
Պենտագոնը ցամաքային մարտական ռոբոտների համար մշակում է «զինվորական ուղեղ»

CNews-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բանակի գիտնականները մարտական ռոբոտների համար մշակում են «ուղեղ», ինչի շնորհիվ նրանք կարող են մարտական բարդ պայմաններում վստահաբար տեղաշարժվել և կատարել ձայնային հրամաններ: Խոսքը գնում է «զինվորական ինտելեկտի» հավաքման մասին, այսինքն՝ տեղանքում ինքնուրույն տեղաշարժվելու, տակտիկական հնարքներ կիրառելու, այլ ռոբոտների հետ շփվելու, ձայնային հրամաններ ընկալելու մասին:
Ռազմական գիտնականները կարծում են, որ այդ ամենը բավական է հրամանատար-մարդու և նրան ենթակա-մեքենայի միջև ավելի անվտանգ ու պարզ փոխգործակցության հաստատման համար: Ցայժմ ստեղծված ռոբոտները պահանջում են օպերատորի մշտական վերահսկողություն, և եթե անօդաչու թռչող սարքերի ոլորտում առկա է որոշակի առաջընթաց՝ անցում կատարելու համար կիսաավտոմատ մեքենաներին, ապա ցամաքային մարտական ռոբոտների հարցում առաջընթացը շատ ավելի դանդաղ է: