Ռոբերտ Քոչարյանը բացահայտել է 10 տարվա գաղտնիքը
Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցն, իհարկե, առաջին հերթին՝ վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններում նրա դերակատարությանը, ավելի ճիշտ, դերակատարության բացակայությանը: Ընդ որում, առաջին հայացքից թվում է, որ Քոչարյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արտահայտվելիս փորձել է պահպանել դրականի և քննադատության հավասարակշռությունը: Մի կողմից՝ նա ասել է, որ Սերժ Սարգսյանի հետ գործընկերներ են, ու չի ցանկանում նրան խանգարել, մյուս կողմից` այսօրվա քաղաքականությունը որակել է՝ որպես մանրածախ առևտուր: Իրականում, սակայն, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում Ս. Սարգսյանին հասցրել է, թերևս, ամենամեծ վնասը 2008 թվականի մարտի 1-ից հետո` միաժամանակ բացահայտելով, որ անցած ավելի քան 10 տարիների ընթացքում հայկական քաղաքական կյանքի ամենաարատավոր երևույթի հեղինակը հենց ինքն է: «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
1998 թվականից` Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, տասը տարի շարունակ իշխանական քարոզչությունն ամենաանողոքը գտնվում էր նրանց հետ, ովքեր որևէ կերպ խոսում էին ղարաբաղյան կլանի, ղարաբաղցիների` իշխանական համակարգում գտնվելու մասին: Իշխանական քարոզչությունը «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատում ներկայացնողներին հայտարարում էր գրեթե որպես ազգի դավաճան, ամեն ինչ մատուցվում էր այնպես, որ այդ տարանջատման հեղինակները հայաստանյան որոշակի շրջանակներ են, ու Հայաստանը «փրկելու» ազնիվ նպատակներով Երևան եկած ղարաբաղցիները ներկայացվում էին՝ որպես ազգի երկու հատվածների մեջ խրված սեպի զոհեր: Այսօր պարզ դարձավ, որ այդ սեպ խրողը հենց Ռոբերտ Քոչարյանն է: Այլ կերպ դժվար է գնահատել նրա այսօրվա հայտարարությունը: Ավելի ապաքաղաքական մոտեցում դժվար է ակնկալել մարդուց, ով տասը տարի զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, հավակնում է ներկայանալ՝ որպես բանիմաց, գիտակ, փորձառու գործիչ, ու հանդես է գալիս իր սիրելի «դիտորդի» դերում:
Ռոբերտ Քոչարյանն իր այս անկեղծ բացահայտմամբ հերթական վնասն է հասցնում ոչ միայն ղարաբաղցիներին՝ ընդհանրապես, այլև ղարաբաղցիներից Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես: 2008 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց «ղարաբաղյան կլանից» տարանջատվելու` որպես ղարաբաղցի ներկայացվելուց խուսափելու համար: Անգամ նրա կենսագրական հիշատակումներում, որպես Ս. Սարգսյանի ծննդավայր՝ հատուկ շեշտվում էր Սյունիքի մարզի Տեղ գյուղը` ղարաբաղյան ծագման մասին ստերեոտիպը կոտրելու համար: Բացի այդ, անցած հինգ տարիներին եղել են մի շարք դեպքեր, երբ բարձր պաշտոններում Ս. Սարգսյանը չի նշանակել իր նախընտրելի մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք ղարաբաղյան ծագում ունեն: Նա այդպես է վարվել հակադրվելու համար Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության միակ ու անփոխարինելի սկզբունքին, որի համաձայն՝ գրեթե բոլոր, անգամ՝ ամենաաննշան պաշտոնում նշանակումները կատարվում էին միայն թեկնածուի ծագումնաբանության մեջ ղարաբաղյան արմատներ հայտնաբերելուց հետո:
Մի խոսքով, իր այսօրվա հարցազրույցով երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանին «վերադարձրեց» ղարաբաղյան կլան, որն անկուսակցական Ռոբերտ Քոչարյանի համար համարվում է, թերևս, բոլոր ժամանակների հիմնական քաղաքական հենարանը: