
Գյումրեցի մարմնավաճառուհիների վրա արդեն 8 տոննա բենզին են ծախսել

Մոտ 1,5 ամիս հետաձգելուց հետո այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ վերսկսվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի Հրանուշին Թուրքիայի այդ քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ:
Եվ եթե գյումրեցի մարմնավաճառուհի Նարինեին մեղադրում են Հրանուշին իր հետ Թուրքիա հասցնելու ու գործի մեջ ներքաշելու մեջ, ապա երևանցի 60-ամյա Սուսաննան մեղադրվում է այսպես ասած զոհին թանկ գներով ու նիսյայով շորեր վաճառելու, նրան իրենից կախվածության մեջ դնելու , հետևաբար և մարմնավաճռության մղելու մեջ:Հիշեցնենք, որ այս տիկինը բնակվել է Տրապիզոն քաղաքում և հայտնի է Դոկտոր մականունով, քանի որ մասնագիտությամբ լինելով բուժքույր, իր ծառայութուններ է մատուցել, դեղեր ներարկել ու սեռավարակումից փրկել մարմնավաճառուհիներին:
Դատական այս նիստը տևական ժամանակ հետաձգվում էր Դոկտորի փաստաբանի պատճառով, վերջինս միջնորդություն էր ներկայացրել` խնդրելով ժամանակ տալ այդ տիկնոջ հիվանդության մասին փաստաթղթերը Թուրքայից բերել տալու նպատակով, այնուհետ հիվանդացել էր հենց փաստաբանը:
Այսօր Դոկտորն ասաց, որ ինքը հոգնել է փաստաբանից` Մելանյա Սարգսյանից ու «թազա» փաստաբան է վարձել: Կարապետ Աղաջանյան անուն-ազգանունով մեկն էլ եկավ ու ներկայացավ որպես փաստաբան, ով չէր հասցրել պայմանագիր կնքել ամբաստանյալի հետ:Այս միջնորդությունը հունից հանեց դատավոր Էդուարդ Մանուկյանին, ով հարցրեց. «Տիկին, այս գործին ո՞վ պիտի լուծում տա, ո՞վ է դատավորը, եթե ես եմ դատավորը, ո՞նց եք առանց ինձ բանակցություններ վարում»:
Տիկինն արդարացավ, թե փաստաբանը խաղեր է տալիս, մինչդեռ դատավորն ասաց, որ փաստաբանի բողոքելով էլ, խաղեր տվողը հենց իր հարազատներն են: Դատավորը կտրականապես դեմ կանգնեց ժամանակ տալ նոր փաստաբանին գործի նյութերին նոր-նոր ծանոթանալու, քանի որ դատը արդեն մոտնում է ավարտին: «Հերիք է էլի, 6 ամիս է` դատավարությունը սկսվել է, 11 նիստից 7-ը հետաձգվել է, վարչության պետն ասում է` 8 տոննա բենզին եմ ծախսել ամբաստանյալների վրա, վերջը չի կարելի էդքան վնաս հասցնել, Աբովյան քրեակատարողականից ձեզ տանել-բերելը էդքան հե՞շտ է»,- ասաց դատավորը` նիստը նշանակելով վաղը:
Նունե Արևշատյան
aravot.am