Սիրիան Թուրքիային մեղադրել է տնտեսական ահաբեկչության ու ծովահենության մեջ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Թուրքիային մեղադրել է Սիրիայի հանդեպ տնտեսական ահաբեկչություն իրականացնելու մեջ:
Սիրիացի դիվանագետի խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը, օգտվելով Սիրիայի ժողովրդի տառապանքներից, զբաղված է տնտեսական ահաբեկչությամբ ու ծովահենությամբ՝ Հալեպ քաղաքից իր տարածք բերելով մոտ 1500 միավոր արդյունաբերական ու դեղագործական սարքավորում:
Ջաֆարին պահանջել է, որ ՄԱԿ ԱԽ-ն արձագանքի այդ փաստերին և պնդի, որ Թուրքիան դրանք հետ վերադարձնի իրենց օրինական տերերին ու փոխհատուցում վճարի նրանց: Ջաֆարին հավելել է, որ Թուրքիայի հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում խաթարել Սիրիայի ժողովրդի բարեկեցությունը և դատապարտման կարիք են զգում.
«Թուրքիայի վարչապետը մեծ փարիսեցի է, և ընդհանրապես նրանց ողջ կառավարությունը փարիսեցիաբար և թշնամաբար է տրամադրված մեր ժողովրդի հանդեպ: Ցավալի է, որ Էրդողանն իմպերիալիստական երկրներից պահանջում է վերադարձնել գաղութատիրության ժամանակ Աֆրիկայից տարած արժեքները, իսկ ինքն անձամբ զբաղված է հարևան երկրի դեմ տնտեսական ահաբեկչությամբ: Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի այս ապօրինությանը»:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Սիրիայի ԱԳՆ-ը նամակ էր հղել ՄԱԿ ԱԽ-ին, որում միջազգային հանրությանն իրազեկել էր ապստամբների կողմից Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մոտ 1000 ֆաբրիկաների ու ձեռնարկությունների թալանման մասին, ինչն ավելի ուշ ապօրինաբար տարվել է Թուրքիա: