
Հոլիվուդի ադամանդե աստղերը (լուսանկարներ)

Լոս Անջելեսում անցկացված «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությունն ուշադրություն է գրավել ոչ միայն դրանում ներկայացված ֆիլմերով, այլև միջոցառմանը մասնակցող աստղերի՝ ոսկյա և ադամանդյա թանկարժեք զարդերով:
«Ոսկե Գլոբուսին» մասնակցող աստղերի մի մասը ներկայացել է այս տարվա խորհրդանիշը` Սև ջրային օձը պատկերող զարդերով: Օրինակ, դերասանուհիներ Նիկոլ Քիդմանը, Ռեյչել Ուեյցը, Էմիլի Բլանտը կրել են օձի տեսքով ապարանջաններ: Հելլի Բերիի ձեռքին եղել է արևելյան ապարանջան, իսկ Դեբրա Մեսինգը և Սալմա Հայեկը կրել են խոշոր ադամանդներով ապարանջաններ: Այս տարի նորաձև են նաև ադամանդներով և զմրուխտներով վզնոցները: Պապարացիները նման զարդեր են լուսանկարել Ջոդի Ֆոսթերի և Լի Միշելի պարանոցներին:
Այս տարի շատ նորաձև են դարձել նաև խոշոր թանկարժեք քարերով «ջահ-ականջօղերը»: Այդպիսի օղերով են «Ոսկե Գլոբուսին» ներկայացել Քելլի Օսբորնը, Նեգան Ֆոքսը և թոփ մոդել Հայդի Քլումը: Յուրահատուկ ականջօղերով է եղել նաև Ռոսարիո Դոուսոնը: Ջենիֆեր Գարները և Ջենիֆեր Լոպեսը նախապատվություն են տվել ոսկու և ադամանդի համադրությանը: Իսկ հանրահայտ Ջուլիանա Մուրը «Ոսկե Գլոբուսին» մասնակցել է դասական ոճի ադամանդե ականջօղերով: