Ոստիկանությունը պարզել է Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորների ինքնությունը
Այսօր` հունվարի 15-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, այսօր` ժամը 16.30 սահմաններում, Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի մոտ տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին 23-ամյա Դավիթ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 88 ՍՕ 488 համարանիշի և 44-ամյա Մկրտիչ Ազիզյանի վարած «ԳԱԶ 2705» մակնիշի 43 ՕՕ 854 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի վայրից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել է, որ վիրավորները «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ` Վայոց Ձորի մարզի բնակիչ 17-ամյա Տիգրան Հակոբյանն է և Երևան քաղաքի բնակիչ 19-ամյա Շառլ Մաթևոսյանը:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ «ԳԱԶ 2705»-ը կայանված է եղել, երբ «ՎԱԶ 2121»-ը բախվել է նրա հետնամասին: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր, որպեսզի հրշեջ- փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: