Քոչարյանն «ադալժենի» է անում ու չի խանգարում Սերժ Սարգսյանի վերընտրվելու ցանկությանը

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի բերված փաստարկներից առաջինը, որը վերաբերում էր նախագահական ընտրություններում իր չմասնակցության հիմնավորմանը, թե «իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա», բավական հիմնովին է:

«Եթե նայենք այս փաստարկը՝ որպես գլխավոր պատճառ չառաջադրվելու համար, թեկուզ դիտարկելով այն էմոցիոնալ հարթակում, առաջ է գալիս մի բացասական եզրույթ, ըստ որի՝ Ռ. Քոչարյանի համար խնդիրը ոչ թե քաղաքական, գաղափարական կամ ծրագրային հարթության մեջ է, այլ հայրենակցական կամ կլանային շրջանակի, որը քաղաքական առումով ընդունելի չէ: Եթե գտնում ես, որ կառավարման սխալ ուղի է որդեգրվել, երկիրը սխալ ճանապարհով է գնում, ապա պետք է մասնակցես, փորձես իրականացնել քո պատկերացումները, և ոչ թե չառաջադրվես»,- մասնավորեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին համարում է վաղեմի գործընկեր, ինչո՞ւ նա չսատարեց գործող նախագահին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բարդ հարց է: Ես չգիտեմ, թե Քոչարյանը որքանով է ընդունում այս հինգ տարիների կառավարումը, արդյունավետ համարում Սարգսյանի նախագահությունը և այլն: Բայց ցանկացած դեպքում էլ խնդիրը գնում է ոչ թե նրա մասին, որ քաղաքական պայքարի արդյունքում իշխանության կողմից թեկնածու է առաջադրվել ու հաղթել, այլ, ըստ էության, ենթատեքստում ես տեսնում եմ, որ Քոչարյանն ակնարկում է, որ ինքն է Սերժ Սարգսյանին հռչակել որպես իրավահաջորդ։ Եվ հիմա էլ, քանի որ Սերժ Սարգսյանը վերըտրվելու ցանկություն է հայտնել, ինքը չի առաջադրվում: Ռուսերենում լավ բառ կա՝ «ադալժենի»: Հիմա Ռ. Քոչարյանը «ադալժենի» է անում, ու չի խանգարում Սերժ Սարգսյանի վերընտրվելու ցանկությանը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի չմասնակցության հաջորդ բացատրությանը, թե ինքը չէր ցանկանում մասնակցել «իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը», «Ժառանգության» փոխնախագահը շեշտեց. «Կարծես տպավորություն է, որ պայմանավորվածություն կա երեք նախագահների միջև՝ միմյանց դեմ թեկնածություն այլևս չդնելու մասին: Նման պայմանավորվածությունը պետությանը դեմ է: Ի՞նչ է՝ երեք նախագահները չե՞ն կարող իրավական շրջանակներում պայքարել, որ պայքարելով պետության համար վտանգ առաջացնեն»:

Նա հավելեց նաև, որ երկրորդ նախագահի տեսակետը, թե քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի, հետևանքն է կառավարման սխալ համակարգի, ինչպես նաև ընտրություններերը ծրագրային ու գաղափարական մրցակցություն չհամարողների առկայությամբ:

Տեսանյութեր

Լրահոս