հայաստանի քաղաքական կյանքը, ըստ էության, սահմանափակվում է վիրտուալ տարածության մեջ: Դրան մեծապես նպաստում են քաղաքական դաշտում ազդեցություն ունեցող բոլոր գործիչները, այդ թվում` ՀՀ երեք նախագահները և նրանց ազդեցության ծիրում գտնվող գործիչները:
Լայն իմաստով, այս գործիչների գործունեությունը հանգում է նրան, որ յուրաքանչյուրը ստեղծել է սեփական շահերը սպասարկող լրատվամիջոց կամ լրատվամիջոցների խումբ, ժամանակ առ ժամանակ «հարցազրույց» է տալիս դրանց (որպես կանոն՝ դրանք ոչ թե հարցազրույցներ են, այլ հարցազրույցի տեսքով դրա հեղինակի կամ նրա օգնականների կողմից գրված շարադրանք), պատասխանում է իր հասցեին հնչած մեղադրանքներին, ինքը մեղադրում կամ անվանարկում քաղաքական հակառակորդներին, և այդպես շարունակ: Նման կերպ են վարվում թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի պարագան նշվածներից տարբերվում է միայն ձևի առումով, քանի որ ի պաշտոնե նա ստիպված է մասնակցել զանազան միջոցառումների, ընդունելությունների ու ինչ-որ ելույթներ ունենալ:
Սակայն բովանդակային առումով՝ Ս. Սարգսյանի գործելաոճը չի տարբերվում նրա նախորդների քաղաքական վարքագծից: Մեկ ամիս անց լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հինգ տարին: Այդ ընթացքում` չհաշված հատուկենտ առիթները, Ս. Սարգսյանը, բառի իսկական իմաստով՝ որևէ մամլո ասուլիս չի հրավիրել, չի պատասխանել լրագրողների հարցերին: Հինգ տարվա ընթացքում նրա կողմից տրված ասուլիսները եղել են կամ որևէ օտարերկրյա պաշտոնյայի հետ համատեղ ասուլիսներ, կամ նախապես պլանավորված` թելադրված հարցերով ասուլիսների իմիտացիաներ: Սակայն անգամ այդպիսի ասուլիսներ տեղի են ունեցել առավելագույնը 2-3 անգամ: Ամբողջ հինգ տարվա ընթացքում:
Այսինքն` իր նախագահության ամենամեծ ձեռքբերումներից մեկը «լրատվամիջոցների ու հեռուստաեթերի ազատագրումը» համարող Ս. Սարգսյանն իրականում արել է առավելագույնը՝ լրատվամիջոցների, այսինքն` հանրության հարցերից խուսափելու համար: Ինչպես և նրա նախորդները: Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնից հեռացել է 5 տարի առաջ: Այդ ընթացքում նա որևէ անգամ մամլո ասուլիս չի հրավիրել, ընդամենը տարբեր առիթներով հարցազրույցներ կամ մեկնաբանություններ է ներկայացրել նույն լրատվամիջոցով:
Քոչարյանն, իհարկե, մամուլի համար բաց լինելու որևէ ֆորմալ պարտավորություն չունի, պաշտոնաթող նախագահ է և կարող է ընդհանրապես չխոսել: Սակայն, եթե նա ցանկանում է ցույց տալ, որ չի հեռացել քաղաքականությունից և չի ուզում «երիտասարդ թոշակառու» դառնալ (իսկ նրա բոլոր մտքերը վկայում են այդ մասին), ապա մամուլի համար բաց լինելը դառնում է քաղաքական պարտավորություն: Նույնը վերաբերում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այս հարցում, իհարկե, «ռեկորդակիր» է` կարողացել է լռել ամբողջ տասը տարի:
Բայց դրանից հետո նա վերադարձել է ակտիվ քաղաքականություն, մասնակցել է նախագահական ընտրությունների և դարձել է քաղաքական կյանքն ուղղորդողներից մեկը: Դրանով հանդերձ, Տեր-Պետրոսյանը ևս անցած հինգ տարիների ընթացքում հատուկենտ ասուլիսներ է հրավիրել, իսկ նրա վերջին ասուլիսը եղել է «միասնական շտաբում»` Վարդան Օսկանյանի և Հմայակ Հովհաննիսյանի ընկերակցությամբ:
Նույն կերպ է վարվում «կալիբրով» նրանցից ցածր, սակայն գոնե մինչև վերջերս՝ քաղաքական դաշտում մեծ կշիռ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ նրա հարաբերությունները սահմանափակվում են «այդ մասին` հաջորդ դասին» արտահայտությամբ, իսկ նրա կողմից արտահայտված հատուկենտ մտքերը ներկայացվում են սեփական էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակվող «բլից-հարցազրույցներով»:
Նշված բոլոր գործիչները, որոնք իրենց ներկայացնում են՝ որպես ժողովրդավարության անշեջ նվիրյալներ, միայն իրենց այս գործելաճով ցույց են տալիս, թե որքան հակադեմոկրատական են իրենց էությամբ: Ու, չնայած «էսթետիկական» տարբերություններին, նրանք իրականում ոչնչով չեն տարբերվում միմյանցից: Նրանցից որևէ մեկը` մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ անգամ, չի համարձակվում ուղիղ շփվել հասարակության հետ, պատասխանել ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների հարցերին, լսել մարդկանց կարծիքն իրենց մասին:
Ի դեպ, այս շաբաթ հրապարակված զեկույցում «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը թեև Հայաստանը, ինչպես նախկինում, դասել է «մասամբ ազատ» երկրների շարքում, այնուամենայնիվ, նախորդ տարվա համեմատությամբ՝ առաջընթաց է գրանցել:
«Freedom House»-ը բարձրացրել է Հայաստանին տրվող քաղաքական ազատության գնահատականը, քանի որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները խաղաղ և մրցակցային են անցել, քվեարկությունից հետո բռնություններ չեն գրանցվել, և իրական ընդդիմությունը անցել է խորհրդարան:
Իրականում, որքան միջազգային հանրության «նոմինալ» չափանիշներով Հայաստանում ժողովրդավարության մակարդակը բարձրանում է, այնքան ժողովրդավարությունը հետընթաց է ապրում ներքին` բովանդակային առումով: Հայաստանի իշխանական ու քաղաքական համակարգը ղեկավարում են մարդիկ, ովքեր օրգանապես դեմ են ազատ խոսքին և դա հանդուրժում են միայն միջազգային զեկույցներում առաջընթաց արձանագրելու համար: