Ի՞նչ է թուրք երիտասարդը փնտրում համացանցում
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ «Աքադեմետրե» հետազոտական ընկերությունը «Ինտել» կորպորացիայի պատվերով հարցախույց է անցկացրել 3000 թուրք երիտասարդների շրջանում: Հետազոտությունը կոչված է եղել պարզելու, թե ինչպես է երիտասարդությունն առօրյա կյանքում օգտագործում տեխնոլոգիաները:
Նշվում է, որ թուրքական յուրաքանչյուր չորրորդ տուն ունի համակարգիչ: Աղջիկները նախընտրում են նոթբուքեր, իսկ տղաները՝ սովորական համակարգիչներ: Բացի այդ, աղջիկներին ավելի շատ են դուր գալիս պլանշետները: Երիտասարդներն օրական համակարգչի առջև անցկացնում են 5.5 ժամ:
Հարցվածների 65 տոկոսը համակարգիչը գործածում է որպես շփման ու զվարճության միջոց: Նրանք ինտերնետի օգնությանն են դիմում նաև լուրեր փնտրելու և տեղեկատվություն ստանալու համար: Իրենց սմարթֆոններին նրանք միջին հաշվարկով օրական հատկացնում են 128 րոպե: Ուշագրավ է, որ տղամարդիկ հեռախոսով կանանցից ավելի շատ են խոսում (110 րոպե 104-ի դիմաց):
Հարցվածների 2/3-ը խոստովանել է, որ չի կարող հրաժարվել համակարգչից օգտվելուց: Գյուղական շրջանների բնակիչների թվում ավելի մեծ տոկոս են կազմում ինտերնետային խանութներից գնումներ կատարողների քանակը՝ համեմատած քաղաքի բնակիչների հետ (22 տոկոս և 19 տոկոս):
Հարցվածների 8 տոկոսն ավելի շուտ ինտերնետ է մտնում, քան հասցնում է գնալ արտաքնոց, իսկ 5 տոկոսն էլ համացանց է մտնում առանց անկողնուց վեր կենալու: Համացանցից հիմնականում օգտվում են սոցցանցերում շփվելու համար (55 տոկոս), նորություններ ընթերցելու համար (40 տոկոս) և տեղեկատվություն փնտրելու համար (39 տոկոս):